- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՄԸՄ-ն արդեն մեկ դար չի շեղվել իր հիմնական առաքելությունից


«Պատվաբեր անցյալից հաղթական ապագա». այս խորագրով հուլիսի 19-29-ը Հայաստանում (Բյուրական) մեծ շուքով նշվելու է ՀՄԸՄ-ի մեկդարյա հոբելյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի աջակցությամբ: Երևանն այս առիթով կհյուրընկալի 3000 ՀՄԸՄ-ականների:

Այսօր Սփյուռքի նախարարությունում կայացավ ՀՄԸՄ-ի` Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ակաան բանակումին նվիրված մամուլի ասուլիսը, որին ներկա էին ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, Կենտրոնական վարչության գանձապահ Վաչե Նաջարյանը, Բանակումի ընդհանուր խմբապետ Թալին Օրդողլյանը, ՀՄԸՄ-ՀԱՍԿ (Հայաստանի Ազգային Սկաուտական կազմակերպություն) ատենապետ Դավիթ Հակոբյանն ու «Մարզիկ» ամսագրի խմբագիր Վիգեն Ավագյանը:

«Ուրախությամբ պետք է հայտարարել, որ 2018-ը 100-ամյակների տարի է: Մենք մեծ շուքով նշեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը և շուտով` հուլիսի 19-ին, մեկնարկը կտրվի այն 100-ամյակի, որը կարելի չէ բաժանել Մայիսի 28-ից»,- բացման խոսքում նշեց Գառնիկ Մկրտիչյանը` տեղեկացնելով, որ իրականում ՀՄԸՄ-ի տարեդարձը նոյեմբերի 16-ին է, սակայն, քանի որ հնարավոր չէ աշխարհասփյուռ սկաուտներին մեկտեղել ձմռանը, ապա, ինչպես և 4 տարին մեկ է լինում, այս տարի Կենտրոնական վարչությունը դարձյալ որոշել է հայրենիքում համախմբվել ամռանը:

Մկրտիչյանը ուշադրության հրավիրեց նաև այն հանգամանքին, որ այս տարի առաջին անգամ բանակումի խմբապետությունը կստանձնի ՀՄԸՄ ընտանիքում բազմամյա վաստակ ունեցող քույր Թալին Օրդողլյանը:

Անդրադառնալով ՀՄԸՄ-ի պատմությանն ու ստեղծմանը` նա վստահեցրեց, որ բազմամյա այս միությունը Սփյուռքում միակն է, որն ունի մոտ 28.000 անդամ և գործում է 110 մասնաճյուղերով` թե’ սկաուտական, թե’ մարզական թևերով:

«Առողջ միտք, առողջ մարմին: Եվ ինչպես ՀՄԸՄ-ի նշանաբանն է ասում` «Բարձրացիր, բարձրացուր»: ՀՄԸՄ-ը 100 տարի շարունակ իր ընթացքում ոչինչ չի փոխել: Ինչպես հիմնադրվեց Պոլսում, այնպես էլ շարունակել է իր ուղին: Ես միշտ ասել եմ` կան որբացած գաղութներ, իսկ ՀՄԸՄ-ը մեծ դերակատարություն ունի այդ գաղութներն ու դրանց հայորդիներին համախմբելու հարցում: Բոլորը քաջատեղյակ են, որ Սփյուռքում հայապահպանման խնդիր կա, իսկ Հայստանում նման խնդիր չկա: Հետևաբար, մենք այդ հարցում վստահել ենք ինքներս մեզ»,- անդրադառնալով ՀՄԸՄ-ի խորհրդին` ասաց Մկրտիչյանը:

Հարցին, թե ՀՄԸՄ-ը ստեղծվել է Պոլսում, արդյո՞ք ներկայումս դեռ շարունակում է գործունեություն ծավալել այնտեղ, Մկրտիչյանը պատասխանեց, որ բազմիցս փորձել են վերադառնալ և վերահիմնադրվել Պոլսում, սակայն քաղաքական հասկանալի պատճառներով, ցավոք, չի հաջողվել:

Այնուամենայնիվ, ՀՄԸՄ ԿՎ ատենապետն ուրախությամբ տեղեկացրեց, որ 100-ամյակի միջոցառումների ջահավառությունը տեղի է ունեցել ՀՄԸՄ-ի հիմադիր երրորդություններից Հովհաննես Հինդլյանի` Կ.Պոլսում գտնվող շիրիմին` միության ներկայացուցիչներ Դավիթ Հակոբյանի և Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ: Նրա խոսքով` Պոլսից բերված ջահով կմեկնարկեն ՀՄԸՄ-ի 100-ամյակի միջոցառումները:

Մկրտիչյանը անդրադարձավ նաև Սիրիայում ՀՄԸՄ-ականների թվին: Նա նշեց, որ նախորդ տարիներին Սիրիայում ՀՄԸՄ-ականների թիվը բավականին լուրջ է եղել, սակայն պատերազմական իրավիճակում, հասկանալի պատճառներով այդ թիվը զգալի նվազել է: Սակայն, ըստ Մկրտիչյանի, չնայած այդ ամենին, 100-ամյակի բանակմանը այս տարի մասնակցում է Սիրիայից ժամանակ 10 ՀՄԸՄ-ական:

Նա պարզաբանեց նաև, որ աշխարհի տարբեր անկյուններում ՀՄԸՄ-ին միացած հայորդին Հայաստանում հաստատվելուց հետո դադարում է լինել իր երկրի մասնաճյուղի անդամ` փոխարենը դառնալով հայաստանյան կառույցի` ՀԱՍԿ-ի անդամ: «Եվ կան սփյուռքահայեր, ովքեր Հայաստանում հաստատվելու պատճառով այս բանակմանը մասնակցելու են ոչ թե որպես իրենց մասնաճյուղերի, այլ որպես ՀԱՍԿ-ի անդամ»,- նշեց Մկրտիչյանը:

Արձագանքելով հարցին, թե ՀՄԸՄ-ն, քաղաքական հարցերով պայմանավորված, դիրքորոշում փոխո՞ւմ է, Մկրտիչյանն ասաց. «ՀՄԸՄ-ը քաղաքական կյանքում ոչ մի դերակատարություն չի ցանկանում ունենալ: Սակայն, ինչ վերաբերում է Հայ դատին և հայկական բանակին, մենք 100 տարի մեր երիտասարդությանը պատրաստել ենք որպես «կամավոր բանակ»` ազգին և հայրենիքին նվիրվելու: Այնպես որ` հարկ եղած դեպքում ՀՄԸՄ-ը կանգնած է ազգի և հայրենիքի պաշտպանության համար»:

ՀՄԸՄ-ի 100-ամյակի ծրագրերի մասին խոսեցին նաև Վաչե Նաջարյանն ու Թալին Օրդողլյանը` մանրամասն ներկայացնելով ծրագրերի ժամանակացույցը: Նրանք տեղեկացրեցին, որ այս տարի բանակման համար արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր սկաուտ կարողանա մասնակցություն ցուցաբերել:

Թալին Օրդողլյանը տեղեկացրեց, որ սկաուտների օրակարգը 10 օրերի ընթացքում կլինի հագեցած, սակայն թվաքանակի մեծ լինելու պատճառով սկաուտները այցելություններ կիրականացնեն մաս-մաս: Բյուրականում կայանալիք բանակման տարբեր օրերի ընթացքում կլինեն զանազան միջոցառումներ, դասախոսություններ, արշավ, միջազգային օր, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած սկաուտներ կներկայացնեն իրենց երկրների մշակույթը, կերակրատեսակները, երգն ու պարը: Կհատկացվի նաև օր, երբ սկաուտները խմբերով կբարձրանան Արագած լեռը:

ՀՄԸՄ-ի 100-այակի արարողությունների ժամանակացույցը` այստեղ [1]:
Բանակումների ամենահաճելի մասը, անկասկած, կլինեն խարույկահանդեսները: Յուրաքանչյուր երեկո սկաուտները առիթ կունենան, ըստ երկրների, ներկայացնելու իրենց պատրաստած բեմականացումները, երգելու, պարելու և հաճելի ժամանակ անցկացնելու մինչև կրակմարը:

yerkir.am [2]

ՀՄԸՄ-ն արդեն մեկ դար չի շեղվել իր հիմնական առաքելությունից

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) արդեն հարյուր տարի հավատարիմ է մնում իր առջև ի սկզբանե դրված առաքելությանը՝ հայ երիտասարդների առողջ միտքն առողջ մարմնի մեջ պահել: Շուրջ 3 000 հոմենեթմենականներ ժամանել են Հայաստան՝ հայրենիքում նշելու միության 100-ամյակը:

Լրագրողների հետ հանդիպմանը 100-ամյակի միջոցառումների մասին խոսեց ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը:

«Երիտասարդական միակ կազմակերպությունն ենք սփյուռքում, որն ունի շուրջ 28 000 անդամ: Աշխարհով մեկ ունենք 110 մասնաճյուղ: Նպատակը հայ երիտասարդների առողջ միտքը առողջ մարմնի մեջ պահելն է: 100 տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել այս առումով: Սփյուռքում ապրող երիտասարդներին միմյանց միավորելու դերակատարությունը ևս մեծ է: Սփյուռքը կարիք ունի հայապահպանության: Հետևաբար, այդ աշխատանքի մեջ այդ դերակատարությունը ևս ունենք»,-ասաց Մկրտիչյանը:

Անդրադառնալով հայրենիքում անցկացվող միջոցառումներին՝ նա առանձացրեց դրանցից մի քանիսը: Հոմենեթմենականներն իրենց հիմնադիրների գերեզմանին վառված ջահերը կմիացնեն անմար կրակին Ցեղասպանության հուշահամալիրում: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գրեթե մեկ շաբաթ կներկայացվեն թանկարժեք իրեր, որոնք կպատմեն հոմենեթմենների 100 տարվա պատմությունը: Այդ իրերը Հայաստան են բերվել Բեյրութի իրենց թանգարանից:

Հոմենեթմենականները բազմաթիվ այցելություններ կունենան: Հարգանքի տուրք կմատուցեն Եռաբլուրում: Կմեկնեն նաև Գյումրի, որտեղ Վահան Չերազի անունը կրող փողոցի մուտքում կկատարեն նրա արձանի բացումը: Երևանի Ազատության հրապարակից շքերթ կկազմակերպվի: Իսկ հուլիսի 24-ին Օպերայի դահլիճում պաշտոնական հանդիսություն կլինի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Հոմենեթմենականները նաև գիտաժողով կանցկացնեն:


Գառնիկ Մկրտիչյանը հոմենեթմենականներին մի մեծ ընտանիք է համարում: «Միության երիտասարդները ոչ միայն ֆուտբոլ, բասկետբոլ խաղալու են գալիս, այլ նաև միավորվելու»,-նշեց նա:

Մկրտիչյանը նշում է՝ միությունը հիմնադրվել է Պոլսում, սակայն ներկայում այնտեղ մասնաճյուղ չունեն: Շատ կուզեն այնտեղ նորից վերակազմավորվել, սակայն քաղաքական պայմանները թույլ չեն տալիս: Իսկ Սիրիան միության բաբախող սիրտն է համարվում, որտեղ, չնայած քաղաքական իրավիճակին, դեռ գործում է 5 մասնաճյուղ:

ՀՄԸՄ-ն հիմնվել է 1918 թ. նոյեմբերի 18-ին Կոստանդնուպոլսում։ Կարգախոսն է «Բարձրացի‘ր, բարձրացո‘ւր»: Ունի մասնաճյուղեր ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։ Հայ մարմնակրթական ընդհանուր միություն ստեղծելու գաղափարի հեղինակը Շավարշ Քրիսյանն է:

Հիմնադրման օրվանից ի վեր Հ.Մ.Ը.Մ.-ը մեծ ուշադրություն էր հատկացնում որբահավաք աշխատանքներին և օգնություն ցուցաբերում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին։ Եղեռնից հետո Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական և օտարերկրյա կազմակերպությունների կողմից ստեղծվեցին բազմաթիվ որբանոցներ։ Այս կազմակերպությունների շնորհիվ ցեղասպանություն վերապրած հայ մանուկներն ապահով հանգրվան գտան։ Ներկայում այն գործում է մարզական և սկաուտական թևերով:

yerkirmedia.am