Միշտ էլ կարողացել ենք հաղթահարել մարտահրավերները

Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Արցախում առկա նախընտրական մթնոլորտին, ասաց՝ ՀՅԴ Արցախի կառույցի համար նախընտրական փուլը սկսվել է 2015-ի մայիսի 4-ից` ընտրություններից անմիջապես հետո: Այլ քաղաքական ուժերի, մասնավորաբար՝ Սամվել Բաբայանի Արցախ վերադարձի եւ գործողությունների մասով դժվարացավ մեկնաբանություններ անել: «Բայց նախագահ Սահակյանի հայտարարությունից հետո, որ 2020 թվականին ինքն այլեւս չի առաջադրվի, նկատելի է տարբեր քաղաքական ուժերի եւ քաղաքական դեմքերի, անհատների ակտիվությունը եւ նախապատրաստական աշխատանքը 2020-ի ընտրություններին: Այս մեկնարկը, որ նախագահի հայտարարությունից հետո տրվել է, դեռեւս որոշակի փուլեր ունի անցնելու: Ես կարծում եմ՝ 2018-ի աշնանը եւ 2019- ի առաջին ամիսներին ավելի բուռն կլինեն զարգացումները, եւ արդեն ավելի կընդգծվի 2020-ի ընտրություններին հայտ ներկայացնող քաղաքական ուժերի պատկերը»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հավանաբար ի հայտ կգան նոր քաղաքական ուժեր, որովհետեւ նախաձեռնող խմբերի հայտարարությունների, որոշ քաղաքական քայլերի ակտիվություն կա:

«Այդքանով հանդերձ՝ ես չէի ուզենա երեկվա հանդիպումը եւ հայտարարություններն առանձնացնել այդ ամենից»,- ասաց Դավիթ Իշխանյանը` նկատի ունենալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կազմակերպած միջոցառումը: Վերջին շրջանում շատ խոսվեց, որ Հայաստանի եւ մասնավորապես Արցախի գլխին կախված արտաքին մարտահրավերները եւ Արցախի ներքաղաքական- նախընտրական իրավիճակը համահունչ չեն:

Դավիթ Իշխանյանը առաջարկում է տարանջատել մարտահրավերները եւ նախընտրական փուլը: «Ուղղակի առումով որեւէ նախընտրական գործընթաց չկա: Ես չեմ տեսնում ուղղակիորեն նախընտրական քարոզարշավի մեկնարկ: Այն, որ կան ձգտումներ, որոշ դրսեւորումներ` ակնհայտ է, բայց այդ ամենը փորձել լայն տեսքով ներկայացնել, լայն պրիզմայով տեսնել` այլ խնդիր է: Ինչ վերաբերում է մեր առջեւ ծառացած մարտահրավերներին եւ անմիջական վտանգին, ապա այդպիսի իրավիճակներ մենք ունեցել ենք նաեւ նախորդ տասնամյակներում` սկսած զինադադարից մինչ այսօր ընկած ժամանակահատված: Մենք միշտ էլ կարողացել ենք մեր խոհեմությամբ, իմաստությամբ, քաղաքական կամքի դրսեւորմամբ հաղթահարել այդ մարտահրավերները: Ես հույս ունեմ, որ այս անգամ էլ մենք կարող ենք այդ ամենը հաղթահարել՝ մանավանդ նկատի առնելով, որ արդեն իսկ, կարծես թե, ախտորոշված է վերջին շրջանում Արցախի ներքին կյանքում ծավալված քաղաքական ակտիվությունը, որը կարող է վտանգել մեր ներքին կայունության, անվտանգության ընդհանուր բաղադրիչը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տպել Տպել