Մենք Հ.Մ.Ը.Մ. ենք ստեղծել ոչ թե մեզ, այլ հայ ժողովրդի համար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ ներկա է եղել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որից հետո հյուրընկալվել է Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված ճաշկերույթին:

Օրվա առիթով նա իր սրտի խոսքն է ասել ներկաներին:

«Երբ փոքր-ինչ հայտնի մարդկանց զավակները մեծանում են, փորձում են ծնողներից անջատվել: Փորձում են չհիշել, որ Հրանտի տղաներն են, ուզում են ինքնուրույն լինել, ուզում են իրենք իրենցով ներկայանալ, ինչը շատ բնական է: Եվ դա ծնողի տեսանկյունից լավ է, ասում ես` ինքնավստահ է, ինքն իրենով է և ինձանով չէ, որ փորձում է ասպարեզ ու շրջապատ ստեղծել: Հիմա` Հ.Մ.Ը.Մ.-ն մեր տղան է: Այսօր ես չլսեցի` Դաշնակցությունը, որովհետև Հ.Մ.Ը.Մ.-ն ինքնուրույն է, որովհետև արդեն ինքնակազմակերպված է, որովհետև արդեն իր ոտքի վրա կանգնած է և գնահատում է իր ծնողներին: Ես ուրախ եմ, որովհետև մենք Հ.Մ.Ը.Մ. ենք ստեղծել ոչ թե մեզ, այլ հայ ժողովրդի համար: Դա արդարացված է: Եվ նույնիսկ մի օր, չցանկանանք լսել, եթե Դաշնակցություն չլինի, Դաշնակցության գործն արդարացված է` Հ.Մ.Ը.Մ., Համազգային և ՀՕՄ ստեղծելով: Ես ուզում եմ մի բան ասել` Հ.Մ.Ը.Մ.-ն մեր ամենամեծ հայկական հասարակական կազմակերպությունն է` ինքնաղեկավարվող և ինքնակազմակերպվող: Եվ նույնիսկ 105 հազար անդամ չունի, միևնույն է, մեր պատմության մեջ ամենամեծ հասարակական կազմակերպությունը Հ.Մ.Ը.Մ.-ն է:

Ինքնաֆինանսավորվող Հ.Մ.Ը.Մ.-ի «տերը» հայ ժողովուրդն է, մեր ժողովրդի կարող մարդիկ են ֆինանսավորում Հ.Մ.Ը.Մ.-ն, և դրա համար էլ Հ.Մ.Ը.Մ.-ն ինքնուրույն է, անկախ է, ազգային է, մերն է: Դա շատ կարևոր է, նամանավանդ` 21-րդ դարում: Նյութական անկախությունը անկախության գրավականն է: Հ.Մ.Ը.Մ-ն ունի իր սեփական ազգային արժեքների հավատքը: Ես այսօր լսում եմ` Հ.Մ.Ը.Մ, առանց «Դաշնակցություն» բառի, լսում եմ հիմնը, խոսքերը, Հայրենիքի հանդեպ մեծ երազանքը, այդ արժեհամակարգը մարդիկային է, ինչն էլ Հ.Մ.Ը.Մ-ն արժևորել է:

Այս արժեհամակարգով է, որ Հ.Մ.Ը.Մ-ն տարբերվում է մյուս` շատ այլ հասարակական կազմակերպություններից: Սա հարստություն է, Հ.Մ.Ը.Մ.-ն մեր ժողովրդի հարստությունն է: Հ.Մ.Ը.Մ.-ն համահայկական կառույց է. Քուվեյթի երեխաներին ես տեսնում, Կիպրոսի երեխաներին ես տեսնում, և, հավանաբար, եթե չլիներ Հ.Մ.Ը.Մ.-ն, նրանց հայկական աշխարհը կսահմանափակվեր Կիպրոսի կամ Քուվեյթի համայնքի հայկական թվով, բայց քանի որ նրանք Հ.Մ.Ը.Մ.-ի անդամ են, նրանց պատկերացումը հայկական իրականությունից շատ ավելի մեծ է: Մենք այս կազմակերպության մեջ ընդունել ենք ամեն մի հայի, և նրանց բերելով Հայաստան` մենք ասում ենք` դու Կիպրոսի հայկական համայնքի անդամը չես, դու հայ ժողովրդի Կիպրոսն ես:

Հայ ժողովուրդն աշխարհով մեկ ներկայություն է, պետականություն է, և նրա ներկայությունը պատիվ է այս ժողովրդին: Սա մեծ արժեք է: Ամեն մեկ հայ պետք է իրեն զգա հայ ժողովրդի մաս, և հայ ժողովուրդն իր գաղութը չէ, հայ ժողովուրդը համահայկական իրականություն է: Սա է, որ Հ.Մ.Ը.Մ.-ն տալիս է ամեն հայի: Եվ սա արժեք է, որ մարդիկ հավաքվում են Բյուրականում և զգում` իրենք որքան մեծ են, և երբեք չեն հոգնում Կիպրոսին, Հալեպին կամ հայկական որևէ գաղութին մաս կազմելուց: Աստված տա` Հ.Մ.Ը.Մ.-ի ճանապարհը կարմիր լինի, հաջող լինի, Աստված տա` Հ.Մ.Ը.Մ.-ն «ծնողից» երկար ապրի»:

Տպել Տպել