Հանդիպում նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ

Հունիսի 9-ի երեկոյան «Արմատներ» կենսակենտրոնը ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանին հրավիրել էր երիտասարդների հետ հանդիպման: Անկաշկանդ մթնոլորտում քննարկվեցին մշակութային ոլորտին առնչվող հարցեր: Ներկաները հնարավորություն ունեցան անմիջապես նախարարից ստանալու վերջին օրերին նրա անձի շուրջ զարգացող տարատեսակ լուրերի պարզաբանումները:

Ստորև հակիրճ ներկայացնում ենք հնչած հիմնական հարցերը և նախարար Սերգեյ Շահվերդյանի պատասխանները:

Մշակութային արդյունքի շուկայականացման մասին.

– Նախարարի կողմից իրականացվող մշակութային քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը մշակութային արդյունքի շուկայականացումն է: Մշակույթը թանկ հաճույք է, և հոգևոր սնունդը նույնպես ունի իր գինն ու արժեքը: Յուրաքանչյուր մշակութային միջոցառմանը ներկա գտնվելու համար պետք է վճարել՝ այսինքն տոմս գնել և ոչ թե պայքարել հրավիրատոմսեր ձեռք բերելու համար: Տոմսերի վաճառքը հնարավորություն է տալիս համերգաթատերային համույթներին ֆինանսական ինքնուրույնություն ձեռք բերել և նվազեցնել պետությունից կախվածությունը: Միևնույն ժամանակ խթան է հանդիսանում ինքնակատարելագործման, հանդիսատեսի առաջ պատասխանատվության աստիճանի բարձրացման համար: Միաժամանակ մշակվում են նաև պահանջարկի խթանման մեխանիզմներ՝ սոցիալապես անապահով խավերի, դպրոցականների և ուսանողների համար հատուկ ծրագրեր են մշակվելու:

Թատրոնի գույքը տուն տեղափախելու մասին.

– Անցած տարվա աշնանը թատրոնի 1950-ական թվականների ռեկվիզիտ հանդիսացող բազկաթոռ, երկու բազմոց, մեկ գորգ եւ մեկ հայելի նախարարի հրահանգով տեղափոխվեցին նախարարության Շուշիի նստավայր՝ հանրային տարածքները կահավորելու նպատակով: Թատրոնի շենքի վերականգնումից հետո այդ գույքը կվերադարձվի թատրոնին:

Միջավայրի գեղագիտական ձևավորման հարցում նախարարության դերակատարման մասին.

– Նախարարին կից ձևավորվում է գեղարվեստական խորհուրդ՝ որպես խորհրդատվական մարմին: Այս պահին ուսումնասիրվում է նախարարության իրավասությունների շրջանակը վերոհիշյալ հարցում: Մինչ այս պահը միջավայրի գեղագիտական ձևավորման համար պատասխանատու է տեղական ինքնակառավարման մարմինը:

Աշխատակազմի ղեկավարին պաշտոնից ազատելու մասին

– Աշխատակազմի ղեկավարին նախարարը գործից չի ազատել: Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է և, գնահատելով նրա հմտություններն ու փորձը, նրան առաջարկվել է համապատասխան այլ աշխատանք՝ պահպանելով աշխատավարձը: Առաջարկը նախ նրա կողմից ընդունվել է, ապա վերջնականապես մերժվել: Ի դեպ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնը քաղծառայության բարձրագույն պաշտոն է, նշանակվում է մրցութային կարգով՝ քաղծառայության խորհրդի որոշման հիման վրա և իրականացվում է անկախ աշխատակիցների կարծիքներից:

Հրաժարականի շուրջ պտտվող լուրերի մասին.

– Նախարարը պատրաստ է հրաժարվելու իր պաշտոնից՝ եթե դրա համար առաջանան քաղաքաքական դրդապատճառներ կամ հասարակական ընդգծված պահանջարկ:

aparaj.am

Տպել Տպել