Նա ծիծաղում էր մահվան երեսին

Մարդիկ կան, որ ծիծաղում են կյանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակություն արարելու համար: Նմանները, որպես կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նյութական արժեքների մասին: Իր ապրած կյանքով հենց այսպիսին էր Արամը` ազնիվ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:

Արամ Պողոսյանը ծնվել է 1970թ. հուլիսի 6-ին Երևանում: Սովորել է թիվ 125 դպրոցում: Միշտ նեղացած էր հիշում, որ դպրոցում այն ժամանակ առանձին վերաբերմունքի էր արժանանում որպես «ախպար». Ծնողները հայրենադարձ են: Ձյուդոյի վարպետ էր: Ավարտել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտը:

Նրա նուրբ, զգայուն հոգին, անկոտրում կամքը և գաղափարական կերտվածքը չէին կարող հանգիստ առնել Արցախյան շարժման օրերին: Արամի համար դա սոսկ պատերազմ չէր, այլ Մեծ զարթոնք, կորցրածը հետ բերելու, պատմությունը սրբագրելու անխուսափելի ու միակ ուղի: 1989 թվականից Թաթուլ Կրպեյանի, Արթուր Կարապետյանի, Սիմոն Աչիկգյոզյանի և այլոց հետ մեկնեց Շահումյան:

Մասնակցել է Գետաշենի համար մղվող մարտերին, Փարուխի ինքնապաշտպանությանը: 1991թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադում Վարդան Բախշյանի և երկու ընկերների հետ ընկավ շրջափակման մեջ: Վարդանը զոհվեց: Արամը լավ գիտեր` ինչպես պետք է վարվի, եթե հայտնվել է թշնամու օղակի մեջ. դա չպետք է արվեր իր համար պահված մեկ գնդակով: Նռնակի օղակը քաշած` նա սպասում էր, որ հետը տանի գոնե մի քանի ազերիների, որոնք կմոտենան իրեն գերի վերցնելու: Հենց այդ պահին թշնամու թիկունքից լսեց ընկերների պայմանական կրակահերթ ազդանշանը. դուշմանն էր: Երկրորդ անգամ ճակատ առ ճակատ մահին հանդիպեց նույն ամսի 23-ին Լեսնոյում: Թիկունքը մաքրելիս, երբ ուզում էր մտնել մի տուն, նրա վրա դիմահար կրակեց վիրավոր մի ադրբեջանցի: Գլխից թեթև վիրավորվեց: Մարտական ընկերները պատմում են, որ դրանից հետո էլ Արամը ծիծաղում ու կատակում էր, կենսուրախությունը նրա համար ամենաբնորոշն էր:

Կարճ ժամանակ անց Շուշիում էր: Փետրվարի 5-ին Կարագյավ գյուղում հետախուզության գնալիս Արայիկի (Չեչեն), Պետոյի, հրազդանցի Ռուբոյի հետ գերադասեցին բեռը թեթևացնելու համար ազատվել ոչ թե զինամթերքից, այլ բուշլատներից, խիստ թանկ էին զենքն ու զինամթերքը, Չլդրանում հետախուզության ժամանակ կրակի տակ սպանված թշնամիների զենքերն էր դուրս բերում: Փետրվարի 11-12-ին մասնակցել է Մալիբեյլիի, 22-24-ին Խոջալուի ազատագրմանը:

Շուշիի ազատագրմանը մասնակցել է որպես Դաշնակցության երիտասարդական ջոկատի հրամանատար: Մեծ պատասխանատվությամբ էր մոտենում առաջին անգամ Ղարաբաղ մեկնած անփորձ զինվորներին մարզելու և առաջնորդելու գործին: Համարձակ էր ու կենսախինդ, թեև հրամանատար էր, քիչ էր կարգադրում, վտանգավոր ձեռնարկներն ինքն էր իրականացնում:

1998 թվականից Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակի տնօրենն էր: Վայելում էր կուսակցության վստահությունը և ամենայն պատասխանատվությամբ էր վերաբերվում ցանկացած գործի: Երկու տարի առաջ՝ վիրահատությունից մի քանի ժամ անց, ընկերներին երկտող էր ուղարկել. «Չմոռանաք վճարել ԳՄ գրասենյակի հոսանքի վարձը»: Սիրում ու կարոտում էր ընկերներին:

Նրա աշխատասենյակից միշտ ծիծաղի ձայներ էին լսվում: Խեղճացած մարդկանց հանդիմանում էր Արամը` ասելով` «Մեջդ կրակ չկա»: Նրան ոչ ոք խեղճացած չտեսավ: Երբ հայտնաբերվեց սարսափելի հիվանդությունը, ընկերները թաքցրին` հանկարծ չխեղճանա: Բայց նրա կամքը չկոտրվեց: Մինչև վերջին օրը չհավատաց, որ կյանքից հեռանում է, որ որևէ հիվանդություն կարող է տանել իրեն:

Արամ Պողոսյանը մահացել է 2003թ դեկտեմբերի 21-ին:

blognews.am

Տպել Տպել