Երկրում պետք է օրինականություն ստեղծվի, որպեսզի երկիրը երկիր դառնա

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը «խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք», հայտարարել է ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի Գերագույն մարմինը:

Թեպետ 2008 թվականի հայտնի իրադարձությունների ֆոնին գործող իշխանությունների հետ կոալիցիա կազմած ուժի այս հայտարարությունը քննարկվեց ու քննադատվեց շատերի կողմից՝ Արցախի խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հայտարարում է՝ ամբողջությամբ կիսում է տարածված հաղորդագրության բոլոր մտահոգությունները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու փաստը, Արմեն Սարգսյանն ընդգծեց.«Առաջին հերթին մեզ համար ընդունելի է ու կարևոր, որ ամեն ինչ կատարվի օրինականության սահմաններում և քաղաքական որևէ նշույլ չլինի այդ մեղադրանքի մեջ։ Մենք պահանջում ենք, որ ցանկացած բնագավառում բոլորի նկատմամբ օրենքը հավասար լինի»։

Սարգսյանը նշում է.«Եթե անդրադառնում ենք Ռոբերտ Քոչարյանին, պետք է անդրադառնանք բոլորին՝ այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանին՝ 96 թվականի դեպքերի հետ կապված, Սերժ Սարգսյանին տարբեր հարցերի հետ կապված, գյուղապետից մինչև վերև։ Ինչ անում ենք՝ պետք է անենք օրինականության սահմաններում՝ առանց քաղաքական որևէ նշույլի։ Մեր բոլորի՝ հայ ժողովրդի հույսն ու ուրախությունը այս փոփոխությունների այն է, որ հաղթի օրինականությունը և ոչ քաղաքական հայացքները»։

Արցախի խորհրդարանի պատգամավորի խոսքերով՝ չպետք է այնպես լինի, որ որևէ մեկի մոտ կասկած առաջանա, որ քաղաքական հետապնդում կա.«Գերագույն մարմնի հայտարարությունը շատ պարզ է։ Կսպասենք դատարանի որոշումը, բայց միայն դատարանի որոշումը չէ կարևոր, այլ դրան հաջորդող քայլերը։ Տեսնենք՝ արդյոք նույն հարթության վրա են դասելու ՀՀ երեք նախագահներին։ Լինի նախագահ, թե համայնքի ղեկավար՝ ով գողացել է երկրից, պետք է օրինականության սահմաններում պատժվեն, մեր պահանջը դա է, մենք դրա կողմնակիցն ենք»։

Դիտարկմանը՝ թե Քոչարյանին առաջադրված է 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդված, արդյոք ինքն այժմ պահանջում է, որ առաջին և երրորդ նախագահներն էլ անցնեն նույն հոդվածով, Արմեն Սարգսյանը պատասխանեց.«Ինչու՞ նույն հոդվածով, 97 թվականին՝ ինձնից ավելի լավ գիտեք, թե սահմանադրական կարգն ով է տապալել, մեկը կարող է դրա համար, մյուսը ֆինանսական չարաշահումների համար։ Երկրում պետք է օրինականություն ստեղծվի, որպեսզի երկիրը երկիր դառնա»։

Հետաքրքրվեցինք, թե լինի դատարանի որոշում՝ առ այն, որ երկրորդ նախագահը տապալել է սահմանադրական կարգը, ինչի արդյունքում զոհվել է տաս անմեղ քաղաքացի, արդյոք նա պետք է շարունակի մնալ Արցախի հերոս և այդ դեպքում կփարատվեն իրենց մտահոգությունները, Արմեն Սարգսյանը պատասխանեց.«Կլինի որոշում՝ կքննարկենք այդ հարցը։ Կան համապատասխան մարմիններ, դրանով պետք է իրենք զբաղվեն։Նույն ձևով Մանվել Գրիգորյանն է, որի գործը գտնվում է դատարանում, ժողովրդի տրամադրությունները բոլորս լավ գիտենք։ Ժամանակին ձերբակալվեց Արցախի հերոս Սամվել Բաբայանը, հետո դուրս եկավ։ Ասեկոսեների վրա կարծիք չեմ ուզում արտահայտել, դա արհեստավարժության նշույլ չէ։Կսպասենք՝ ամեն ինչ իր տեղը կընկնի»։

Արդյոք Դաշնակցությունը կշարունակի Երևանում կոալիցիա կազմել իշխանությունների հետ և մյուս կողմից մտահոգություն հայտնել Քոչարյանին կալանավորելու հետ կապված, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն արձագանքեց.«Եթե ուշադիր նայեք Գերագույն մարմնի հայտարարությանը, ապա հստակ ձևակերպումները կան, պետք է գործել օրենքի սահմաններում, ասում ենք՝ պետք է այնպես անել, որ սա չդիտվի քաղաքական հետապնդում։ Ընդհանրապես պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը՝ մարդուն լավը պետք է լավ ասել, վատը՝ վատ։ Եթե պատժում ես վատի համար՝ պետք է ասես սա սխալ է ու համապատասխան որոշում կայացնես, իսկ եթե լավ բան է անում՝ ասես , բայց սխալները չմոռանաս։ Մարդուն չի կարելի միայն սևացնել կամ արդարացնել։ Երբ ժողովուրդը դա գիտակցի՝ ամեն բան իր տեղը կընկնի»։

Տպել Տպել