Մեր պետական, ազգային արժեհամակարգին որոշակի հարվածներ են ուղղվում

Պաշտոնաթող նախագահներին, տարբեր քաղաքական դեմքերին մեղադրյալի աթոռին նստեցնելը, որոնք իրենց վրա ժամանակին կրել են որոշակի պատասխանատվություն, կարող է մեր համազգային նպատակների, որդեգրած քաղաքականության մեջ լուրջ ճեղքեր առաջացնել: Այս մասին մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանում կատարվող վերջին իրադարձություններին, մասնավորապես՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Նա նշեց, որ դրանով մեր պետական, ազգային արժեհամակարգին որոշակի հարվածներ են ուղղվում. «Կատարվող իրադարձությունները որոշակի մտահոգությունների տեղիք են տալիս, որոնք բխում են այսօրվա մեր կարգավիճակից և մեր առջև ծառացած մարտահրավերներից, որի կիզակետում Արցախն է: Այն, ինչ տեղի է ունենում իրավական հարթության մեջ, չենք կարող մենք որոշակի գնահատական տալ, բայց մենք ունենք մեր քաղաքական մոտեցումները և գնահատականները, որ պարտավոր ենք այդ մասին երբեմն բարձրաձայնել»:

Անդրադառնալով ՀՅ Գերագույն մարմնի հայտարարությանը՝ նա նշեց, որ այն տեղին է ոչ թե զուտ անձին պաշտպանելու, այլ ընդհանրապես զարգացումների և մեր առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը միտված մտահոգություններով:

«Այդ մտահոգությունները մեզ ուղղակիորեն բերում է ղարաբաղյան դաշտ, Ղարաբաղի հիմնահարց, և նկատի առնելով մեր անցած 25-30 տարիների ազգային պայքարի պատմությունը, որոշակի մտահոգությունների տեղիք են տալիս: Չպետք է տարանջատել ներկա իրողությունները մեր ոչ վաղ անցյալի իրողություններից: Իրավական դաշտում հայտնվում են անձեր, անհատներ, որոնք ուղղակիորեն փոխկապակցված են մեր ազգային ազատագրական պայքարի հետ և իրենց վրա կրում են որոշակի պատասխանատվություն»,-ասաց Դավիթ Իշխանյանը:

Տպել Տպել