Պրոգրեսիվ հարկի ապահովումը մարդկանց մոտ կստեղծի սոցիալական արդարության զգացում

Եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը նախկին և ներկա կառավարության օրակարգային կարևոր հարցերից մեկն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով եկամտահարկի դրույքաչափի փոփոխության անհրաժեշտությանը:

«Դա հնարավորություն կտա մեր քաղաքացիներին ավելացնել իրենց կողմից տնօրինվող եկամուտները: Ներկայում փորձ է արվում վերանայել հարկային քաղաքականությունը` մարդու եկամուտից հարկումը դեպի սպառում տեղափոխելու հարցը: Այսինքն՝ մենք մարդկանց եկամտային հարկը նվազեցնենք, դրան հակառակ ավելացնենք սպառման հարկերը, հնարավորություն տանք, որ մարդն իր եկամտով որոշում կայացնի՝ որ ապրանքն է ուզում ձեռք բերել՝ թա՞նկ, թե էժան»,- ասաց նա:

Սուրեն Պարսյանը նշեց, որ դեմ է որոշակի տոկոս ֆիքսելուն՝ անկախ եկամտի չափից։

«Պետք է գոյություն ունենա որոշակի պրոգրեսիա, պրոգրեսիվ հարկի ապահովումը մարդկանց մոտ կստեղծի սոցիալական արդարության զգացում:

Այսինքն` ցածր եկամուտ ստացողը կհասկանա, որ բարձր եկամուտ ստացողն ավելի բարձր է վճարում: Շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքը պետք է գործի»,-ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ մինչև 500 հազար դրամ ստացողները աշխատողների 98 տոկոսն են, և մինչ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար ևս մեկ սանդղակ պետք է նախատեսել, օրինակ` մինչև 300 հազար դրամ ստացողների համար եկամտահարկի տոկոսադրույքը այլ լինի, դրանից բարձր ստացողների համար՝ այլ տոկոսադրույք և 500 հազար դրամից ավելի ստացողներինը՝ ավելի բարձր տոկոսադրույք:

Անդրադառնալով այն մոտեցմանը, թե մեկի բարեկեցությունը հնարավոր է ավելացնել միայն մյուսի բարեկեցության նվազման հաշվին՝ տնտեսագետն ասաց, որ սոցիալական արդարությունն այդ թեզը կոտրում է: «Մենք հարուստից շատ վերցնելով՝ ստեղծում ենք հանրային բարիքներ հասարակության բոլոր անդամների նատմամբ, և հարուստը, հարուստի երեխան էլ է օգտվում այդ ամենից: Եթե հարուստը զգա, որ իրենից պահված բարձր հարկերը գնում են հանրային բարիքներին, պատրաստ է վճարել»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ հետագայում ուզում են առաջարկել, որ եկամտային հարկի տոկոսադրույքը ընտանիքների անդամների թվի հետ կապեն, այսինքն՝ երեք երեխա ունեցողը ավելի քիչ եկամտահարկ վճարի՝ խրախուսելով ծնելիությունը:

Նշենք, որ ներկայումս «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկ կա նվազեցնել եկամտահարկը և մինչև 500 հազար դրամ ստացողների համար սահմանել 20 տոկոս դրույքաչափ, դրանից ավելի ստացողների համար` 25 տոկոս: Կառավարությունում ևս այս հարցը քննարկվում է:

Լիանա Առաքելյան

tert.am
22/07/2018

Տպել Տպել