Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են հանգստյան սեզոնի բացմանը

Հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը խորհրդակցություն անցկացրեց հանգստյան սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Ոստիկանության, ՀՀ ԱԻՆ մարզային և Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, «Սևան» ԱՊ տնօրենը, Սևանի քաղաքապետը:
Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ մի քանի օրից մարզում մեկնարկում է հանգստյան սեզոնը, որի ընթացքում սպասվում է մեծաքանակ զբոսաշրջիկների հոսք, որի դեպքում և ի հայտ են գալիս հասարակական կարգի պահպանման, մարդկանց կյանքի անվտանգության ապահովման, առողջապահական, շրջակա միջավայրի մաքրության պահպանման և այլ խնդիրներ: Դրա համար հարկավոր է բոլոր ուղղություններում ապահովել հանգստյան սեզոնի անվտանգ ու պատշաճ սպասարկում:

«Սևան» ԱՊ տնօրենի ներկայացմամբ՝ հանգստյան սեզոնի մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին՝ հանրային չորս լողափերում, որոնք պատրաստ կլինեն ընդունել հանգստացողներին: ՀՀ Ոստիկանության և ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների ղեկավարների զեկուցմամբ՝ իրենց ծառայությունները պատրաստ են՝ իրականացնելու հասարակական կարգի պահպանումը և հանգստացողների անվտանգությունը: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետն իր հերթին զեկուցեց հանրային լողափերում և Երևան – Սևան մայրուղու նախատեսված հատվածում շուրջօրյա բուժսպասարկման հերթապահ կետեր տեղադրելու մասին:

Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշեց, որ քննարկվող հարցերի կողքին հարկավոր է առանձնակի ուշադրություն դարձնել նաև շրջակա միջավայրի մաքրության պահպանման վրա՝ մշտապես ապահովելով աղբահեռացումը: «Մենք սպասում ենք զբոսաշրջիկների և հովեկների մեծ հոսքի, որի համար անհրաժեշտ է պատշաճորեն կազմակերպել նրանց հանգիստն ու ժամանցը: Դա պետք է անենք համագործակցված և ամենօրյա աշխատանքով: Այս առումով համատեղ կկազմակերպենք շրջայցեր հանրային լողափերում և ջրային տարածքներում ու առաջացված խնդիրներին կտանք անհրաժեշտ լուծումներ: Շատ անհրաժեշտ է, որ Սևան քաղաքում հիմնվեն ժամանցի վայրեր, որպեսզի մի կողմից քաղաքը զբոսաշրջիկների ավելացող հոսքի հաշվին զարգանալու հնարավորություն ունենա, իսկ հովեկներն ու զբոսաշրջիկները՝ ակտիվ հանգստի և ժամանցի անցկացման հնարավորություն», -ասաց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել