Ռուսաստանահայ գործարարների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՌԴ Ստավրոպոլի մարզը ներկայացնող հայ գործարարների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նախարարության այլ պատասխանատու անձինք։

Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ռուսական գործարար կապերի զարգացման, Ստավրոպոլի մարզում հայկական ապրանքների ներկայացվածության, Հայաստանում համատեղ արտադրանքի ստեղծման հնարավորությունների մասին։

Նախարարը հայտնել է, որ օրեր առաջ վարչապետի մոտ կայացած հանդիպումից հետո ներկայում առավել հասցեական կարող են խոսել խնդիրների ու հնարավորությունների մասին և նշել, որ, նաև վարչապետի հանձնարարականի համաձայն, գերատեսչությունը պատրաստ է ամբողջությամբ աջակցել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հայ գործարարների նախաձեռնություններին։ Անդրադարձ է եղել պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, մաքսային և հարկային խնդիրներին, ապրանքաշրջանառության ծավալներին ու բեռնափոխադրումներին առնչվող հարցերին։

Նախարարը ներկայացրել է այն պատասխանատուներին, որոնց հետ անմիջական կապի միջոցով գործարարները կարող են բարձրաձայնել առաջացած խնդիրների ու հարցերի մասին։ Նախանշվել է առաջնահերթ գործողությունների շրջանակը։

Հայ գործարարները շնորհակալություն են հայտնել արդյունավետ հանդիպման համար, տեղեկացնելով նաև Հայաստանի կառավարության հետ Ստավրոպոլի մարզային իշխանությունների կողմից համագործակցության առաջարկը, ինչը հայկական կողմը ողջունելի է համարել։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տպել Տպել