- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ընտրակաշառքը, վախն ու պարտադիրը մերժելի են

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.

Հարգելի հայրենակիցներ

Դեռևս 2013թ. Նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ ԳՄ հայտարարությունում քաղաքական օրակարգ էին բերվել բոլորիս հայտնի յոթ կետերը, հիմնախնդիրներ, որոնց առաջադրմամբ և լուծմամբ կարող էինք ստեղծել երկրի բնականոն, անվտանգ և թռիչքային զարգացման հնարավորություն:

Այդ հիմնախնդիրներից են.

– Ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձևավորումն ու փոփոխությունը երաշխավորող ընտրական համակարգ, բացառել ընտրակաշառքը, պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը, անցում կատարել խորհրդարանական 100 տոկոս համամասնական ընտրության:

– Հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը և այլն:

Այս և մյուս հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը հստակորեն ձևակերպված են նաև նոր կառավարության գործունեության ծրագրում: Առաջնահերթ է հռչակվել ընտրակաշառքի մերժման մթնոլորտում ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի հպարտ քաղաքացիներ, մենք պետք է մերժենք ընտրակաշառքի բոլոր տարբերակները՝ նաև բարեգործության անվան տակ՝ ցուցակներով, ծրարներով օգնություն բաժանելու ձևաչափով: Մենք ոչ մեկին թույլ չենք տալու տարբեր ձևերով ընտրակաշառք առաջարկելով՝ նսեմացնել մեր արժանապատվությունը:

Քաղաքական ուժերն սկսելու են պատրաստվել այդ գործընթացին՝ փորձելով քարոզարշավի թե նոր մեթոդներ, թե հին ՝ նոր փաթեթավորումով: Եվ սկսելու են օր առաջ:

Հարգելի հայրենակիցներ, մենք ունենք արդեն արձանագրված երկու խոշոր հաղթանակներ.

– 2015թ. դեկտեմբերին Դաշնակցության էական դերակատարմամբ ընդունվեցին սահմանադրական փոփոխություններ:

Եթե չփոխվեր սահմանադրությունը, եթե կառավարման համակարգը մնար նույնը, ու ընտրվեր նոր նախագահ՝ ով ուզում էր նա լիներ, պետք է ունենայինք որոշումների կայացման կենտրոնացում մեկ անձի ձեռքում: Չպետք է մոռանանք, որ այդ ժամանակ գործող սահմանադրությամբ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ կարող էին հանդես գալ միայն կամ նախագահը, կամ խորհրդարանական մեծամասնությունը, որը նույն թիմն էր: Եվ եթե հենց այդ ժամանակ նրանք չգնաին նման նախաձեռնության, ապա կունենայինք նոր նախագահ, որն ընտրվելուց հետո դժվար թե դիմանար տաս տարի անընդմեջ միանձնյա որոշումներ կայացնելու գայթակղությանը, որի վտանգները մենք շատ լավ զգացել ենք մեր կյանքում:

Այս կարևոր հաղթանակը նախադրյալներ ստեղծեց, որպեսզի 2018թ-ի ապրիլից խորհրդարանական համակարգի լիարժեք հաստատումից հետո սկսվի պայքար ու գրանցվի երկրորդ, ավելի մեծ ու նշանակալի հաղթանակը:

Այսօր արդեն մենք ունենք ժողովրդի կամքով ընտրված վարչապետ, ժողովրդի վստահության քվեի վրա հենված՝ նրա կողմից ձևավորված կառավարություն, ծրագիր:

Հարգելի հայրենակիցներ, եկել է մեր հաղթանակների արձանագրման ամենակարևոր փուլը՝ երրորդ փուլը: Արտահերթ ընտրությունների արդյունքում պետք է ձևավորենք այնպիսի խորհրդարան, որում չլինի քաղաքական մենաշնորհ՝ իր անցանկալի հետևանքներով:

Դիմում եմ շարժման ակտիվ մասնակիցներին, երիտասարդներին, հիմնականում երևի մինչև 45 տարեկան:

Հարգելիներս, պետք է կարողանանք ազատ, անկախ, արդար Հայաստանի պայքարի համար Ձեր անհաղթահարելի ոգին տեղափոխել Երևանի կենտրոնից մինչև ամենահեռավոր համայնք ու բնակավայր, պետք է այնպես անենք, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ իր քվեն ուժ ունի, որ անթույլատրելի է ընտրակաշառքի դրսևորման յուրաքանչյուր ձև՝ որպես ընտրակաշառք ցուցակներով ծրարներով գումար բաժանելուց մինչև այնպիսի բարեգործություն, որը կարող է ազդել մարդկային հոգեբանության վրա, կարող է կախման մեջ գցել մարդուն այդ բարեգործությունից և դրանով խեղաթյուրել ընտրության ճիշտ ընթացքը:

Անթույլատրելի է նաև վախի կամ պարտադրանքի մթնոլորտում ընտրության գնալը:

Ընտրակաշառքը, վախն ու պարտադիրը մերժելի են: