ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ Գլխավոր դատախազի հետ

Օրերս ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հանդիպում են ունեցել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

ՀՅԴ ներկայացուցիչները իրենց մտահոգությունն են հայտնել, որ ավելի քան հինգ տարի տևող նախաքննության ընթացքում այդպես էլ դեռ բացահայտված չէ Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործը:

ՀՀ գլխավոր դատախազը վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ, ձեռնարկվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն մինչ օրս, ցավոք, հանցագործությունը բացահայտված չէ:

Պարոն Դավթյանը վստահեցրել է նաև, որ հետևողական են լինելու գործի բացահայտման հարցում և տեղեկացրել է, որ արդեն իսկ համապատասխան հանձնարարական է տվել ոչ միայն գործող քննիչին, այլև ՀՀ ԿԱ ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու համար:

ՀՅԴ ներկայացուցիչները նշել են, որ ակնկալում են գործի շուտափույթ բացահայտում և հույս են հայտնել, որ իրավապահ մարմինների հետևողական ջանքերը արդյունք կտան:

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
25.06.2018 թ.

Տպել Տպել