Երիտասարդները կներգրավվեն մարզի զարգացման ծրագրերում

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը մարզպետարանում ընդունեց ՄԱԶԾ «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում ծրագրի՝ երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ղեկավարին և աշխատակցին: Հանդիպման նպատակն էր՝ մարզի ղեկավարին ներկայացնել «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը Գեղարքունիքի մարզում մեկնարկել է այս տարվա ապրիլին: Ըստ «երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ղեկավար Լիաննա Դոյդոյանի՝ ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Այն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի առաջնային խնդիրներից է՝ կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ նոր լուծումներ գտնելու զբոսաշրջության զարգացման և խթանման համար: Այստեղ կարևորվում է նաև ենթակառուցվածքների ստեղծումը գյուղական համայնքների կառավարման և զարգացման տեսանկյունից, ինչպես նաև երիտասարդների ներգրավումը ծրագրերի իրականացման գործում:

«Գավառի պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում մենք կարողացանք ընտրել «սերվիս» բաժինն ավարտած ակտիվ երիտասարդների, ովքեր կարող են համագործակցել մարզպետարանի համապատասխան բաժնի հետ՝ իրականացնելով մարզի զարգացման ծրագրեր: Այս տարվա համար նախատեսել ենք ներդրումներ կատարել Նորատուսի և Արծվաքարի պանրի արտադրամասերում, Կարմիրգյուղի գորգագործական ֆաբրիկայում և տուրիստների հոսք ապահովել Կալավան և Դրախտիկ հմայնքներում»,-նշեց Լիաննա Դոյդոյանը:

«Ես միշտ նշել եմ, որ Գեղարքունիքի մարզի զարգացման կարևորագույն ուղղությունները գյուղատնտեսությունն ու տուրիզմն են: Պետք է մտածենք ձմեռային տուրիզմի զարգացման մասին, քանի որ ամառային տուրիզմի տևողությունը շատ կարճ է: Ձմեռային տուրիզմի զարգացման համար հարկավոր է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի և՛ ներդրողների, և՛ զբոսաշրջիկների համար մարզը դառնա գրավիչ: Ես ողջունում և խրախուսում եմ այն նախաձեռնությունը, որով երիտասարդներն այս ծրագրերում ներգրավվելու հնարավորություն են ձեռք բերում: Այստեղ մենք շատ անելիքներ ունենք և պատրաստ ենք՝ ամբողջությամբ համագործակցելու»,-ամփոփեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Գեղարքունիքի մարզպետարան

Տպել Տպել