ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների կգնա միայնակ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները երբ կլինեն՝ նշելով, թե ինքն ընդհանրապես քաղաքականության մեջ գուշակություններով զբաղվելու կողմնակից չէ:

Միևնույն ժամանակ նա ասաց, որ որևէ գործընթաց, երբ հասնի իր տրամաբանական եզրահանգմանը, այսինքն՝ փոխվի «Ընտրական օրենսգիրքը» և այլն, նոր կարելի է խոսել ընտրությունների մասին:

«Միայն այդ գործընթացի եզրափակումը ցույց կտա, թե ընտրությունները երբ կլինեն, ինչ ֆորմատով կլինեն։ Այսօր չեմ կարող օր ու ժամ ասել, եթե կա մի քաղաքական գործիչ, որն այս պահին կարող է ադեկվատ ասել, թե կոնկրետ երբ կլինեն ընտրությունները, ապա կառաջարկեմ նոր Նոստրադամուսի կոչում տալ նրան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ խորհրդարանում փոքրամասնություն դառնալուն, ապա Սեյրանյան ասաց, թե ինքը չի կարող ասել, որ որևէ այլ քաղաքական ուժի կամ խմբակցության մեջ տեղի ունեցող գործընթացներն ինչ միտում ու նպատակ ունեն։

Սպարտակ Սեյրանյանի խոսքով՝ ՀՅԴ-ն հակված է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների ամբողջական փաստաթուղթը քննարկել և գալ այն կոնսենսուսին, որը ցանկացած ընտրությունից հետո քաղաքական ուժերի ու ամենակարևորը՝ հասարակության մեջ կվերացնի ընտրությունների նկատմամբ անվստահությունը:

Նա հավաստիացրեց՝ ժամկետները, թե այս գործընթացը վերջանական տեսքի երբ կգա, իրենց համար շատ էական նշանակություն չունի:

Սպարտակ Սեյրանյանը հավելեց, թե անկախ խորհրդարանական ընտրությունների կայացման ժամկետներից, ՀՅԴ-ն ընտրությունների գնալու է միայնակ, ինչպես եղել նախկին բոլոր ընտրություններում: Նա չհերքեց, որ խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելը ոչ բոլորի մոտ ընդունված քաղաքական դիրքորոշում է, բայց, իր գնահատմամբ, դա քաղաքական քննություն է կուսակցության համար:

«Կարծում եմ՝ ցանկացած քաղաքական ուժ, գոնե խորհրդարանական ընտրություններին, պետք է գնա միայնակ, գուցե իմ մոտեցումն այնքան էլ ընդունված քաղաքական մոտեցում չէ, բայց խորհրդարանական ընտրությունները լավագույն քննությունն են տվյալ քաղաքական ուժի համար, թե ինքն ինչ վարկանիշ ունի քաղաքական դաշտում ու հասարակության մեջ: Առաջիկա ընտրությունները չգիտեմ, թե երբ կլինեն, բայց ՀՅԴ-ն ընտրությունների կգնա միայնակ և կստանա այնքան քվե, որքան իր աշխատանքով ու քաղաքական գործունեությամբ վաստակած կլինի»,- ընդգծեց Սպարտակ Սեյրանյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավորը, պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն 2017 թ. կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքած 7% ձայներից կորուստ չի՞ ունեցել, հաշվի առնելով, որ կոալիցիայի մեջ է եղել մի կուսակցության հետ, որի իշխանությունից հեռացնելը դարձավ համաժողովրդական շարժման հիմք, հիշեցրեց, որ Դաշնակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1999 թ.-ից և բոլոր ընտրություններից հետո եղել է խորհրդարանում:

«Մինչ այդ եղած խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունը չի մասնակցել, որովհետև արգելված, փակված կուսակցություն էր: Այդ խորհրդարանական ընտրություններից մինչև հիմա տեղի ունեցած բոլոր խորհրդարանական ընտրություններին մասնակցել է միայնակ՝ որպես առանձին քաղաքական ուժ: Դաշնակցությունն այն բացառիկ քաղաքական ուժն է, որ այդ բոլոր խորհրդարաններում ունեցել է խմբակցություն»,- եզրափակեց Սպարտակ Սեյրանյանը:

Տպել Տպել