Արամ Մանուկյանի արձանը տեղադրվեց

Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները ոչ միայն չեն դադարեցվել, այլև երկու օրից արձանն արդեն տեղադրված կլինի նախապես որոշված վայրում` Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:

Ճարտարապետ Համլետ Մարտիրոսյանը, ով այս պահին գտնվում է արձանի տեղադրման վայրում, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Քաղաքաշինության կոմիտեի տարածած հայտարարությանը, ասաց, որ հանրային քննրակում լինում է արձանի տեղադրության վայրը որոշելու ժամանակ: «Բայց չէ՞ որ հայտարարվել է մրցույթ, արդեն քաղաքապետարանի ավագանին որոշել է, որ այս վայրում պետք է լինի արձանը: Մրցույթի առաջին փուլում ոչ ոք չի հաղթել, երկրորդ փուլի հաղթողը սկսել է իր աշխատանքները. աննախադեպ քանդակ է` երեք գույնի քարով: Այսօր նաև բրոնզաձուլվածն է տեղադրվում»,- ասաց Մարտիրոսյանը:

Նշենք, որ արձանի տեղադրման աշխատանքները գրեթե ավարտված են, մեկ-երկու օրվա աշխատանք է մնացել:

Ինչ վերաբերում է Քաղաքաշինության կոմիտեի հայտարարությանը, թե հեղինակային իրավունք է խախտվել, Մարտիրոսյանն ասաց. «Մետրոյի համալիրը Ջիմ Թորոսյանի և Ռազմիկ Մինասյանի հեղինակածն է` 50-50 տոկոսով: Հեղինակներից մեկը` Ռազմիկ Մինասյանը, ողջ է և տվել է իր համաձայնությունը, իսկ Ջիմ Թորոսյանը ողջ չէ: Հեղինակային իրավունքների մասով որևիցե խնդիր չկա, ինքը` նախագծողը, որը համահեղինակ է Ջիմ Թորոսյանի հետ, իր դրական եզրակացությունը տվել է»:

Ճարտարապետը հավելեց, որ Կոմիտեի տարածած հայտարարության մեջ հիմքեր չի տեսնում: Իսկ որ մշակույթի նախարարության թույլտվությունը չկա, նա ասաց, որ տարածքը հուշարձանների ցուցակում չկա, այստեղից էլ բխում է, որ մշակույթի նախարարությունը օրենքով միջամտելու իրավունք չունի:

Ճարտարապետը ցույց է տալիս հարակից շենքը, որը պահպանվող հուշարձանների շարքին է պատկանում և նշում. «Հուշարձան շենքի վրա շինարարություն են արել, մեկ հարկ բարձրացել են, ևս մեկ հարկ բարձրանում են: Այս համալիրի տարածքին եթե նայենք, կտեսնենք` ինչ աղբավայր է: Ինչի՞ համար վերջին 20 տարում սրա մասին ոչ ոք չի հետաքրքվում` ինչ խայտառակ վիճակ է այստեղ տիրում»,- հարց բարձրացրեց նա:

Տպել Տպել