- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ջրի անբավավար մատակարարման համար բողոք է ներկայացվել Գեղարքունիքի մարզպետին

Հուլիսի 4-ի առավոտվանից Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Վաղաշեն, Ներքին Գետաշեն համայնքների բնակիչները ոռոգման ջրի անբավարար մատակարարման պատճառով բողոք են ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ խնդրելով հարցի հրատապ կարգավորում:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը կազմակերպեց քննարկում վերոնշյալ համայնքների, «Գեղարքունիք» ՋՕԸ-ի և ջրտնտպետկոմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Աստղաձորի և Վաղաշենի բնակիչների ներկայացմամբ՝ գետերում այժմ ջրի քանակը սակավ է, իսկ իրենց գյուղերին կամ թաղամասերին ոռոգման ջուր մատակարարող պոմպակայանները ջուրը մղում են շատ քիչ հզորությամբ, ինչն էլ թույլ չի տալիս՝ բավարարելու տնտեսությունների կարիքները: «Գեղարքունիք» ՋՕԸ փոխտնօրենի ներկայացմամբ՝ համայնքների ոռոգման համակարգերում առաջացած խնդիրները տեխնիկական բնույթ ունեն, որոնց կարգավորման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:
ՋՕԸ ներկայացուցիչը մարզպետին տեղեկացրեց, որ սահմանված քանակով ջուր մատակարարվում է, ինչը պարզաբանելու համար տեղում այս պահին աշխատում են մարզպետարանի պատասխանատուները:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը դժգոհող քաղաքացիներին հորդորեց՝ ձեռնպահ մնալ ճանապարհներ փակելու անիմաստ ու վնասարար քայլերից, իսկ պատկան մարմիններին հրահանգեց՝ համատեղ ուժերով ու հնարավոր ամենակարճ ժամկետներում բավարարել ջրօգտագործող տնտեսությունների պահանջները:

«Ոռոգման շրջանում չպետք է որևէ տնտեսության ուշացումով ոռոգման ջուր հասնի: Բնակչության կարիքները պետք է բավարարվեն, ինչի համար հարկավոր է ամենասեղմ ժամկետներում կարգավորել առաջացած խնդիրները: Այժմ աշխատում ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի կարողանանք կարգավորել իրավիճակը և ոռոգման շրջանն առաջ տանել բնականոն հունով»-նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Խնդիրները կարգավորելու համար Աստղաձորում, Վաղաշենում և Ներքին Գետաշենում այս պահին աշխատում են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, «Գեղարքունիք» ՋՕԸ մասնագետները:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ