ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը հունիսի 28-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստի ժամանակ ներկայացրել է խմբակցության տեսակետը ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին:

«Դաշնակցություն» խմբակցությունը՝ ուսումնասիրելով ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գտնում է, որ իրոք վերջին տարիներին ԼՂՀ կառավարությունը նպատակային աշխատանքներ է կատարել տնտեսական զարգացմանը նպաստող բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես իրական քայլ է կատարել գործարարների և սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանվածության , հարկային վարչարարության մեղմացման, գյուղին և գյուղատնտեսությանը, պետական աջակցության ուղղությամբ:

«Դաշնակցություն» խմբակցությունը կարևոր է համարում նաև Արցախի Հանրապետությունում տնտեսական աճի դինամիկ զարգացումը, մասնավորապես վերջին 10 տարիներին ապահովված ՀՆԱ 9-10 % տնտեսական աճը: Ունենալով սոցիալ-տնտեսական ուղղվածության բյուջե՝ կարող ենք արձանագրել, որ 2017 թ-ի բյուջեն ևս չի առանձնանում իր սոցիալ-տնտեսական ուղղվածությունից:

Ողջունելի է 2017թ-ի բյուջեի հարկային եկամուտների աճը 2016թ-ի համեմատ:

Կատարողականի հաշվետվությամբ տնտեսության ընդհանուր բնութագրությունը խմբակցությունը գնահատում է կայուն և տոկոսային համեմատությամբ զարգացող:

Նշված ներկայացված ֆինանսական փաստերի հետ միասին խմբակցությունը ուշադրություն է դարձնում հետևյալ հանգամանքներին՝

1.Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում կարևոր է՝ որպես դինամիկ զարգացող երկրի փաստաթուղթ, բացի անվանական ՀՆԱ –ի և դրա ֆինանսական իրական ծավալների արտացոլումից, ներառված լինի նաև տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշները:

Հաշվի առնելով, որ վերջին տարիներին իշխանությունների կողմից մշտապես կարևորվել է նաև առողջապահության.կրթության և մշակույթի ոլորտների զարգացումը, գտնում ենք անհրաժեշտ է նաև ներառել մարդկային զարգացման ինդեքսի, մասնավորապես կյանքի սպասվող տևողության, կրթության մակարդակի և մարդկանց կենսամակարդակի վերաբերյալ ցուցանիշներ՝ թույլ տալով նաև բնութագրել երկրի տնտեսության որակական կողմերը:

2.Տեսանելի է, որ բյուջեի կատարողականի հաշվետվութան վերլուծությունը մեծամասամբ արտացոլում է եկամուտներն ու ծախսերը: Բացակայում է ՀՆԱ-ում արտացոլված ճյուղերի ենթաճյուղերի դասակարգման վերլուծությունը, մասնավորապես ճյուղերի ենթաճյուղերի աճին նպաստող գործոններն ու անկում ունեցած ենթաճյուղերի պատճառները:

3.Ուսումնասիրելով պահուստային ֆոնդի ծախսերը, եկել ենք այն եզրահանգման, որ պահուստային ֆոնդի ծախսերի մի մասը ցույց են տալիս տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի պլանավորման աշխատանքներում գործադիրի գերատեսչությունների առավել մասնագիտական և խորը բյուջետային պլանավորման անհրաժեշտությունը: Օրինակ՝ ինչու պետք է Մոնթե Մելքոնյանի 60-ամյակի կազմակերպման միջոցառման ֆինանսավորումը կատարվի պահուստային ֆոնդից. այն պետք է լիներ պետական բյուջեի պլանավորված միջոցառումների ծրագրերի շրջանակներում:

Բացի դրանից, անհրաժեշտ ենք համարում պահուստային ֆոնդի ծախսերի համար նախապես սահմանել առաջնահերթ ուղղություններ,որոնք կկազմեն պահուստային ֆոնդի ոչ պակաս քան 80%-ը: Նկատենք նաև, որ հիմնադրամին հատկացված գումարներից ֆինանսավորվել է ընդհամենը գյուղաբնակ երիտասարդների 40 ընտանիք:

4.Տնտեսական աճի 15,6 %-ը, որի էական մասը ապահովվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման շնորհիվ, մարտահրավեր է նետում երկրի կառավարությանը առավել մեծ ջանքեր և առավել արագ տեմպեր ապահովել տնտեսության դիվերսիֆիկացման աշխատանքներում:

5.Կառավարության հարգելի ներկայացուցիչներ, ուշադրություն ենք դարձրել նաև այն հանգամանքին, որ ծախսումների մասով արտացոլված մի շարք ծրագրերում անգամ հակիրճ նկարագրված չէ դրանց ֆինանսավորման շնորհիվ արձանագրված փաստացի արդյունք ներկայացնող տվյալները: Գտնում ենք, որ ծախսերը պետք է կատարվի շատ արդյունավետ՝ առաջնայինի և երկրորդնայինի դասակարգմամբ: Օրինակ՝ գույքի գնման մի շարք ծախսերի փոխարեն կարելի էր առավել հրատապ հարցեր լուծել:

Մենք՝ որպես կուսակցություն և խմբակցություն, կարևորում ենք սեփական էներգետիկ ներուժ ունենալու հանգամանքը: Սակայն կարծում ենք, որ վերջին տարիներին կառավարությունը չափից ավելի է հրապուրվել մանր և միջին ՀԷԿ-երի շինարարությունում, մանավանդ, որ անզեն աչքով էլ տեսանելի է բնապահպանական փորձագիտության բացակայության հանգամանքը:

Հաշվետվության մեջ տեսանելի է նաև որոշ դեկլարատիվ հայտարարությունների կտրվածքի մոտեցումները: Օրինակ՝ խոսվում է Եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու և արտասահմանյան ԲՈւՀ-երի հետ կապերի ընդլայնման մասին: Ինչպե՞ս է դա արտահայտվել ՝ իրականում չի մանրամասնվում:

Վստահ ենք, որ մեր առաջարկները տեղ կգտնեն 2018 թվականի տարեկան հաշվետվության մեջ:

Հարգելի գործընկերներ, ելնելով վերոնշյալից «Դաշնակցություն» խմբակցությունը ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գնահատում է դրական»:

aparaj.am

Տպել Տպել