Իշխան Սաղաթելյանը կարևորում է համայնքապետարանների թափանցիկ ու հրապարակային աշխատանքը

Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ողջ կազմին: Վարչության պետ Վանիկ Հարությունյանը ներկայացրեց վարչության հիմնական գործառույթները, ոլորտի կարևոր անելիքները, ինչպես նաև համայնքներում կուտակված ու հրատապ լուծում պահանջող խնդիրները:

Լսելով վարչության պետին և աշխատակիցներին՝ մարզպետը կարևորեց համայնքերում կուտակված խնդիրների վերհանումը և հրապարակային ու թափանցիկ աշխատանքի ապահովումը: «Յուրաքանչյուր համայնքի ամեն մի բնակիչ պետք է իմանա, թե որ ուղղությամբ է ծախսվում իր մուծած հարկը, ինչպես նաև համայնքի բյուջե մուտք եղած մյուս գումարները: Եթե բնակիչները պարզ տեսնում են, որ այդ գումարները բացառապես ծախսվում են համայնքի կարիքների համար, ապա տեղական իշխանության նկատմամբ շատ ավելի է բարձրանում վստահությունը: Մյուս կողմից, համայնքների աշխատակազմերում չպետք է պահվեն հաստիքներ, որոնք հիմնական նպատակներին չեն ծառայում, ինչպես ասած՝ մի համայնք անասնաբույժի հաստիք չի պահում, բայց փոխարենը համայնքի ղեկավարի խորհրդական կամ իրավաբան է պահում: Հարկավոր է ավելի հետևողական աշխատանքներ տանել ամեն մի համայնքի հետ՝ ինչպես համագործակցության, այնպես էլ վերահսկողական գործառույթների իրականացման առումով: Գոյացած ամեն մի միջոց, սկսած տեղական հարկերից և վերջացրած պետբյուջեի հատկացումներով կամ այլ ներրդրումներով, պետք է բացառապես ծառայեցվի համայնքների զարգացմանը, կուտակված հիմնախնդիրների լուծմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Ձեզանից ակնկալում եմ արդյունավետ, նպատակամղված ու օպերատիվ աշխատանք»-հրահանգեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Մարզպետարանների մյուս ստորաբաժանումների հետ մարզպետ Իշխան Սաղաթելյանը կհանդիպի մոտակա աշխատանքային օրերի ընթացքում:

gegharkunik.mtad.am

Տպել Տպել