- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մենք կորցրեցինք լավագույն ընկերոջ, լավագույն դաշնակցականի, լավագույն հայի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Վահե Հարությունյանի մահվան առիթով

Վահեն դաշնակցական ընկեր էր, մեր ընկերն էր, իմ ընկերն էր եւ ընկեր էր՝ բառի լիարժեք իմաստով:
Դժվար ու ծանր է այս առիթով գրել. գրել ընկերոջ մասին, ում հետ մեծացել ես, գրել ընկերության մասին, որը երբեք չի ընդհատվել…

Վահեի հետ դպրոց ենք հաճախել, դասի ժամանակ միասին սովորել ու կարդացել, դասից դուրս միասին ժամանակ ենք անցկացրել, լավ ու վատ օրեր տեսել, կուշտ ու քաղցած եղել, կռիվներ ենք արել՝ պաշտպանելով հայ աղջիկներին ու ֆիզիկապես թույլ մեր դասընկերներին: Միասին հասունացել ենք, ճանաչել մեր ժողովրդին ու աշխարհը եւ պատանեկան տարիների ապրումների ու պրպտումների արդյունքում ձեւավորվել է մեր աշխարհհայացքը՝ հիմքում ունենալով ազգն ու հայրենիքը:

Հետո արդեն կյանքի ավելի լուրջ փուլ մտնելով եկավ մեր ցավի ու խնդիրների համար պատասխանատվություն կրելու ու պայքարելու գիտակցումը:

Այն օրերի առաջին գիծը՝ պայքարի ճակատը Լիբանանն էր, վտանգված էր լիբանանահայության ճակատագիրը: Վահեն չէր կարող այնտեղ չլինել: Տեսակով մտավորական իմ ընկերը չնայած գնաց Լիբանան ուսանելու, բայց նա մշտապես այնտեղ էր, ուր խնդիր կար, ուր կարող էր օգտակար լինել ու մասնակցել ինքնապաշտպանության ընդհանուր գործին:

Նա մարտնչելու պես ուսանեց: Այնտեղ լինելն արդեն իսկ համարձակություն էր, պատասխանատվություն: Առաջին գծի մարդ չէր Վահեն, բայց ոչ թե որովհետեւ պակաս համարձակ էր, այլ առավել խորիմաստ՝ գիտակցելով, թե որտեղ կարող է ավելի օգտակար լինել, որտեղ կարող է առավել արդյունավետ ծառայեցնել իր ընդունակությունները ընդհանուր գործին: Նրա համար երբեք կաեւոր չէր հերոսանալը, նրան երբեք բնորոշ չէր իրեն ցույց տալը: Ինքը մարտիկի, հերոսի կողքին էր իրեն բնորոշ գործով ու դերակատարությամբ:

Հետո արդեն եկավ հայրենիքի ժամանակը: Արցախյան ազատամարտի թեժացման առաջին իսկ օրերից Վահեն Հայաստանում էր: Ու թեպետ չկար կուսակցական հատուկ հանձնարարական ինքն արդեն ազատամարտի կազմակերպման գործի կիզակետում էր:

Մենք կողք-կողքի էինք այդ ժամանակ, կողք-կողք էինք նաեւ երբ ես ստանձնեցի Բյուրոյի ներկայացուցչի պարտականությունը: Վահեն դարձավ Բյուրոյի գործերի կառավարիչը կամ, ինչպես մենք ենք ասում՝ Բյուրոյի գործավարը:
Չնայած Վահեի գործը պաշտոնյայի գործ էր, բայց ինքը երբեք չեղավ պաշտոնյա, այլ իր երկաթյա կարգապահությամբ գաղափարական մաքրությամբ ու սկզբունքայնությամբ եղավ իր կուսակցությունն ու կուսակցական ընկերներին ճիշտ գծի վրա պահողը, չափի մեջ պահողը, ամուր պահողը, կուռ պահողը:

Մենք հաճախ ենք մտավախություն ունեցել` մեր հաշվետվությունների մեջ Վահեն հանկարծ շռայլություն չնկատի, որոշումների գործադրման մեջ՝ ծուլություն ու թափթվածություն, ամեն ճիգ ի գործ դնելու պակաս չնկատի: Մենք հարգանք, ակնածանք ունեինք իր նկատմամբ: Ամոթ պիտի զգայինք, եթե Վահեի մոտ անգամ աննշան կասկած հարուցվեր մեր անկեղծության, շիտակության, անշահախնդրության հարցերում:

Վահեն խստության, կարգապահության, գաղտնապահության, պատասխանատվության, սկզբունքայնության մարմնացումն էր, եւ մենք պիտի սովորեինք իրենից:

Իսկական ընկեր էր Վահեն, ով աչք չէր փակում ընկերոջ սխալների, բացթողումների, սայթաքումների վրա: Եւ գիտեր դրանք ուղղելու ճիշտ ձեւը: Չէր լռում, բայց եւ ասում էր այն ժամանակ, երբ որ պետք էր՝ առանձին, կողմնակի ուշադրությունից հեռու, նուրբ, բայց ճակատային ու համոզիչ: Նա պատասխանատու անձ էր, որ ձիգ էր պահում նաեւ մեզ: Հսկայական ծավալի աշխատանք էր վերահսկում, կարգավորում, ղեկավարում եւ այդ ամենն անում էր ոչ ցուցադրական, լուռ ու աննկատ, բայց ծայրահեղության հասնող բծախնդրությամբ ու խստապահանջությամբ: Նա դողում էր կուսակցության վարկի, կանոնագրի, որոշումների, անգամ՝ գույքի վրա:

Նա հավատարմության տիպար էր՝ հավատարմություն կուսակցության նկատմամբ ազգի ու հայրենիքի նկատմամբ, ընկերոջ նկատմամբ: Վահեն ուներ արժեքների ամենաարժեքավորը՝ արդարության գիտակցումը: Նրա հավատարմությունը բխում էր իր համոզմունքից, սկզբունքներից, գաղափարախոսությունից:

Կուսակցության շահը, կուսակցական հավատարմությունը իր մոտ վեր էր ամեն ինչից նույնիսկ իր պաշտամունքի հասնող ընկերականությունից:

Մենք կորցրեցինք լավագույն ընկերոջ, լավագույն դաշնակցականի, լավագույն հայի:

27 հուլիս 2018
Երեւան