ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիայի թագավորություն կատարած այցի արդյունքների, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության վերաբերյալ Եվրոպայի կարծիքի եւ ԵՄ–Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ը աշխատանքային այցով Բելգիայի թագավորությունում էր: Ի՞նչ արդյունքների եւ ձեռքբերումների մասին կարող ենք խոսել:
– Որպես առաջին այցելություն եւ ծանոթացում ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության գործընկերների հետ՝ կարելի է ասել, որ անմիջական արդյունքներ չեն սպասվում, բայց ընդհանուր մթնոլորտը լավ էր: ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության անդամները լավ ընդունեցին Նիկոլ Փաշինյանին, խոստումներ եւս հնչեցին՝ Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հետ կապված:
Հատկանշական է նաեւ այն համեմատականը, թե ինչպես Հայաստանում հնարավոր եղավ Թավշյա հեղափոխության միջոցով փոխել երկրում ստեղծված կացությունը, իսկ Ադրբեջանում գնալով կացությունը վատանում է՝ Ալիեւի դիկտատորական վարչակարգով: Կարծում եմ, որ դա մտածելու տեղիք է տալիս Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւին, որ կարող է նույն մթնոլորտը իր երկրի մեջ էլ ստեղծվել: Ճիշտ հակասություն է ստեղծվել ժողովրդավարական արդյունքների վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
– Բրյուսել եռօրյա այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաեւ Ձեզ հետ: Հետաքրքիր է՝ ի՞նչ օրակարգ էր ներառում հանդիպումը:
– Նիկոլ Փաշինյանը նախկինում, որպես ՀՀ խորհրդարանի պատգամավոր, այցելել էր մեր գրասենյակ եւ տեղյակ էր մեր կողմից կատարվող աշխատանքների մասին: Որպես ՀՀ վարչապետ՝ առաջին անգամ ենք հանդիպել: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ կրթության նախարարը եւ իր օգնականը: Հանդիպման ընթացքում խոսել ենք վերջին շրջանում մեր կատարած աշխատանքների մասին, Եվրոպական խորհրդարանում եւ ընդհանրապես ԵՄ-Հայաստան մերձեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:
Ն. Փաշինայնը ներկայացրել է իր առաջնահերթությունները մի շարք ուղղությունների համար:
Ասեմ, որ երկու անգամ հանդիպել ենք նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, քննարկել ընթացքի մեջ գտնվող զանազան հարցեր:
Ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել, որ Ն. Փաշինյանի հետ հանդիպումը դրական էր, եւ մեր հարաբերությունները պետք է շարունակվեն:
– Պատահականությո՞ւն է արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջին հանդիպումը Բրյուսելում կազմակերպելը, թե՞ հանդիպումը փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Եվրոպական միության առաջնահերթություններից մեկը:
– Պատահական՝ այն իմաստով, որ բոլոր կողմերը պետք է Բրյուսելում լինեին, եւ առիթը եղավ՝ նախաձեռնելու ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Չեմ կարծում, որ առաջին հանդիպման ժամանակ խորքային խոսակցություն կամ լուրջ տեսակետներ փոխանակված լինեին:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրի՝ ԵՄ օրակարգում լինելուն, չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը Եվրոպական միության առաջնահերթություններից է: Անշուշտ, Եվրոպան կարեւորում է Արցախյան հարցը՝ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ լինելու տեսանկյունից, բայց ոչ որպես իրենց անմիջական առաջնահերթություն:
– Կարո՞ղ ենք համարել, որ Եվրախորհրդարանի ձայների գերակշիռ մեծամասնության հավանությանն արժանացած ԵՄ–Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը Հայաստանի արտաքին քաղաքականությունում կարեւորագույն ձեռքբերումներից է:
– Այո, ամենակարեւոր ձեռքբերումներից է, մանավանդ Հայաստանի՝ 2013-ին համաձայնագիրը չստորագրելու որոշումից հետո: Հայաստանն այդ ժամանակ գրեթե մեկուսացման մեջ հայտնվեց: Մեծ պայքար ենք տարել այն ժամանակվա արտաքին գործերի փոխնախարարի հետ՝ Հայաստանին դուրս բերելու մեկուսացումից եւ հասկացնելու եվրոպացիներին, որ մեկուսացումը որեւէ կողմի համար շահավետ չէ: Այդ ուղղությամբ մեր աշխատանքն արդյունք տվեց, եւ համաձայնագիրը ստորագրվեց:
Համաձայնագրի ստորագրումը կարեւոր է Հայաստանի համար, մանավանդ այն տեսանկյունից, որ համաձայնագրի հիման վրա Հայաստանում կկատարվեն ներքին փոփոխություններ եւ նաեւ առիթ կստեղծեն՝ Եվրոպայի կողմից Հայաստանին հատկացվող միջոցների եւ նյութական օժանդակությունների բարձրացման:
– Ինչպիսի՞նն է Եվրոպայի արձագանքը եւ վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության վերաբերյալ եւ ինչպե՞ս են այդ փոփոխություններն ազդել Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների վրա:
– Լսածս եւ հանդիպումների ընթացքում հնչած բոլոր կարծիքները հայ ժողովրդի հասունության եւ ճիշտ կերպով հարցը լուծելու հիացական արձագանքներ էին: Այսօր Հայաստանում որոշ գործընթացներ են սկսվել, որոնք պետք է շարունակական լինեն: Ե՛վ կառավարությունը, ե՛ւ կառավարության աշխատակիցները պետք է զգույշ լինեն իրենց ասածների եւ հայտարարությունների մեջ, տաքարյուն քննարկումներ եւ քննադատություններ չանեն՝ ակնկալելով, որ այսօր խոստացվածը վաղը պետք է իրագործվի:
Պետք է զինվենք համբերությամբ, սպասենք խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ երկրի քաղաքական պատկերը հստակեցնելու համար: Կարծում եմ, որ եթե երկու կողմից հասունություն լինի, երկիրը լավ ընթացքի մեջ կընկնի:
Լուսինե Թեւոսյան
aparaj.am