- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հայաստանի Առաջին Հանրապետության Երկրորդ Խորհրդարանի բացումը

Հայաստանի Առաջին Հանրապետության Երկրորդ
Խորհրդարանի բացումը

1919Թ. ՕԳՈՍՏՈՍԻ

Նորընտիր խորհրդարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հրավիրումից ուղիղ մեկ տարի անց՝ 1919թ. օգոստոսի 1-ին: Խորհրդարանի նիստը բացեց նրա ավագագույն անդամ Ավետիք Սահակյանը, քարտուղարն էր կրտսերագույն անդամ Ենովք Միրաքյանը: Բացման օրը ներկա էին 56 պատգամավոր:

Ի տարբերութուն առաջին խորհրդարանի, որը պաշտոնապես կոչվում էր «Հայաստանի խորհուրդ», այս նոր ընտրովի օրենսդիր մարմինը կոչվեց «Հայաստանի պառլամենտ»: Նշենք նաեւ, որ խորհրդարանի բացման օրը հայտարարությամբ հանդես եկավ ՀԺԿ Հայաստանի կոմիտեն: Նա մեկ անգամ եւս բողոքեց ընտրությունների ժամանակ թույլ տրված ապօրինությունների ու զեղծարարությունների կապակցությամբ, պահանջեց անվավեր համարել հունիսյան ընտրությունները եւ նշանակել խորհրդարանի նոր ընտրություններ: Բայց այս բողոքն ընդամենը ինքնահանգստացման միջոց էր եւ որեւէ գործնական նշանակություն այլեւս ունենալ չէր կարող:

1919թ. օգոստոսի 5-ին կայացավ խորհրդարանի պաշտոնական առաջին նիստը, որտեղ հաստատվեցին հունիսի 21-23-ին խորհրդարանական ընտրություններում ընտրված 80 պատգամավորների մանդատները: Մանդատային հանձնաժողովի կողմից զեկուցեց Հ. Բուդաղյանը: Արձանագրվեց, որ մի շարք ընտրատարածքներում (Ղարաքիլիսա, Համամլու, Բաշ Գառնի եւ այլն) թույլ են տրվել առանձին խախտումներ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք էապես չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, որոշվեց մանդատները հաստատել, միաժամանակ ընդունել ի գիտություն ընտրությունների առանձին խախտումների ու անկանոնությունների մասին փաստերը:

Այնուհետեւ մանդատային հանձնախմբի նախագահ Հ. Բուդաղյանի ամփոփ զեկուցումից հետո ընտրվեց խորհրդարանի նախագահություն: Նախագահ ընտրվեց Ավետիս Ահարոնյանը, փոխնախագահներ՝ Լեւոն Շանթը եւ Սարգիս Արարատյանը, ավագ քարտուղար՝ Հակոբ Տեր-Հակոբյանը, իսկ կրտսեր քարտուղար՝ Արամ Սաֆրաստյանը: Խորհրդարանի նախագահության կազմի քվեարկությունից ձեռնպահ մնացին Էսէռները եւ «Արագածոտնի գյուղացիական միության» ներկայացուցիչը:

Խորհրդարանի գործունեության ընթացքում նախագահության կազմը փոփոխություններ կրեց: Դեպքերի բերումով պատգամավոր Ա. Ահարոնյանը այդպես էլ չվերադարձավ հայրենիք եւ չվարեց խորհրդարանի եւ ոչ մի նիստ: Այստեղ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ Ա. Ահարոնյանին ընտրեցին խորհրդարանի նախագահ, երբ նա, գտնվելով արտասահմանում, գլխավորում էր ՀՀ դիվանագիտական պատվիրակությունը: Այս հարցին, կարծում ենք, հստակ է պատասխանել խորհրդարանի ավագ քարտուղար Հ. Տեր-Հակոբյանը: Նա Ա. Ահարոնյանին նախագահ ընտրելը բացատրում էր նրանով, որ խորհրդարանը ցանկանում էր՝ դրանով ՀՀ պատվիրակության նախագահին «ավելի հեղինակություն ու կշիռ տված լինել վեհաժողովի առջեւ»: Այս նույն միտքն է հաստատում նաեւ Վ. Փափազյանն՝ իր հուշերում:

Շուտով փոփոխություն կատարվեց խորհրդարանի նախագահության կազմում: Օգոստոսի 10-ին Ս. Արարատյանը ընտրվում է նախարար եւ, բնականաբար, ազատվում փոխնախագահի պարտականությունից: Հետագա ժամանակաշրջանում խորհրդարանի փոխնախագահի պարտականություններ են կատարել պատգամավորներ Հովսեփ Արղությանը, Սիրական Տիգրանյանը, Ավետիք Սահակյանը եւ Հովհաննես Քաջազնունին: Պատգամավոր Ավ. Խոնդկարյանն իր հուշերում տխրությամբ էր վերհիշում իրենց (Էսէռական) ներկայացուցչի չընդգրկվելը նախագահության կազմում:

Մինչ նոր վարչապետի ընտրությունը եւ նոր կաբինետի կազմումը օգոստոսի 5-ի նիստում լսվեց վարչապետի պաշտոնակատար Ալ. Խատիսյանի զեկուցումը կառավարության վերջին ամիսների գործունեության, վարած ներքին ու արտաքին քաղաքականության մասին: Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում կառավարությունը հրատարակել է 152 օրենք եւ 300-ից ավելի վարչական կարգադրություն: Դրանից հետո կառավարությունը ցած է դնում իր լիազորությունները խորհրդարանի առջեւ: Վերջինս ընդունում է կաբինետի հրաժարականը: Օգոստոսի 7-ի նիստում՝ նախագահությամբ Ս. Արարատյանի (Ահարոնյանը եւ Շանթը բանակցում էին), նախարար-նախագահ (վարչապետ) ընտրվեց Ալեքսանդր Խատիսյանը, եւ հանձնարարվեց նրան կազմելու հանրապետության նոր կառավարություն: Փաստենք, որ վարչապետի հավանական թեկնածուներից էր նաեւ Ա. Գարոն (Փաստրմաջյանը), որը վայելում էր մեծ հեղինակություն թե՛ արեւելահայերի, եւ թե՛ արեւմտահայերի շրջանում: Նա Հայաստանի դեսպանն էր ԱՄՆ-ում, սակայն քվեարկության դրվեց միայն Ալ. Խատիսյանի թեկնածությունը: Վարչապետի ընտրության արդյունքներն էին՝ 40 կողմ եւ 8 դեմ:

Տեղեկացնենք, որ շատ պատգամավորներ՝ Ա. Ահարոնյան, Ա. Գարո, Մ. Վարանդյան, Հ. Օհանջանյան, Հ. Արղության, Մ. Հարությունյան, Հ. Քաջազնունի եւ ուրիշներ, տեւական գործուղումների, դիվանագիտական աշխատանքի, պետական պաշտոնավարության եւ այլ պատճառներով բացակայում էին հանրապետությունից: Սովորաբար քվեարկությունների ժամանակ ձայների համեմատական սակավությունը պետք է բացատրել նաեւ նրանով, որ տարբեր ժամանակներում ոչ պակաս տասը պատգամավոր՝ նախարարներ կամ նախարարի տեղակալներ էին, որոնք ընդունված օրենքով քվեարկություններին մասնակցելու իրավունք չունեին: Այդ իսկ պատճառով էլ խորհրդարանական քվեարկության ժամանակ ձայները սովորաբար չէին անցնում 40-50-ից:

Օգոստոսի 10-ի նիստում հաստատվեց կառավարությունը հետեւյալ կազմով՝ Ալ. Խատիսյան (նախարար-նախագահ եւ արտգործնախարար), Ա. Գյուլխանդյան (ներքին գործերի եւ արդարադատության նախարար), Ս. Արարատյան (ֆինանսների եւ պարենավորման նախարար), Ավ. Սահակյան (խնամակալության եւ աշխատանքի նախարար), Ն. Աղբալյան (հանրակրթության եւ արվեստի նախարար) եւ գեներալ Խ. (Քր) Արարատյան (զորական նախարար): Ինչպես նկատում ենք, կառավարության կազմը կուսակցական պատկանելության տեսակետից միատարր էր՝ բաղկացած զուտ դաշնակցականներից:
Օգոստոսի 15-ի նիստում լսվեց կառավարության հայտագիրը, որում ներկայացված էին նոր կաբինետի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու մոտեցումները: Հայտագրում մասնավորապես ընդգծվում էր. «Նոր կառավարությունը՝ հենված բովանդակ հայ ժողովրդի դարավոր իրավունքի եւ իղձերի վրա, իր ամբողջ կարողությամբ պիտի պաշտպանի եւ ձգտի իրականացնել միացյալ եւ ամբողջական Հայաստանի անկախության գաղափարը»: Տնտեսության բնագավառում Խատիսյանի կաբինետը պարտավորվում էր ըստ ամենայնի խրախուսել օտար ներդրումները Հայաստանում: Հողային խնդրում կառավարությունը պետք է իրագործեր կալվածատիրական, եկեղեցապատկան հողերի ազգայնացում եւ դրանց բաշխումը գյուղացիներին՝ աշխատանքային եւ սպառողական նորմաներով: Կրթության ասպարեզում խնդիր էր դրվում սկզբնական կրթությունը դարձնել ընդհանուր, պարտադիր եւ ձրի:

Խատիսյանի կաբինետի հայտագրին անվստահություն են հայտնում միայն Էսէռները: Նրանք առարկում էին այն բանում, որ արտաքին քաղաքականության բնագավառում կառավարությունը պետք է հրաժարվի արեւմտյան կողմնորոշումից եւ հակվի դեպի Ռուսաստանը: Բացի այդ, նրանք գտնում էին որ, հողերի բաշխման ձեւը տակավին չի որոշված, եւ որ դպրոցների պետականացումը սխալ է կիրառվում կյանքում եւ այլն: Կառավարության հայտագիրն ընդունվում է 28 ձայնով՝ ընդդեմ 2-ի:

Այդ օրերին նորընտիր վարչապետ Ալ. Խատիսյանը հեռավոր Ամերիկայից ստացավ նախկին վարչապետ Հ. Քաջազնունու՝ ծրագրային բովանդակությամբ ծավալուն նամակը, որում վերջինս խորհուրդներ էր տալիս, թե ինչպիսի քաղաքական ուղեգիծ ցանկալի կլինի, որ վարի նորակազմ կառավարությունը:

Հ. Քաջազնունին իրավամբ համարվում է այն ժամանակվա ՀՀ ամենահեռատես, չափավոր եւ հավասարակշիռ քաղաքական գործիչներից մեկը: Վարչապետ եղած ժամանակ նա առաջնորդվում էր զուտ պետական մտածելակերպով՝ երկրորդական պլան մղելով կուսակցականը: Հ. Քաջազնունին ջանում էր իրեն պատասխանատու զգալ ոչ թե Դաշնակցություն կուսակցության, այլ միայն ժողովրդի ու խորհրդարանի առջեւ: «Քաջազնունու գործուղումը,- փաստում էր Ռ. Տեր-Մինասյանը,- նշանակում էր ըստ էության հեռացում եւ Դաշնակցության ազդեցության ուժեղացում պետական կառավարման մեջ»:
Եվ, ահա, Խատիսյանին ուղղված նամակում Քաջազնունին դնում էր պետական գործերում կուսակցության միջամտության սահմանափակման եւ աստիճանաբար դուրս մղման անհրաժեշտությունը: «Մենք,- գրում էր նամակի հեղինակը,- դառնալով միակ կառավարող կուսակցություն եւ տնօրինելով երկրի բախտը՝ չենք կարող միակողմանիորեն սահմանափակվել զուտ կուսակցական, ծրագրային սկզբունքներով, այլ նաեւ պետք է ելնենք մեր երկրի կեցության իրական պայմաններից ու կարիքներից: Մեր գործը պետք է լինի ոչ թե մեր կուսակցության գաղափարների քարոզչությունն ու սկզբունքների ցուցադրումը, այլ երկրի վերաշինումը»:

Առաջ գնալով ասենք, որ Ալ. Խատիսյանի կաբինետը հիմնականում հավատարիմ մնաց Հ. Քաջազնունու խորհուրդներին: Պետք է ասել, որ Խատիսյանը եւս Քաջազնունու պես պետական մտածողության գործիչ էր, եւ գտնում էր, որ կուսակցությունը չպետք է միջամտի կառավարության ընթացիկ պետական գործերին: Ռուբենը նկատում է, որ Խատիսյանի կառավարության ընդհանուր տեսակետն ու որդեգրած ուղղությունը մնում էր քաջազնունիական: «Խատիսյանը ձգտում էր չեզոքացնել Բյուրոն ու կուսակցության մարմինները եւ ավելի շատ հենվել պառլամենտի վրա»: Բայց պետք է ասել, որ Խատիսյանը այդ բանը՝ չեզոքացումը, կատարում էր շատ զգուշորեն եւ մեծ տակտով: Նա կուսակցության հանդեպ վարում էր խուսանավման, փափուկ քաղաքականություն: Արդյունքում՝ Խատիսյանը ձգտում էր հենվել ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ կուսակցության, ե՛ւ իշխանության վրա:

Արարատ Հակոբյան
«Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցությունները 1918-1920թթ.»