Տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Երեւանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում կայացավ Հայաստանի Առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, Դաշնակցական Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին վարչապետը, հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, Դաշնակցական գործիչներ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, հասարակական-քաղաքական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ:

Ելույթ ունեցավ կաթողիկոս Գարեգին Բ-ն` իր հայրապետական օրհնությունը բերելով հասարակական-պետական մեծ գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ո՞վ է Արամ Մանուկյանը: Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս նրա, գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ: Որովհետև նրա կյանքը և գործունեությունը նման են ոչ թե մի մարդու կյանքի և գործունեությանը, ով ծնվեց, ապրեց և մահացավ, այլ ով ծնվեց` իրականացնելու համար մի մեծ առաքելություն, և ի վերջո իրագործեց այն: Դա իսկապես մի մեծագույն առաքելություն էր` գտնել հաղթանակ` պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս` հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թևերդ թուլացած են, ծնկներդ ծալված ու ողնաշարդ կոտրված: Նա երբեք ու երբեք չապրեց իր համար, իր ընտանիքի համար, նա ապրեց իր ժողովրդի համար, պայքարեց իր ժողովրդի համար, հաղթեց իր ժողովրդի համար: Նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից փոխանցված հիվանդության արդյունքում: Նա քայլել է այն տեղերով, որտեղ հիմա մենք կանգնած ենք: Ուստի մենք ունենք առաքելություն` լինել արժանի Արամ Մանուկյանին, նրա առաքելությանը, ապրել այնպես, որ ունենանք իրավունք ամեն անգամ նրա արձանի կողքով անցնելիս, ուղիղ նայել նրա աչքերի մեջ, ասել, որ մենք տերն ենք Ձեր առաքելությանը, որ ձեր գործը կիսատ չէ, որ ձեր հաղթանակը կենդանի է»:

Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, որն անդրադարձավ Արամ Մանուկյանի կյանքի եւ գործունեության առանձին դրվագների եւ կարեւորեց Արամ Մանուկյանի՝ որպես հայոց պետականության կերտչի դերը մերօրյա սերնդի դաստիարակության գործում:

Կարճ խոսքով հանդես եկավ նաեւ արձանի հեղինակ, քանդակագործ Դավիթ Մինասյանը: «Այս հուշարձանը բաղկացած է երեք հիմնական տարրերից` պատվանդանը, որը խորհրդանշում է հայոց աշխարհը, հայոց պետական դրոշը և Արամ Մանուկյանը: Եռագույնին փաթաթված լինելը ակնարկն է այն բանի, որ նա, որպես միակ ունեցվածք, ունի իր ստեղծած հայոց պետականությունը: Պատվանդանի ճեղքը ուրվագծում է այսօրվա Հայաստանի քարտեզը»,- ասաց Դավիթ Մինասյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր լավ կամ վատ կարծիք են հայտնել արձանի վերաբերյալ:

Վերջում հանրապետության ղեկավարները եւ Վեհափառը ծաղիկներ դրեցին Արամ Մանուկյանի արձանի պատվանդանին:

Տպել Տպել