Արթուր Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ-ի ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 8-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարն իր գոհունակություն է հայտնել, որ ԱԶԲ-ն հետաքրքրություն է դրսեւորում գյուղատնտեսության եւ գյուղմթերքի վերամշակման ոլորտներում։ Շեյն Ռոզենտալը նախարարին է ներկայացրել Հայաստանում ԱԶԲ –ի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, ինչպես նաեւ տեղեկացրել, որ Ասիական զարգացման բանկի վարկային պորտֆելում սուվերեն վարկերին զուգահեռ մեծանում են նաեւ մասնավոր հատվածին տրամադրվող վարկերի ծավալը։

Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները եւ պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը` նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր ֆերմերներին աջակցությանը: Գյուղատնտեսության հետագա զարգացման համար նախարար Արթուր Խաչատրյանը կարեւորել է նաեւ գյուղացիական տնտեսությունների միավորումը եւ կոոպերացիայի խթանումը:

Առանձին անդրադարձ է կատարվել ոռոգման ժամանակակից համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, գյուղմթերքի ամբողջական արժեշղթայի ձեւավորմանը եւ շուկայահանմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը, կենդանիների հաշվառմանը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել Տպել