- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Բուռն քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ

Խորհրդարանում մեկնարկած` Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի երկրորդ նիստի ժամանակ բուռն քննարկումների առարկա դարձավ «Ելք» խմբակցության առաջարկությունը` մեկ տոկոսով նվազեցնել կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմը, այսպիսով` կուսակցությունների դեպքում սահմանել 4%, դաշինքների դեպքում` 6%:

Առաջարկը ներկայացնող Լենա Նազարյանից քննարկումը վարող` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց` նվազեցնելով այդ շեմը, արդյո՞ք դրանով նպաստում են, որ խորհրդարան անցնեն այն կուսակցությունները, որոնք ունեն առավելագույն վստահություն: Նազարյանն ասաց, որ չի կարծում, որ շեմն այնքան է իջնում, որ խորհրդարանում հայտնվեն այնպիսի ուժեր, որոնք չունեն հանրային աջակցություն:

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ իմաստ կլիներ ներքին շեմը փոխելու, եթե մենք ունենայինք հին, կարծրացած խորհրդարան: «Ամեն ինչ պարզ է, ու անհրաժեշտ է մի քիչ ֆրագմենտացիա մտցնել քաղաքական ուժերի մեջ: Այսօր մեր խնդիրն այլ է, ֆրագմենտացիա մտցնելու կարիք չկա: Այն, որ կոալիցիա են կազմում երեք ուժերով, դա էլ պայմանավորված է որոշակի խնդրով, որ չստացվի` կոալիցիա կազմում են 8,9, 10 պուճուրիկ ուժեր, որովհետև լուրջ մարտահրավերներ ունեցող երկրում պուճուր ուժերի կողմից որոշման հանգելը շատ ավելի դժվար է, քան, ենթադրենք, եթե դա լինի երեք ուժ»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ այսպիսով կխթանվի փոքրի քաղաքական խմբակցությունների առաջացումը խորհրդարանում, այնինչ պետք է ձևավորել պատշաճ քաղաքական մշակույթ, լինեն կայացած քաղաքական կուսակցություններ, որոնք պատրաստ են ստանձնել պատասխանատվություն: Նա հավելեց, որ զուտ շեմը նվազեցնելն այսօր վաղաժամ է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ չպետք է ելնել դրույթից` կուսակցությունները մե՞ծ են, թե՞ փոքր: Նա ասաց, որ առաջարկությունը քննարկման ենթակա է: «Մենք պարտավոր ենք առաջին հերթին քաղաքական դաշտի մրցակցությունն ապահովել և ազատ մրցակցության հնարավորություններ ստեղծել: Պետք լինի` 0% էլ կարելի է անել»,- ասաց նա:

Դիմելով ՀՀԿ-ին` Բագրատյանն ասաց, որ նրանց` 70%-անոց ուժ ունեցող կուսակցությանը 7% ունեցող կուսակցությունը փլուզեց: «Նշանակում է` ամենևին էլ քանակով չէ, այլ որակով ու գաղափարներով է: Ես առաջարկում եմ լրջորեն քննարկել ավելի ցածր շեմ լինելու պայմանը»,- ասաց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ շեմի հետ կապված հարցն ուղղակի առնչվում է ժողովրդավարությանը: «Բարիերը բարձր է, ինչը նշանակում է, որ փոշիացվող ձայները շատ են: Դա նշանակում է ինչ-որ մեկի ձայնը գնացել է մեկ ուրիշին, և մանդատ է ավելացրել, դա է իրականությունը: Այս առումով` իջեցնելը լուծում է շատ կարևոր խնդրի, որը համամասնականի պրոբլեմներից մեկն է: Մենք ունեցել ենք վիճակ, երբ 20-25% փոշիացում է եղել համամասնական ընտրակարգի ժամանակ»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի` շեմն իջեցնելը հենց այս տրամաբանության մեջ պետք է նայել:

Նա ասաց, որ կարելի է շեմն իջեցնել մինչև 3%, որ խմբակցությունն ունենա ղեկավար, քարտուղար և գոնե մեկ անդամ: «Իջեցումը այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Սա ժողովրդավարություն է, այդքան մարդ ձայն է տվել այդ կուսակցությանը, ինչո՞ւ պետք է այդ ձայները կորչեն, սա է խնդիրը»,- ասաց նա:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի կարծիքով էլ`ցանկացած փոփոխություն, որ արվում է, դրա հիմքում պետք է դրվի քաղաքական համակարգի կայանալու, խորհրդարանը քաղաքականապես ավելի հասունացնելու խնդիրը: «Ինքնախաբեությամբ չզբաղվենք. շեմը իջեցնելով-բարձրացնելով` իրենից ոչինչ չներկայացնող քաղաքական ուժին մենք ընդամենը հնարավորություն ենք տալիս մտնելու խորհրդարան, բայց ոչ` կայանալ որպես քաղաքական ուժ: Դա մոտավորապես նրա նման է, որ ԲՈւՀ-երի ընդունելության քննության ժամանակ շեմը իջեցրել ենք. 3,5 ընդունվում են, դառնում են բժիշկ ու սկսում են մարդ սպանել: Դրա մասին եկեք չխոսենք, եթե խոսում ենք, որ ձայները չփոշիանան, ինձ համար դա ավելի ընդունելի ու հասկանելի է, բայց եկեք մենք մեր կուսակցությունների կայացումն անցումային շեմի իջեցումով կամ բարձրացումով չպայմանավորենք, դրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեն: Ավելին ասեմ` եթե ուզում եք չկայանան, իջեցրեք` ինչքան ուզում եք, խորհրդարան մտնելը սարքեք փաբ մտնելուն հավասար մի բան»,- ասաց նա:

ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ բարձր շեմեր սահմանում են, որ հատկապես խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական ուժերը կայանան, ցածր շեմերը դրա կայացման համար չեն:

Նազարյանն էլ ասաց, որ ավելի խորությամբ հետագայում կքննարկեն հարցը: «Ուղղակի նոր իրավիճակում ի հայտ կգան նոր ուժեր` նոր օրակարգով: Պետք է հնարավորություն տրվի նրանց ընտրվելու խորհրդարանում»,- ասաց նա:

Նիստը վարող Զոհրաբյանն էլ ասաց, որ թող այդ ուժերը ճանապարհ անցնեն ու մասնակցեն մյուս խորհրդարանական ուժերին: «Մենք այդպես իմպերատիվ խնդիր չունենք` բոլոր նոր ստեղծվող քաղաքական ուժերի համար ապահովենք` պարոն Սեյրանյանի ասած փաբային մուտքը խորհրդարան»,- եզրափակեց նա:

yerkir.am