Վահե Հարությունյան. Կենսագրություն եւ անցած ճանապարհ

Կանխահաս մահը վաղ ընդհատեց սիրելի ընկեր Վահե Հարությունյանի կյանքը: Կյանք, որ իմաստնացած էր գաղափարին նվիրումով եւ անքակտելիորեն կապված էր Դաշնակցության ընթացքին:

Վահե Հարությունյանը ծնվել է 1958-թվականի, օգոստոսի 6-ին՝ Իրանի Սպահան քաղաքին մաս կազմող, ավանդապաշտ ու հայաշունչ, Նոր Ջուղայում:

Այստեղ նա սովորել է Հայոց Ազգային Քանանյան միջնակարգ դպրոցում: Պատանի տարիքից անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության պատանեկան եւ ապա երիտասարդական միություններին, եղել է ակտիվ անդամ, վարչական մամիններում ստանձնել է պատասխանատվություններ:

Այս տարիները համընկել են Իրանի հեղափոխական փոթորկուն ժամանակահատվածի հետ: Վահեն, ընկերների հետ, ներգրավվել է հայ համայնքի անվտանգությունն ու անդորրը ապահովելու աշխատանքներում:

1979 թվականին, ուսումը շարունակելու նպատակով, մեկնել է Լիբանան: Այստեղ նա հետեւել է Համազգայինի Հայագիտական Բարձրագույն Հիմնարկի դասընթացներին, որպես մասնագիտություն ընտրելով պատմագիտության բաժինը: Ավարտել է 1983 թվականին:

1984-1988-թվականներին Լիբանանի Հայկազյան Համալսարանում ուսանել է Քաղաքագիտություն: Նույն ժամանակ աշխատակցել է Բեյրութի «Ազդակ» օրաթերթին, 1988-1990 թվականներին կատարելով «Ազդակի» ներքին էջերի պատասխանատու խմբագրի պարտականությունները:

Լիբանանում ապրած տարիներին մասնակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության տեղի կառույցի գործունեությանը:

Ստանձնել է Պատանեկան միության վարիչի եւ դաստիարակի պարտականությունը, անդամակցել է ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միությանը, որոշ ժամանակահատված դառնալով ԼԵՄ-ի կենտրոնական վարչության անդամ: Անդամակցել է նաեւ Զավարյան ուսանողական Միությանը:

Այդ տարիներին Վ. Հարությունյանին վիճակվել է լիբանանցի ընկերների հետ զբաղվել հայ համայնքի անվտանգության ապահովման գործով: Արձագանքելով կուսակցության «Դեպի երկիր» կոչին, 1991 թվականի մարտին, Վահե Հարությունյանը ներգաղթել է հայրենիք:

1991 թվականին նշանակվել է Դաշնակցության Երեւանի մամլո եւ տեղեկատվության կենտրոնի տնօրենի պաշտոնին:

Արցախյան ազատագրական պայքարի տարիներին, ընկ. Վահեն, զգալի դերակատարություն է ունեցել ՀՅԴ մարտական գործունեության կազմակերպման հարցերում:

1995թ., ՀՀ իշխանությունների կողմից Դաշնակցության դեմ սանձազերծված բռնաճնշումների պատճառով, հարկադրված է եղել լքել հայրենիքը ու կրկին հաստատվել Բեյրութում:

1995-1998 թթ. Բեյրութում աշխատակցել է ՀՅԴ Բյուրոյի «Դրօշակ» պաշտոնաթերթին:

1998 թվականին վերադարձել է Հայաստան, շարունակել աշխատանքը «Դրօշակում»:

2000 թվականից մինչեւ կյանքի ավարտը եղել է ՀՅԴ Բյուրոյի գործավարը, ինչպես նաեւ կատարել է Բյուրոյի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները:

Ամուսնացած էր գաղափարակից ընկերուհու Թամարի հետ, ուներ մեկ որդի՝ Գալեն:

Դաշնակցությանը եւ հարազատ կուսակցության ճանապարհով հայությանն ու հայրենիքին ծառայության ողջ ուղին Վահե Հարությունյանն անցավ, որպես համեստ եւ անհավակնոտ զինվոր: Դաշնակցության առաքելությունն ու բարոյական նկարագիրն ընկալեց որպես անսակարկելի արժեքներ, եղավ բծախնդիր ու կարգապահ ինքն իր նկատմամբ եւ նույնն ակնկալեց ուրիշներից: Այս պատճառով էլ, Վահեն սոսկ գործավար չէր՝ նեղ պաշտոնյայի իմաստով: Նա Դաշնակցության հավատամքին նվիրյալ գործիչ էր բառի ամբողջական առումով:

Երկրորդ դարն ապրող ՀՅԴ-ն ոչ մի ժամանակ զուրկ չի եղել տիպար գործիչներից, իսկ կուսակցական միջավայրում իշխել է այն համոզումը, որ անփոխարինելիներ չկան: Այնուհանդերձ, ամեն մի նշանակալի կորստից հետո, փաստվում է, որ յուրաքանչյուրը առանձնահատուկ է որպես գործիչ եւ անհատականություն: Վահեն այս կերպարներից էր:

Հավերժ հիշատակ վաստակով ներկայանալի, գործն ու կյանքը կիսատ թողած սիրելի ընկերոջը:

arfd.am

Տպել Տպել