Իրավական նորմերին համապատասխան ցանկացած բացահայտում մենք ողջունում ենք

Կենսաթոշակային համակարգի, արտահերթ ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

-Պարո՛ն Ռուստամյան, ՀՅԴ-ն զեկույց էր պատրաստել կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների վերաբերյալ: Ինչո՞ւ նախկինում դա չէր արվում:

-Մենք դրա մասին միշտ էլ բարձրաձայնել ենք: Այս անգամ պարզապես գրավոր ներկայացվում է ամբողջ պատմությունը, որը, կարծում եմ, շատ օգտակար է: Ամբողջական վերլուծությունն է այդ համակարգը ներդնելու հետ կապված, մեր անցած ամբողջ ճանապարհի, մեր մոտեցումների: Կարծում եմ` շատ օգտակար է. կարող է ծառայել թե՛ մասնագիտական վերլուծությունների, թե՛ քաղաքական դիրքորոշումները հստակեցնելու համար:

-Այս թեմայով կառավարությունում իր տեսակետը հնչեցրեց նախարար Արծվիկ Մինասյանը, եւ բանավեճ ստացվեց վարչապետի հետ: Հիմա եթե ՀՅԴ-ն շարունակի պնդել իր տեսակետը, չե՞ք կարծում, որ կոնֆլիկտ կառաջանա գործող իշխանության եւ վարչապետի հետ:

-Կոնֆլիկտը ոչ թե անձնական բնույթ պետք է ունենա, այլ գաղափարական, համոզումների խնդիրներ են: Մենք մեր սկզբունքները պաշտպանում ենք` անկախ նրանից, թե մենք այդ պահին մենք կառավարության մեջ ենք, թե կառավարությունից դուրս: Կուտակայինի հետ կապված մենք ունենք սկզբունքային դիրքորոշում, որը վաղուց արտահայտել ենք եւ Դեմ եմ շարժումը, ըստ էության, նախաձեռնեց գլխավոր առումով նաեւ ՀՅԴ-ն: Եվ մենք այդ մոտեցումներից չենք հրաժարվելու: Պետք է վերացվի պարտադիր բաղադրիչը:

-Անկախ ամեն ինչից չե՞ք հրաժարվելու:

-Անկախ ամեն ինչից չենք հրաժարվելու, որովհետեւ պարտադիր բաղադրիչը առաջացնում է հարցեր, որոնք մեզ համար սկզբունքային են: Այդ հարցը` պարտադիր բաղադրիչի պահպանման, եթե այս կամ այն կերպ տեղի կունենա, թեկուզ տոկոսներն էլ պակասեցվեն, միեւնույն է, հարցի լուծում համարվել չի կարող: Սա սոցիալական շատ լուրջ խնդիր է, ի վերջո սերունդների համերաշխությունն ապահովելու խնդիր է, որը նաեւ բարոյական արժեք ունի: Ուրախ եմ, որ կառավարությունը եւս գտնում է, որ այդտեղ խնդիր կա: Նախեւառաջ իրենք սահմանադրական նորմերի հետ համաձայնեցնելու խնդիր են ուզում տեսնել, բայց դա մեր ասած 3 բաղադրիչներից մեկն է:

-Անգամ անկախ ներկայիս կառավարության դիրքորոշումի՞ց, որի կազմում եք:

-Մենք նախորդ կառավարության հետ էլ այդ տարաձայնությունն ունեինք եւ դրա հետ կապված մենք չենք թաքցրել մեր մոտեցումները:

-Այս վերջին բացահայտումներն արդյո՞ք ճիշտ եք համարում: Եվ ըստ Ձեզ` Մարտի 1-ի գործով պե՞տք է բացի Ռոբերտ Քոչարյանից, նաեւ Սերժ Սարգսյանին անդրադարձ կատարվի:

-Ցանկացած բացահայտում մենք ողջունում ենք: Միայն թե դա պետք է տեղի ունենա` իրավական նորմերը պահպանելով:

-Այդ դեպքում ինչո՞ւ է 2008-ին Դաշնակցությունը մյուս ուժերի հետ խորհրդարանում կողմ քվեարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու ռեժիմին:

-Դա ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ:

-Տեսակետ կա, որ այդ բոլոր ուժերը դրա համար պատասխանատվություն են կրում:

-Մենք արտակարգ դրության վերաբերյալ հայտարարություն ենք արել: Դրա անհրաժեշտությունը տեսել ենք, որովհետեւ կար իրավիճակ, որը պետք էր իսկապես կարգավորել: Կարգավորման մասին է արտակարգ դրությունը, ոչ թե հաշվեհարդարի: Մնացած գործողությունների համար Ազգային ժողովը չի պատասխան տալիս: Քաղաքական ուժերը որեւէ առնչություն չեն ունեցել դրա հետ, Դաշնակցությունը հատկապես:

Մերի Մարտիրոսյան

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Տպել Տպել