Ծիծեռնակաբերդում տրվեց Հ.Մ.Ը.Մ. 100-ամյակի պաշտոնական մեկնարկը

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում պատմական օր էր։ Ծիծեռնակաբերդում տրվեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի պաշտոնական մեկնարկը, որին ներկա էին Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, պատմաբան Հայկ Դեմոյանը, բարձրաստիճան հյուրեր, Հ.Մ.Ը.Մ.-ի նախկին և նոր անդամներ։

Հ.Մ.Ը.Մ.-ի նվագախմբի ուղեկցությամբ` նախ կայացավ դրոշի արարողությունը, ապա ելույթով հանդես եկավ Հայկ Դեմոյանը։

«Այսօր պատմական օր է։ Հարյուր տարի անց մենք հավաքվել ենք այստեղ՝ խորհրդանշական արարողություն նշելու համար։ Մեկնարկ՝ մի քանի օր տևող արարողությունների, որոնցով մենք պիտի ոգեկոչենք այն հերոսների սերունդին, ովքեր դարձան վերապրող, ովքեր մաքառեցին, որպեսզի Ցեղասպանությունից մազապուրծ սերունդը ոտքի կանգնի, նորից ազգ վերստեղծի։ Մենք նրանց ժառանգության կրողն ենք, նրանց հիշողության և պատվի կրողն ենք։ Ես կցանկանայի, որ այսօր բոլորը՝ երիտասարդ, թե տարեց, տղա, թե աղջիկ, մտովի լինենք նրանց հետ, ովքեր 1918 թվականի նոյեմբերյան ցուրտ օրերին հիմնեցին Հ.Մ.Ը.Մ.-ն»,-ասաց Դեմոյանը՝ կոչ անելով երբեք չմոռանալ միության հիմնադիրներին։

Նա հիշեցրեց, որ այս միության հիմնադիրները, ի դեմս Շավարշ Քրիսյանի, արեցին ամեն ինչ՝ որբերին օգնելու, նրանց համար սնունդ հայթայթելու, նրանց ֆիզիկական կրթություն տալու համար։

«Մենք այսօր հիշում ենք բոլորին՝ նրանց, ովքեր հղացան այս միությունը ստեղծելու գաղափարը, նրանց, ովքեր պայքարեցին հանուն գաղափարի, և նրանց, ովքեր եղան այդ գաղափարը շարունակողը»,- եզրափակեց Դեմոյանը։

Օրվա առիթով ելույթ ունեցավ նաև Գառնիկ Մկրտիչյանը։ Նա ուրախությամբ հայտնեց, որ Ծիծեռնակաբերդում այսօր կբոցավառվեն չորս այլ ջահեր, որոնք բերվել են Անթիլիասից, Պոլսից, Փարիզից և հայության անմահության խորհրդանիշ Արարատ լեռից։ Այդ վայրերից բերվել է նաև մի բուռ հող, որոնք օրվա առիթով ամփոփվելու են Ծիծեռնակաբերդի պուրակում՝ Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված ծառատնկման ժամանակ։

«Առաջին ջահը եւ անոր հետ բերուած բուռ մը հողը կուգայ Տէր Զօրի անապատներէն Անթիլիասի նահատակաց մատուռ հասած աճիւններէն: Հետեւաբար, ան իրարու կը միացնէ աշխարհասփիւռ մեր նահատակներուն աճիւնները, իբրեւ միացեալ հայութեան, մէկ ու միացեալ դատի արտայայտութիւն: Երկրորդ ջահը եւ անոր հետ բերուած հողը կու գայ Փարիզէն, Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադիրներէն Գրիգոր Յակոբեանի շիրիմէն, ի նշան Հայաստան-Սփիւռք միասնականութեան եւ այդ միասնականութեան մէջ Հ.Մ.Ը.Մ.ի ունեցած կամրջողի դերակատարութեան:

Երրորդ ջահը եւ անոր հետ բերուած հողը կու գայ Պոլիսէն, միութեան հիմնադիր երրորդութեան անդամ Յովհաննէս Հինդլեանի շիրիմէն: Պոլիսը ծննդավայրն է Հ.Մ.Ը.Մ.ի: Ան յատուկ տեղ ունի մեզի համար: Եւ Պոլիսէն բերուած ջահը կրկնակի իմաստ եւ նշանակութիւն ունի Հ.Մ.Ը.Մ.ի համար:

Ջահերու մեր յայտարարութիւնները կեդրոնացած էին երեք ջահերու վրայ, սակայն մեր 24 խմբապետները, աշխարհի չորս ծագերէն համախմբուելով 100ամեակի առիթով մեծ անակնկալ նուէրով մը, ալ աւելի յատկանշական ու զգացական ջահ մը աւելցուցին երեքին վրայ, երբ գաղտնաբար ծրագրեցին ու անտեսելով բոլոր վտանգները, բարձրացան մեր բոլորին համար յատուկ նշանակութիւն ունեցող ու մեր յաւերժութիւնը խորհրդանշող Արարատ լեռը: Անոնք Արարատ լերան գագաթին վերանորոգեցին իրենց սկաուտական խոստումը, չորրորդ ջահը վառեցին ու բուռ մը հող ապահովելով ներկայացան Կեդրոնական Վարչութեան ու այս անակնկալը մատուցեցին մեր բոլորին: Հպարտ ենք մեր խմբապետներով, որոնք մեծագոյն փաստը փոխանցեցին Հ.Մ.Ը.Մ.ական դաստիարակութեան յատկանշութեան»,-Արարատ լեռից բերված անակնկալի մասին մանրամասնեց Գառնիկ Մկրտիչյանը։

Ծառատնկումից հետո ներկաները այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ կայացավ միության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Ցուցասրահում ամփոփվել են Հ.Մ.Ը.Մ.-ի փառահեղ անցյալին և վաստակավոր Հ.Մ.Ը.Մ.-ականների մասին լուսանկարներ, իրեր, տեղեկություններ, որոնք բերվել են Լիբանանից։ Ցուցահանդեսը կգործի մեկ շաբաթ։

yerkir.am

Տպել Տպել