Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գեղամասար խոշորացված համայնք

Գեղամասար խոշորացված համայնքում մարզպետ Իշխան Սաղաթելյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավարի, աշխատակազմի, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ: Օրակարգում քննարկվող հարցերը կապված էին սեփական եկամուտների հավաքագրման, աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացման, կենսական նշանակության այլ հիմնախնդիրների կարգավորման հետ:

Մարզպետը դժգոհություն հայտնեց համայնքում կատարված աշխատանքների արդյունքներից ու ներկա անբավավար վիճակից: «Այն տեմպերը, որ մենք ակնկալում ենք համայնքի խոշորացման արդյունքում, առայժմ չենք տեսնում: Մենք անելու ենք հնարավորը, որ դուք ստանաք ամենալայն աջակցություն համայնքի զարգացման բոլոր ուղղություններում: Սակայն այդ աջակցությունը չի կարող բավարար լինել, քանի դեռ այստեղ գործ ունենք անկազմակերպ աշխատանքի հետ:Մեզ հետաքրքրում են համայնքի կազմում ընդգրկված 18 բնակավայրերի առօրյա հոգսերը և դրանց լուծման ճանապարհները, որոնց հանդեպ մենք ունենք համատեղ պատասխանատվություն: Հարցեր կան, որոնց լուծումը կապված է մեծ միջոցների հետ, բայց հարցերի այն շարքը, որը կարող էր լուծում ստանալ տեղի ուժերով ու միջոցներով, ձեր լիազորոթյունների շրջանակներում, չի լուծվում անկազմակերպվածության և անտարբերության դրսևորման արդյունքում:

Դուք մինչ հիմա չեք ստեղծել համայնքի վարչական տվյալների շտեմարան, չեք կազմել և ներկայացրել համայնքի հնգամյա զարգացման ծրագիր, անասնաբույժի հաստիք չեք սահմանել, աղբահանություն չեք իրականացնում, ուշացնում եք ապառքների և աշխատավարձերի պարտքերի մարումը, չափազանց անբավարար եք հավաքագրում սեփական եկամուտները, բավարար ուշադրություն չեք դարձնում բնակչության առօրյա հոգսերին»-Գեղամասարի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին դիմեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Մարզպետը միաժամանակ առաջարկեց՝ մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը կազմել և մարզպետարան ներկայացնել Գեղամասար համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հնգամյա ծրագիրը, իսկ մինչև հուլիսի 25-ը աշխատանքի նշանակել անասնաբույժների, որոնց թվաքանակը սահմանված է օրենքով: Մարզպետը նաև հույս հայտնեց, որ այստեղ իրավիճակը կարող է շտկվել միայն կազմակերպված ու ջանադիր աշխատանքի և մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում: «Մենք այս պահից ազդարարում ենք յուրաքանչյուր խնդրին ամենայն պատասխանատվությամբ մոտենալու, իրավիճակը շտկելու մեկնարկը: Այստեղ, իրոք, անելիքները հսկայական են, իրավիճակը՝ մտահոգող: Եթե դուք բավարար չափով չհավաքագրեք սեփական եկամուտները, ֆոնդային բյուջեում էլ անհրաժեշտ գումար չունենաք, չեք կարողանա մասնակցել կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին: Իսկ այս վիճակը մենք երկար չենք հանդուրժի»-շեշտեց Իշխան Սաղաթելյանը:

Գեղամասարի բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից բարձրացված հիմնահարցերի մեջ առանցքային էին Շորժա-Վարդենիս հանրապետական նշանակության ճանապարհի 15 կիլոմետր երկարության հատվածի հիմնանորոգման, Շատվան և Շատջրեք համայնքներում խմելու և ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրները:

Մարզպետը, պատասխանելով բարձրացված հարցերին, նշեց, որ Շորժա-Վարդենիս ճանապարհի անբարեկարգ հատվածի հիմնանորոգման հարցն արդեն ներկայացված է կառավարության քննարկմանը, իսկ Շատվանի և Շատջրեքի խմելու և ոռոգման ջրի մատակարարման ապահովման ուղությամբ իրականացվող աշխատանքները արդեն մշակվել ու գործողության մեջ են դրվում գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ:

Իշխան Սաղաթելյանն այցելեց Գեղամասար համայնքի Շատվան և Շատջրեք գյուղեր, որտեղ «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեց երկու գյուղերի խմելու և ոռոգման ջրի մատակարարման հրատապ խնդիրը: Տեղում մանրակրկիտ ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ մարզպետը կողմերին առաջարկեց՝ համատեղ գտնել օպտիմալ ու ժամանակավոր լուծում, մինչև որ ծագած հարցերը լուծում կստանան նոր ջրամատակարարման համակարգերի կառուցման ու շահագործման արդյունքում:

«Երկու գյուղերում էլ ջրի մատակարարման հարցը բավականին բարդ է: Տեղում կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործ ունենք ապօրինի ջրօգտագործման փաստի հետ, որը պետք է գտնեն պատկան մարմինները: Մինչև խնդրի հիմնական լուծումը ,մենք համատեղ կփորձենք ժամանակավոր լուծում գտնել, որպեսզի մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում բնակավայրերը խմելու և ոռոգման ջուր ունենան»-նշեց մարզպետը:

Այցի ավարտին մարզպետն այցելեց Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոց: Դիտարկելով դպրոցի շենքի անմխիթար վիճակը՝ Իշխան Սաղաթելյանը շահագրգիռ անձանց հետ քննարկեց շենքի հիմնանորոգման խնդիրը՝ այն համարելով հրատապ ու առաջնահերթ լուծում պահանջող:


ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել