Գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ

Հայ ժողովուրդը 21րդ դար եւ նոր ժամանակներ մուտք գործեց հասակը բարձր կանգնած, մէջքը շտկած եւ ճակատը բաց ու պայծառ։

Ազգային ինքնավստահութեան եւ ինքնահաստատման այդ խոյանքը մեր ժողովուրդը նուաճեց Արցախեան Ազատամարտով, որ անհաւասար ուժերով ճակատումներէ ու լինելութեան մաքառումներէ յաղթական դուրս գալու հրաշքին նորօրեայ վկայութիւնը եղաւ։

Իսկ Արցախեան հրաշազօր Ազատամարտը մենք նուաճեցինք հերոսական հայորդիներու թանկագին արեամբ՝ անոնց աներեր հաւատքին եւ անսակարկ անձնազոհութեան անխարդախ ուժով։

Ազատամարտիկ այդ Սերունդին ներկայացուցչական դէմքերէն էր կրակի մկրտութեամբ Դուշման անուանակոչուած Վարդան Ստեփանեանը։

Դուշման ծնած էր 1966ին, Երեւան: Հիմնական ուսումը ստացած էր Երեւանի Յովհաննէս Թումանեանի անուան թիւ 32 միջնակարգ դպրոցին մէջ, ուր ուշադրութիւն գրաւած էր իր գերազանց յառաջադիմութեամբ, ինչպէս որ կը վկայեն կենսագիրները: Մանկութեան տարիներուն շատ ժամանակ անցուցած է գրադարանի մէջ, ուր կþաշխատէր մայրը: (Տարիներ ետք, Արցախեան Ազատամարտի օրերուն, Վարդան Դուշման խոր յուզումով պիտի յիշէր եւ գրի առնէր գիրքերու աշխարհին հետ իր կապուածութեան վերաբերեալ վկայութիւն մը, որ արտատպուած է յուշատետրի այս սիւնակի կողքին)։ Իր ընթերցումներուն ծանրութեան կեդրոնը եղած են Չարենց, Թումանեան եւ Շիրազ:

1983ին, աւարտելով դպրոցը՝ աշխատանքի անցած է Երեւանի բուրդէ գործուածքներու գործարանին մէջ: 1984ին կամաւոր ծառայութեան անցած է Աֆղանստան տեղակայուած խորհրդային բանակի կազմին մէջ: Ինչպէս ինք պիտի խոստովանէր հետագային, Վարդան իր բանակային ծառայութեան ժամանակ կþերազէր տիրապետել ռազմական արուեստի հմտութիւններուն: Կարծէք կը նախազգար, որ հայ ժողովուրդին համար կը սպասուէր պատերազմ մը, որ պիտի ըլլար աֆղանականին չափ եւ աւելիով դաժան ու արիւնալի.

– «Աֆղանստան ծառայելու գնացի կամաւոր, ուզում էի լաւ կռուել սովորել եւ կռուեցի: Վատ զինուոր չեմ եղել եւ միշտ հաւատացել եմ, որ մի օր Հայոց Բանակի զինուոր եմ լինելու»…

Զօրացրուելէ ետք, Վարդան ընդունուեցաւ Երեւանի Պետական Համալսարանի Իրաւաբանական բաժինը: Ուսման նուիրուած այդ ժամանակը շատ կարճ տեւեց սակայն։ 1988ին բռնկեցաւ Արցախեան պահանջատիրական շարժումը եւ 22ամեայ համալսարանականը, իր սերունդի «լաւագոյն տղերք»ի օրինակով, ամբողջապէս նուիրուեցաւ Արցախեան պայքարին՝ հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման մերօրեայ շղթայազերծումին յառաջամարտիկներէն դառնալով։ Շարժման առաջին իսկ փուլերէն Վարդան ճանաչում ու յարգանք նուաճեց ոչ միայն ազատամարտիկ իր ընկերներուն, այլեւ ժողովրդային շրջանակներուն մէջ։ Իր կենդանութեան իսկ դարձաւ բառին բուն իմաստով ա-ռասպելատիպ հերոս։

Նոյնինքն ազերի նախայարձակներուն կողմէ անմիջապէս «Դուշման» մակդիրը ստացաւ Վարդան Ստեփանեան՝ ռազմի ճակատներուն վրայ իր քաջագործութեանց եւ մարտունակութեան համար։

Արցախեան իր գործունէութեան սկզբնական փուլին իսկ Վարդան միացած էր Դաշնակցութեան մեծ ընտանիքին եւ գաղափարական այդ պորտակապը մղում տուաւ Դուշմանի հերոսական երթին։ Արժանաւորապէս մարմնաւորեց ֆետայական խոյանքը Արցախեան Ազատամարտին՝ Նիկոլ Դումաններու եւ Հրայր Դժոխքներու հարազատ ժառանգորդն ու մերօրեայ կենդանի մարմնաւորումը դառնալով։ Ֆետայական այդ ներշնչումով ալ Դուշման չէր ծամծմեր բառերը՝ երբ ընդվզումով կը խարանէր պարտուողականութիւնը իր սերնդակիցներուն.

– «Ամօթ է այն երիտասարդների համար, ովքեր գնում են Ռուսաստան եւ դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ: Թուրքիան մեր դարաւոր թշնամին է, ո՞վ պէտք է դառնայ զինուոր կամ սպայ, ո՞վ պէտք է կռուի»:

Դուշման միայն 26 տարի ապրելու բախտ ունեցաւ. երիտասարդական իր լաւագոյն չորս տարիները՝ 1988էն 1992, նուիրաբերեց հայ ժողովուրդին եւ Արցախի ազատագրութեան։ Քառամեայ այդ հերոսապատումը նաեւ արձանագրուած է համապատասխան գրականութեամբ եւ Դուշման այն ազատամարտիկներէն է, որուն մարտական կենսագրութիւնն ու մտածողութիւնը բաց եւ յաւերժ ուսանելի գիրք են հայոց սերունդներուն համար։ Նաեւ՝ մարտական իր ընկերներուն կողմէ յղացուած երգերով եւ տեսանիւթերով անմահացան գործն ու կերպարը Վարդան Դուշմանի, որուն մօտ հայրենի հողին պաշտամունքը անհուն եւ անսահման էր.- Ինչպէս որ ականատես կենսագիրները կը վկայեն, ձեռքով կը վերցնէր բուռ մը հող եւ կ’ուտէր զայն՝ պահանջելով, որ նոյնը ընեն նաեւ իր մարտիկ տղաները: Յետոյ կը սկսէր խօսիլ՝ պատգամելով, որ «մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, եւ աշխարհում նրանից աւելի քաղցր բան չկայ: Սիրէք նրան, ինչպէս սիրում էք ձեր հօրն ու մօրը, որովհետեւ մեր հողը մեր բոլորիս ծնողն է»:

Յուշատետրի սիւնակին սահմանափակումը հնրաւորութիւնը չþընձեռեր հոս ներկայացնելու Դուշմանի քառամեայ գործունէութեան եւ մղած հերոսական կռիւներուն առասպելական երկար շարքը։ Բայց կարելի չէ չյիշատակել Դուշմանի գործունէութեան վերջին ամիսներու քաջագործութիւնները, որոնք բախտորոշ նշանակութիւն ունեցան Արցախեան պայքարի յաղթանակին մէջ։

Կենսագիրները կը պատմեն, որ «1991ի Հոկտեմբերի 30ին, «Դաշնակցութիւն» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլեանը (Բեկոր), Դուշման մասնակցում է Լ.Ղ.Հ. Հադրութի շրջանի Տող գիւղի ազատագրման մարտերին: Այնուհետեւ Վարդանի ջոկատը մտնում է Քարագլուխ գիւղ, որը ադրբեջանցիների կողմից իրականացուած «Օղակ» օպերացիայի արդիւնքում աւերակ էր դարձել:

«Վարդանի տղերքի յաջորդ յաղթանակը Ստեփանակերտի արուարձան Կրկժանի՝ ադրբեջանական ամուր յենակէտի ոչնչացման ուղղուած գործողութիւնն էր՝ 1992 թուականի Յունվարի 22ին: Կրկժանն ուղիղ կապ ունէր Շուշիի հետ, որտեղից թուրքերն անընդհատ մարդկային ու ռազմական համալրում էին ստանում: Կրկժանի համար մղուող դիրքային մարտերը տեւեցին աւելի քան մէկ ամիս եւ ահա եկել էր վճռական յարձակման անցնելու պահը: Հայկական գրոհը սկսուեց գիշերը՝ երկու ուղղութեամբ: Իրականացուած գործողութեան մէջ իրենց մեծ դերն ունեցան Դուշմանի տղերքը՝ շուրջ 40 կռուողներ: Նրա խումբը յարձակուելով թիկունքից՝ անակնկալի բերեց ազերիներին: Քարին Տակի յաղթանակը դարձաւ հայկական ուժերի առաջին խոշոր յաղթանակը Արցախեան պատերազմում:

«Յաջորդ կարեւորագոյն յաղթանակներից էին Խոջալուի կրակակէտերի ոչնչացումը Փետրուարի 25-26ի գիշերը եւ Ստեփանակերտի օդանաւակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան աւտօ¬ճանապարհների բացումն ու ազատագրումը ազերիներից: Գործողութիւնն իրականացուեց փայլուն կերպով եւ դարձաւ անգնահատելի յաղթանակ Լ.Ղ.Հ. մայրաքաղաքի ու շրջափակման մէջ գտնուող բնակավայրերի անվտանգութեան ապահովման համար:

«Դուշմանը վստահութիւն էր ներշնչում իր տղաներին: Նրա համոզուածութիւնը, որ հայերը անպայման կþազատագրեն Արցախ աշխարհի պատմական Շուշի մայրաքաղաքը, ոգեպնդում էր տղերքին: Շուշի մտած առաջին հրասայլը «Հայրենիքի անունից սխրանքներ գործել եւ հաւատալ յաղթանակին՝ ահա սա՛ է մեր ուժի աղբիւրը»: Եւ հայ զէնքի, հայ զինուորի իսկական սխրանքը դարձաւ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72ամեայ գրաւումից: Անառիկ բերդ յիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մէջ առաջիններից էր Աշոտ Բեկորի գլխաւորած առաջին՝ դաշնակցական վաշտը, որի մէջ մտնում էր նաեւ Դուշման Վարդանի գլխաւորած խումբը: Մայիսի 7-8ի գիշերը Շուշիի ուղղութեամբ իրակա-նացուեց հրետանային հուժկու հարուած, որից յետոյ սկսուեց գրոհը: Հարաւից յարձակում գործեցին Նուէր Չախոյեանի այսպէս կոչուած «աֆղանների» վաշտը, ինչպէս նաեւ Ժիրայր Սէֆիլեանի եւ Աշոտ Խաչատրեանի գլխաւորած գումարտակները: Նոյն ժամանակ գնդապետ Սէյրան Օհանեանի գլխաւորած ուժերը շրջանցեցին քաղաքը հարաւ արեւմուտքից՝ ազատագրելով Քեսալար, Բաշքենդ, Ջավադլար եւ ուրիշ բնակավայրեր՝ ընդհանուր առմամբ 17: Շուտով յարձակմանը միացաւ նաեւ Վալերի Չիտչեանի գումարտակը: Սամուէլ Բաբայեանի գլխաւորած ջոկատը Բերձորի կողմից փակեց ադրբեջանցիների հնարաւոր օգնութեան ճանապարհը»…

Մայիս 1992ի ամբողջ տեւողութեան, Վարդան Դուշման գրոհի մէջ եղաւ՝ Արցախեան Ազատամարտիկներու հայրենակերտ մեծ խոյանքին յառաջապահ դիրքերէն։ Շուշիի ազատագրումէն ետք հալածեց անարգ թշնամիի տակաւին դիմադրող ուժերը եւ միշտ յաղթանակով պսակեց իր ձեռնարկած գործողութիւնները։ Այդ մթնոլորտին մէջ ըսուած խօսք է Դուշմանի այն կանխատեսումը, թէ՝ «Ես պատերազմին շատ եմ պէտք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթէ զոհուեմ, միայն դաւադիր ականից կը լինի»։ Ինչպէս կըսեն՝ մեծերը կը նախազգան գալիքը… Այդպէս ալ եղաւ. Դուշման զոհուեցաւ 1992 թուականի Յուլիս 3ին, Արցախի Միւրիշէն գիւղի մերձակայքը, դաւադիր ականի պայթումին հետեւանքով… երբ իր ընկերներուն՝ Երոյի (Արմէն Երիցեան) եւ Արայիկի (Արա Ավագեան) հետ մարտական առաջադրանք կը կատարէին Լ.Ղ.Հ. Մարտունի շրջանին մէջ։ Իր կտակն էր՝ «Եթէ զոհուեմ‘ զինուած, մաքուր հագնուած կը գաք թաղմանս ու գլխիս տակ դաշոյն կը դնէք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։

Վարդան Դուշմանի մարմինը յանձնուեցաւ իր այդքա՜ն սիրելի հողին՝ Եռաբլուրի մէջ։

Արցախեան Ազատամարտի ֆետայական խոյանքը մարմնաւորած անմոռանալի Դուշմանի յիշատակին նուիրուած յուշատետրի այս էջը կþարժէ փակել ազգային հերոսի մարտական ընկերոջ՝ Հ.Հ. պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի կողմէ Վարդան Դուշմանի Տուն¬Թանգարանի յուշամատեանին մէջ արձանագրուած հետեւեալ վկայութեամբ.

– «Ես խոնարհւում եմ մեր բոլոր հերոսների յիշատակի առջեւ, որոնց շնորհիւ այսօր հայ ժողովուրդն իր խաղաղ կեանքով է ապրում: Ես խոնարհւում եմ Վարդանի ոգու առջեւ, որ այսօր էլ սփռւում է Հայաստանով մէկ եւ դաստիարակում մատաղ սերնդին, եւ խոնարհւում եմ մայրերի առջեւ՝ յանձին (Վարդանի մօր) տիկին Զարուհու, որ նրանք պահպանում ու բազմապատկում են հերոսների սխրագործութիւնը»։

Ն.

Գրքերի աշխարհը

Ծնուել եմ 1966 թ. Մարտի 9ին: Մայրս Նուրբ բրդեայ գործուածքների գործարանի (կոմբինատի) գրադարանի վարիչն էր: Այնտեղից էլ նրան ծննդատուն են տարել, որտեղ ծնուել եմ ես, իսկ յետոյ իմ բարուրով վերադարձել է գրադարան՝ աշխատանքի:

Մանկուց իմ ընկերն ու բարեկամը, սիրելի խաղալիքը գիրքն է եղել: Մայրս օրօրոցիս դիմաց կախել էր Չարենցի նկարը, եւ ես հայեացքս միշտ նրա վրայ եմ պահել ու կարծես զրուցել նրա հետ: Երբ լեզուս բացուել է, սկսել եմ նրա մասին պատմել, թէ նա մեր հողերը ուզեց, չտուեցին՝ մահացաւ: Կարդացել եմ գրադարանի գրքերի հիմնական մասը: Պատմավէպերը գրաւել են ինձ դեռ տարրական դասարանից: Մի խօսքով՝ մանկութիւնս անցել է գրքերի հեքիաթային աշխարհում: Չարենցի «Օ՜հ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր…» բանաստեղծութիւնը կարծես ինձ համար է գրուած:

Գրադարանը մեզ համար նաեւ խաղասրահ էր: Ես եւ քոյրս կռիւ-կռիւ էինք խաղում: Գրադարակները մեր դիրքերն էին, իսկ մենք ազատագրում էինք «գերուած» գրականութիւնը:

Մանկութեանս յիշողութիւնները վերականգնելիս անմիջապէս գրքերի իւրայատուկ հոտն եմ զգում եւ մտքով յայտնւում եմ գրքերի խորհրդաւոր աշխարհում: Տարածութեան վրայ հոտառութեամբ կարող եմ գտնել գրադարանները, որովհետեւ իմ մանկութեան հոտը կայ բոլոր գրադարաններում:

Գրքերի համար ցաւ եմ զգացել 1988 թ. աւերիչ երկրաշարժից յետոյ, երբ փրկարարական աշխատանքներ էինք կատարում Լենինականում (Գիւմրիում): Մարդկային կորուստն այնքան էր, որ գրքերի մասին մտածող չկար: Դրանք անխնամ ընկած էին ցախի ու կեղտի մէջ: Մի քանի անգամ վերցրի մի գիրք, որը հայ հին ճարտարապետութեան մասին էր եւ բարձր տեղ դրեցի, սակայն յետոյ տեսայ խարոյկի մէջ՝ այրուելիս: Չէի կարող վերցնել եւ դնել իմ պայուսակում, որովհետեւ ինձ չէր պատկանում, բայց մինչեւ հիմա ցաւ ու ափսոսանք եմ զգում ցեխի մեջ տրորուած եւ այրուած գրքերի համար:

Իսկ հիմա այստեղ Արցախում եմ ականատես լինում գրքերի նկատմամբ վայրագ վերաբերմունքի: Զինուորի դէմ կարելի է կռուել, սակայն գրքերը այրելը, ոչնչացնելը խօսում է բարբարոսութեան մասին: Պէտք է յարգել թշնամու մշակոյթը:

Ազերիները իրենց զայրոյթը թափել են Խնձրեստանի դպրոցի գրադարանի վրայ՝ այրելով այն: Մօրս խնդրել եմ՝ գրքեր հաւաքի, որ տեղափոխենք Խնձրեստան, վերականգնենք գրադարանը, որովհետեւ այս դպրոցում հայ երեխաներ պէտք է կրթուեն, իսկ մարդը կրթւում է գրքերի աշխարհում, դաստիարակւում է այդ գրքերով, նրա հայրենասէր կերպարներով: Իւրաքանչիւր լաւ գիրք վարձատրութիւն չպահանջող մէկ ուսուցիչ է: Սիրուց ծնուած գրքերը պէտք է պահպանել սիրով:

Վարդան Ստեփանեան – Դուշման

1966թ.մարտի 9-ին ծնվեց Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Դուշման Վարդանը

1966թ.մարտի 9-ին Երևանում ծնվեց Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդան):

1984թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում: Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ: Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ դատի ռազմական թևի հետ: Ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ, ստեղծել է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայինները:

«Դուշման» մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում: Դուշմանը մասնակցել է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում տեղի ունեցող մարտերին, այնուհետև անցել է Արցախ, որտեղ մասնակցել է Բադարա և Ասկերանի շրջանի Դագրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1991թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակցության ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր), մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին:

Վարդանի տղաների հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր 1992թ. հունվարի 22-ին: Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում:

Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումը փետրվարի 25-26-ի գիշերը և Ստեփանակերտի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումը:

1992թ. հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտակայքում իր ընկերների` Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց դավադիր ականից:

Վարդան Ստեփանյանի մարմինը հողին է հանձնվել Եռաբլուրում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին կարգի շքանշանով: 2009թ. հուլիսի 3-ին Մյուրիշեն գյուղում, այնտեղ, որտեղ զոհվել էր Վարդանը, կանգնեցվել է հուշարձան:

Տպել Տպել