[1] Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու վերաբերյալ որոշումը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար անակնկալ չի եղել` հաշվի առնելով վերջին օրերի զարգացումները:
Այս մասին Աղվան Վարդանյանը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում:
Դիտարկմանը, թե Ծառուկյանի նման որոշումից կարո՞ղ ենք փաստել, որ միասնական դաշտ չի ստեղծվի, Վարդանյանը պատասխանեց, որ միասնական դաշտի ձեւավորումը, առնվազն այն մասով, որ նախաձեռնել է ՀՅԴ-ն այս քաղաքական օրակարգով, որեւէ անձով, այդ թվում` Գագիկ Ծառուկյանով պայմանավորված չէր: «Բայց ակնհայտ է նաեւ, որ երբ ԲՀԿ-ն դուրս է գալիս խաղից, բնականաբար, նոր տեղաշարժեր եւ զարգացումներ են հնարավոր»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ արդեն իսկ ոմանք սկսել են միասնական բեւեռի ստեղծումը ձախողելու մեջ մեղադրել բոլորին, բացի ԲՀԿ-ից, Վարդանյանն արձագանքեց. «Ես լուրջ չեմ վերաբերվում նման հրապարակումներին: Իհարկե, կան որոշ կայքեր, վերլուծաբաններ, որոնք փորձում էին իրենց միամիտ եւ կիսատ պատկերացումներով գծել քաղաքական դաշտը: Ե’վ այդ վերլուծաբաններին, ե’ւ կայքերին եւ նաեւ քաղաքական գործիչներին խորհուրդ կտայի, որ ամեն մեկը մեղքը փնտրի իր մեջ: Փորձել ՀՅԴ-ին մեղադրել այս ամենում` հիմնազուրկ է, նախ թող փորձեն իրենք իրենց մեջ խնդիրը գտնել»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը չբացառեց, որ ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում կարող է հանդես գալ սեփական թեկնածուով:
«ԵՐԿԻՐ»