«Ապառաժ»-ի խմբագրական. Քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը՝ գերակա արժեք

Յուրաքանչյուր երկրի ներքին անդորրն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ իրավական հիմքերի վրա կառուցված պետություն: Երբ իրավական հիմքերը խարխլվում են, այլեւս պետական կառույցները չեն կարողանում տիրապետել իրավիճակին, եւ ստեղծվում է քաոս:

Յուրաքանչյուր պետության մեջ այդ իրավական հիմքերը պահելու համար ստեղծվում են կառույցներ, որոնց վրա դրվում է պարտականություն՝ ուժի կիրառմամբ օրենքը պահպանելու: Այդ կառույցներն օժտված են օրենքի թույլտվությամբ բիրտ միջոցներ կիրառելու, քաղաքացիներին կարգի հրավիրելու, ինչու չէ՝ նաեւ այդ ուղղությամբ քննություն անցկացնելու եւ եզրակացություն ներկայացնելու համապատասխան մարմիններին՝ մեղսակցության չափը պարզելու եւ պատժելու համար: Իրավապահ մարմինները գոյություն ունեն յուրաքանչյուր պետության մեջ եւ հանդիսանում են պետության անբաժանելի մասը:

Բնականաբար, իրավապահ մարմինների աշխատանքները եւս սահմանվում են օրենքներով, որոնց հիման վրա գնահատվում է իրավապահ մարմինների գործունեության իրավաչափությունն ու օրինականությունը:

Իրավապահ մարմինների գործունեության առաջնային կարեւորագույն խնդիրներից մեկը քաղաքացու տարրական իրավունքների պաշտպանությունն է: Իսկ այդ մարմինների անզգույշ, անիրավաչափ եւ կողմնակալ քայլերը գալիս են վարկաբեկելու հենց տվյալ պետությանը:

Պատմության ընթացքում պետության մեջ տեղի ունեցող քաղաքական վարիվերումները, ծայրահեղ պարագայում՝ հեղափոխությունները, առիթ են եղել հաշվեհարդարների: Նոր իշխանությունները բաց չեն թողել նախորդներին մեղադրելու հնարավորությունը, տեղին կամ անտեղի մեղադրանքներ ներկայացնելը, եւ այդ բոլորի համար օգտվել են օրենքի ուժով պետությանը տրված ուժի կիրառման հնարավորությունից:

Ահա այստեղ է, որ պետք է լինել զգույշ եւ աչալուրջ: Պետք է առաջնորդվել ոչ թե վրեժխնդրության անհանգ զգացումով, այլ արդարության ու օրինականության հաստատման գերագույն արժեքներով: Այդ գործընթացում կարեւոր է նկատի ունենալ նաեւ պետության հիմքերը չխաթարելու, ժամանակի ընթացքում ձեւավորված արժեքային համակարգը չոչնչացնելու պարագան եւս:

ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նկատելի է օրինականության հաստատման ուղղությամբ ծավալուն աշխատանքի արդյունավետությունը: Բնական է, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից կիրառված միջոցները իրենց հետեւանքներն ունենան նաեւ Արցախում: Հասկանալի է, որ Արցախում պետք է կատարվեն հետաքննություններ:

ԱՀ-ն, որպես կայացած պետություն, հատկապես իր Սահմանադրությամբ քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը հռչակել է որպես գերակա արժեք: ԱՀ օրենսդրությամբ լիազորված նրա կառույցները՝ իրավապահ մարմինները, պարտավոր են անմիջական մասնակցություն ունենալ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ որեւէ քննչական մարմնի կողմից հարուցված հետաքննությանը: Դեռ ավելին, Արցախի քաղաքացու նկատմամբ մեղադրանքի չափը պետք է պարզեն Արցախի իրավապահ մարմինները, եւ միայն եզրակացությունը տրամադրեն շահագրգիռ կողմին: Այս գործընթացը պետք է լինի հնարավորինս հրապարակային եւ սեղմ ժամկետում՝ խուսափելու համար անտեղի շրջանառվող զրպարտություններից եւ շահարկումներից:

«Ապառաժ»-ի խմբագրական, 19 հուլիսի, 2018թ.

aparaj.am

Տպել Տպել