- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հեղափոխական ալիքի վրա եկած իշխանությունը չպետք է կրկնի նախորդների սխալները

Որևէ խոչընդոտ չկա, որ ՀՅԴ-ն մտնի այս ընտրապայքարի մեջ, բայց վերջնական որոշումը կկայացնի Գերագույն մարմինը. ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն կմասնակցի՞ Երեւանի ավագանու ընտրություններին:

«Մասնակցության հարցը կլուծի Գերագույն մարմինը, որովհետև շատ խնդիրներ կան` այս պայմաններում ի՞նչ ձևով ենք գնում ընտրության` մասնակցության նախկին ձևաչափո՞վ, թե՞ ինչ-որ նոր ձևաչափով: Ներկայիս պայմանները թելադրում են նաև համապատասխան քաղաքական տեղի ու դերակատարության ճշտում: Ի վերջո, դա քաղաքական լուրջ ընտրություն է: Ստեղծված իրավիճակը ԳՄ-ն կվերլուծի և կասի իր վերջնական որոշումը»,- ասաց Ռուստամյանը:

Դիտարկմանը, թե ի՞նչ կփոխվի ընտրական պրոցեսներում, ենթադրվում է, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի, նա արձագանքեց, որ ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ: «Երևանն էլ այդ քաղաքական զարգացումների թատերաբեմն է եղել: Եվ, վստահաբար, այս նոր իրողությունները պարտադրելու են նաև նոր մոտեցումներ ամեն քաղաքական ուժի, որ իր մարտավարությունը ճշտի, քարոզչության ձևերն ու մեթոդները մշակի, և, իհարկե, ընտրությունները կանցնեն բոլորովին նոր` այլ մթնոլորտում, որը, կարծում եմ, շատ ավելի ժողովրդավարական պետք է լինի: Չգիտեմ` հանրապետականններն իրենք կորոշեն` մասնակցեն, թե` չէ: Բայց նախկին ձևերով` վարչական, ֆինանսական … Ի դեպ, մենք նախորդ ընտրություններին չմասնակցեցինք հենց այդ պատճառաբանությամբ, որովհետև, երբ ԱԺ նախորդ ընտրությունները տեղի ունեցան, մենք գնահատեցինք, որ տեղի է ունեցել համատարած ընտրակաշառքի երևույթ, և դա, բնականաբար, շատ սահուն անցնելու էր Երևանի ընտրություններ: Եվ քանի որ այնտեղ էլ քաղաքական մակարդակն ավելի ցածր է, քան հանրապետական ընտրությունների մակարդակը, այդ պատճառով չմասնակցեցինք»,- նշեց Ռուստամյանը և հավելեց, որ, այդ երևույթները նկատի ունենալով, նոր ընտրական միջավայր պետք է լինի, և դա ավելի քաղաքական ու ազատ ընտրություններ է ենթադրում:

Ռուստամյանի կարծիքով` հեղափոխական ալիքի վրա եկած իշխանությունը չպետք է կրկնի նախորդների սխալները, որովհետև տեսել են նրանց ճակատագիրը: «Այսքանը բավարար է` ենթադրելու, որ ընտրությունները պետք է բարձր որակով անցկացվեն»,- ասաց նա:

Հարցին, թե ՀՅԴ-ն քի՞չ շանսեր ունի, ինչպե՞ս է ինքը՝ Ռուստամյանը, գնահատում շանսերը, պատգամավորը պատասխանեց. «Այդ կարծիքները, ասեմ, միշտ են եղել, մեզ համար նորություն չեն: Ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում, բոլորը համարում են, որ Դաշնակցության գործերն ավարտված են, Դաշնակցությունն արդեն պիտի իր ճամպրուկները կապի, գնա: Ինչ ասես` լսել ենք այդ առումով, բայց, ինչպես տեսնում եք, բոլորը գալիս-գնում են, Դաշնակցությունը մնում է»:

yerkir.am