Փորձ է արվում նսեմացնել պայքարող, արարող եւ սկզբունքային տեսակը

Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակի, վերջին զարգացումների մասին «Ապառաժ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սևակ Խաչատրյանը:

– Վերջերս սոցիալական ցանցերում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանի արտահայտած միտքը ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում` Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ, ում մասին մասնավորապես ասել է. «Մանկահասակ դեմքով տղա. էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»: Կ. Փաշոյանի արտահայտած մտքին կոշտ արձագանք է տվել ԱՀ ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ երևույթին:

– Վերջին օրերին ընթացող երեւույթներն, իմ կարծիքով, տեղի ունեցող ավելի լայն մի գործընթացի բաղկացուցիչ մասն են: Իսկ տեղի ունեցող գործընթացը դեռեւս հիմա գոնե ինձ համար տարօրինակ, բայց եւ վտանգներ պարունակող գործընթաց է: Փորձ է արվում նսեմացնել, ազգաբնակչության շրջանում վարկաբեկել պայքարող, արարող եւ սկզբունքային տեսակը: Ես միանգամայն պատահական չեմ համարում տեղեկատվական, քարոզչական այն հնարքները, որոնք կիրառվում են այս օրերին՝ ոչնչացնելու մի արժեհամակարգ, որը հաղթող է, որը պայքարող է: Ասվածի վառ օրինակը վերջին օրերին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կերպարի նսեմացումն էր: Գիտեք, դրանից վտանգավոր երեւույթ ես չեմ տեսնում: Ռոբերտ Աբաջյանը 21-րդ դարի հայ երիտասարդի հավաքական կերպարն է, որը գիտակցված նահատակվել է հանուն հայրենիքի, հանուն ավելի ամուր, ավելի անվտանգ, ավելի հզոր Հայաստանի, որտեղ ինքը, ի դեպ, գիտեր, որ այլեւս չի հասցնելու ապրել, բայց կերտել է այն հանուն իր ընտանիքի, իր ընկերների, իր ժողովրդի: Եվ իր չապրելու որոշումը ինքն է կայացրել: Մի՞թե կարելի է այս տեսակին նսեմացնել: Սա մեծագույն հանցագործություն է: Հպարտանալու, նոր արժեհամակարգ կերտելու փոխարեն ոչնչացնում ենք այս տեսակը:

Այս ահավոր վտանգավոր գործընթացի մեջ եմ դիտարկում նաեւ այն, ինչ տեղի է ունենում Արցախում: Սրընթաց արագությամբ հեղինակազրկում են Արցախյան ազգային ազատագրական պայքարի, արցախյան ազատամարտի հերոսներին եւ նրանց անցած ուղին: Սա նոր սերնդի գնահատակա՞նն է այն մարդկանց, ովքեր պետականություն են ժառանգել իրենց: Ո՛չ, ես նույնպես նոր սերնդի ներկայացուցիչ եմ, եւ երախտապարտ եմ նրանց, ովքեր կերտել են մեր ազատ եւ արժանապատիվ ապրելու իրավունքը: Սա բնավ չի նշանակում, որ ազատամարտում հաղթած սերունդը պետք է երեսով տա կամ շահագործի իր ավանդը` ի վնաս մեր արդար ընթացքի, ի վնաս մեր ժողովրդավարության կայացման եւ ի վնաս մեր պետականության ամրապնդման: Մենք գիտենք թացը չորից տարբերել:

– Իսկ ինչ վերաբերում է Ձեր կուսակցական ընկեր, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի տան և նրան պատկանող այլ շինությունների խուզարկությանը, արդյո՞ք դրանք հիմնավորված եք համարում:

– Կարծում եմ՝ ավելորդ կլինի որեւէ մեկին հիշեցնել Արթուր Աղաբեկյանի ավանդն Արցախյան ազատամարտում, նրա հետագա գործունեությունը թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում: Ես ուզում եմ խոսել նրա գործունեության մասին Արցախում վերջին տարիներին եւ հատկապես 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ: Նրա հետ ուղղակի սկսել եմ շփվել 2013 թվականից սկսած, երբ նա նշանակվել է Արցախի Հանրապետության փոխվարչապետ: Շատերին պետք էլ չի ներկայացնել նրա ակտիվ գործունեությունը Արցախի տնտեսական կյանքում: Հարյուրավոր մարդիկ չեն կարող պարզապես երախտապարտ չլինել նրան, որ արդեն տարիներ շարունակ աշխատանք ունեն շնորհիվ նրա նախաձեռնությունների եւ մտահղացումների: Շատ մարդիկ հենց նրա հորդորով եւ նրա աջակցութամբ հիմնեցին իրենց նոր գործն Արցախում:

Իսկ ապրիլյան պատերազմի օրերին անձամբ եմ ականատես եղել նրա նախաձեռնող եւ կազմակերպիչ գործունեությանը թե՛ թիկունքում,թե՛ առաջնագծում:

Այսօր նրան շինծու մեղադրանք է առաջադրվել 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ-ից և արտերկրից առաջնագծի և զինծառայողների համար տրամադրվող օգնությունից յուրացում անելու մեջ: Նրան ճանաչող մարդկանց մոտ զայրույթն անչափելի է:

Մարդ, որ անընդհատ տվել է իր երկրին, այսօր նրան մեղադրում են այդ երկրից յուրացնելու մեջ: Սա պարզապես խայտառակություն չէ, սա վտանգավոր դավադրություն է մեր ազգի դեմ, սա թույն է, որն ուղղված է թուլացնելու մեր ազգային դիմադրողականությունը:

-Այսինքն, Ձեր կարծիքով՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացված նման գործողություններում ազգային միասնականությունը խաթարելու հատուկ միտում կա՞:

-Ապրիլյան պատերազմի ժամանակ համազգային համախմբում իրականացրած եւ ակտիվ դերակատար հանդիսացող ռազմաքաղաքական գործչի նկատմամբ նման քայլերը, նրա անձի վարկաբեկման եւ ազգաբնակչության մեջ նրա անձի եւ գործունեության վերաբերյալ անհիմն կասկածներ տարածելու նմանատիպ փորձերը հղի են լուրջ վտանգներով, եւ ոչ այլ ինչ են, քան հարված պատերազմող երկրի ազգային անվտանգությանը եւ սպառնալիք համազգային համախմբման գաղափարին: Կարծում եմ, որ նմանատիպ անհեռանկար երեւույթներն ու չգնահատված քայլերը կարղ են լուրջ վտանգ հասցնել մեր ժողովրդի կամքին, համազգային համախմբման եւ միասնականության գաղափարին, ինչը կարող է կործանարար լինել արտաքին մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմագրավելու գործում:

Ուզում են ոչնչացնե՞լ նրա տեսակը՝ պայքարող, արարող տեսակը, չեն կարողանալու: Վստահ եմ, մեր ժողովուրդը բավարար իմաստություն եւ դիմադրողականություն ունի՝ մերժելու այս երեւույթները եւ խայծը կուլ չտալու:

«Ապառաժ»

Տպել Տպել