- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՆԱԽԱԳԻԾ ֊ ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները

 

Ներբեռնել նախագծի PDF տարբերակը [1] Նախագծի սեղմագիրը [2] Ներբեռնել նախագծի սեղմագրի PDF տարբերակը [3]

ՆԱԽԱԳԻԾ   ՆԱԽԱԳԻԾ   ՆԱԽԱԳԻԾ   ՆԱԽԱԳԻԾ   ՆԱԽԱԳԻԾ   ՆԱԽԱԳԻԾ

[4]

ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները

Երևան, օգոստոս, 2018

 

Սույն նախագիծը մշակվել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից: Նախագիծը բովանդակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները:

Նախագիծը դրվում է հանրային բաց քննարկման՝ հրապարակայնացնելու, առաջարկներ ստանալու և շահագրգիռ քննարկումների արդյունքներով առաջ քաշված հիմնադրույթները բարելավելու նպատակադրմամբ:

Լրամշակված նախագծի վերջնական տարբերակը ևս կհրապարակվի և ՀՀ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ հիմք կարող է հանդիսանալ ՀՅԴ նախընտրական ծրագրի համար:

Նախագծին և նրա սեղմագրին կարելի է ծանոթանալ նաև www.arfd.info/hy/?p=45879 [5] հղումով:

Նախագծի վերաբերյալ առաջարկները կարելի է ուղարկել [email protected] [6] էլեկտրոնային հասցեով:
 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԲԱՆ [7]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ [8]

ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՅԴ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ [9]

ՍՈՑԻԱԼ–ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՅԴ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ [10]

Ներառական տնտեսական աճի քաղաքականություն [11]

Սոցիալական արդարությանը եվ կյանքի որակի բարելավմանը միտված քաղաքականություն [12]

Կայուն զարգացմանը միտված քաղաքականություն [13]

ՆԱԽԱԲԱՆ

Սահմանադրության համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալական պետությունն ապահովում է իր քաղաքացիների տնտեսական և սոցիալական իրավունքները և բարեկեցությունը: Նրան է վերապահվում իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության և կյանքի որակի առաջանցիկ աճի ապահովման առանցքային դերը՝ հիմնված հնարավորությունների հավասարության և սոցիալական արդարության, եկամուտների արդար վերաբաշխման և արժանապատիվ կյանքի նվազագույն պայմաններն ինքնուրույն ապահովել չկարողացող անձանց պետական առաջնային աջակցության սկզբունքների վրա:

Սոցիալական պետության մեկնաբանությունները բազմաթիվ են: Թե՛ ձախակողմյան, թե՛ աջակողմյան ուժերի զգալի մասն ընդունում է սոցիալական պետության սկզբունքը՝ որպես այլընտրանք չկարգավորվող ազատական տնտեսվարմանը և պետական սոցիալիզմին:

ՀՅԴ համար սոցիալական պետության հիմնական առաքելությունը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար աղքատությունից զերծ կյանքի ապահովումն է, սեփական երկրում արարելու, ստեղծագործելու և արժանապատիվ ապրելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Ընդ որում՝ աղքատություն ասելով հասկացվում է «բազմաչափ աղքատությունը», երբ մարդը զուրկ է ոչ միայն իր ֆիզիկական գոյությունն ապահովող եկամտից, այլև զրկված է պատշաճ կրթություն և առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից, ոտնահարվում է նրա արժանապատվությունը, մշտապես առկա է բռնության սպառնալիքը: Հայաստանում աղքատության հաղթահարման կարևորագույն ուղղություններից է հոգևոր աղքատության հաղթահարումը՝ որպես բարձր արժեհամակարգով նոր սերունդ և նոր հասարակություն ձևավորելու անհրաժեշտ նախապայման:

Սոցիալական պետությունն իր քաղաքացուն պետք է պաշտպանի շուկայի կամայականություններից, թույլ չտա, որ շուկայական մրցակցության և, առավել ևս, անառողջ մրցակցության ու տնտեսական ճգնաժամերի պայմաններում քաղաքացին միայնակ մնա առարկայական դժվարություններին դեմ հանդիման:

Սոցիալական պետությունը հիմնված է երեք հենասյուների վրա՝

Պետությունը սոցիալ-տնտեսական քաղաքականություն մշակելիս և կիրարկելիս պարտավոր է խթանել շուկայի բոլոր մասնակիցների սոցիալական պատասխանատվությունը և համագործակցությունը՝ ի շահ երկրի ներառական զարգացման:

Սոցիալական պետության ընկալումը բխում է ՀՅԴ-ի տնտեսական և սոցիալական բնագավառների հիմնարար արժեքներից՝ ազատություն, արդարություն, համերաշխություն:

Ազատությունը բացառում է որոշումների կայացումը պարտադրանքի կամ սպառնալիքի տակ: Դրանով կանխվում են պետության կողմից քաղաքացու նկատմամբ ոտնձգությունները կամ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում կամայական սահմանափակումները: Իրական ազատության կարելի է հասնել այն դպքում, երբ ապահովված են տնտեսական նախադրյալները, հավասար հնարավորությունները, մարդն ունի սոցիալական երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամաարտահայտությունը և ազատորեն որոշումներ կայացնելու հնարավորությունը: Որևէ քաղաքացու ազատությունը չի կարող ապահովվել այլ քաղաքացիների կամ հասարակության հաշվին: Ազատության սահմանափակումները պետք է լինեն կշռադատված, կարգավորվեն օրենքով և լինեն համընդհանուր:

Արդարությունը պահանջում է տնտեսությունում ստեղծված արդյունքի ոչ թե հավասար, այլ արդար բաշխում և վերաբաշխում: Արդար բաշխումը պետք է ենթադրի տնտեսվարման հիմնական գործոնների համար համարժեք հատուցում՝ եկամտի ստացում (աշխատավարձ, շահույթ, տոկոս, ռենտա, վարձավճար և այլն), հատկապես՝ կատարած աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն: Արդար վերաբաշխումը պետք է ենթադրի ազգային եկամտի այնպիսի վերաբաշխում, որը կապահովի կյանքի որակի բարձրացման համար անհրաժեշտ և սոցիալական աջակցության համարժեք երաշխիքներ՝ անկախ ընտանեկան դրությունից, սեռից, տարիքից, սոցիալական ծագումից, այլ տարբերակիչ հատկանիշներից և պայմանավորված անձի ու նրա ընտանիքի համակողմանի գնահատված սոցիալական կարիքներով, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելու հանգամանքով:

Համերաշխությունը մարդկանց՝ միմյանց նկատմամբ պատասխանատվություն կրելու և փոխադարձաբար օգնելու պատրաստակամությունն է: Հարկերի միջոցով ֆինանսավորվող սոցիալական քաղաքականությունը հասարակության համերաշխության դրսևորումներից է: Սակայն համերաշխությունը չի կարելի սահմանափակել միայն պետության՝ ազգային եկամուտը արդար վերաբաշխելու գործառույթով: Համերաշխությունը հասարակության շաղախն է: Այն իրար է կապում ուժեղին և թույլին, հարուստին և աղքատին, երիտասարդին և տարեցին, գործատուին և աշխատողին: Որևէ ազգ կամ պետություն չի կարող դիմագրավել արտաքին մարտահրավերները, եթե այն համերաշխ չէ: Դաշնակցության ընկալմամբ հասարակության համերաշխությունը լոկ բարեգործություն կամ ալտրուիզմ չէ, համերաշխությունը գոյատևման և ազգի տեսլականին հասնելու գրավականն է՝ կյանքի որակի շոշափելի առաջընթացի և կայուն զարգացման ապահովման անփոխարինելի նախապայմանը:

Այսպիսով՝ ՀՅԴ տնտեսական և սոցիալական քաղաքականության առանցքային նպատակը Հայաստանում աղքատության կանխարգելումն ու վերացումն է, մարդկանց արժանապատիվ ապրուստի համար եկամտի անհրաժեշտ աղբյուրների և կայուն զարգացման համար արդյունավետ մակարդակի ապահովումը, որակյալ և հասանելի կրթություն, առողջապահական և մշակութային ծառայություններ ստանալու հնարավորության ընձեռումը, ազատ կամքի դրսևորման նկատմամբ բռնության բացառումը:

Հետևաբար՝ տնտեսական զարգացմանը զուգահեռ և հավասարապես պետք է կարևորվի սոցիալական ներառականությունը և կյանքի որակի տեսանելի փոփոխության համար անհրաժեշտ ու արդար պայմանների ապահովումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսական քաղաքականությունը և դրա հիմնական արդյունքները կարելի է ներկայացնել հետևյալ բնութագրիչներով՝

Միջազգային զարգացումների և օրինաչափությունների ուսումնասիրությունը փաստում է, որ անցած դարի 90-ական թվականներից, երբ աշխարհում նոր թափ էր առնում նեոլիբերալ տնտեսական մոդելի ներդրումն ու խրախուսումը, մենք այլևս ականատես չենք եղել «տնտեսական հրաշքների», երբ զարգացող երկիրը, մի քանի տասնամյակում ունենալով արագացված տնտեսական աճ, մոտենում է զարգացած երկրներին: Այս մոդելի գլոբալ կիրառման ընթացքում մենք ականատես ենք լինում պետությունների հարստության բևեռացման, աղքատության ավելացման և, որն ամենաանհանգստացնողն է, պետական պարտքի շեշտակի և անկառավարելի աճի:

Հայաստանի տնտեսության առարկայական դժվարությունների էական մասը վերագրելի են թերզարգացած ենթակառուցվածքներին, արտահանման այլընտրանքնային ճանապարհների սահմանափակությանը, պատերազմին և դրա սպառնալիքին, հարևանների կողմից տնտեսական շրջափակմանը, 1988 թ. աղետալի երկրաշարժին, տնտեսական կացութաձևի փոփոխությանը: Անվիճելի է նաև կոռուպցիայի, հովանավորչության և անկատար մրցակցության ազդեցությունը: Սակայն, նույնիսկ վերոնշյալ երևույթների բացակայության պայմաններում, առաջարկամետ տնտեսական քաղաքականության պարագայում Հայաստանի տնտեսության վիճակը չէր կարող ապահովել բավարար ներառականություն: Չի կարող առողջ և առաջանցիկ աճ գրանցվել մի իրավիճակում, երբ տեղի են ունենում պետական ռեսուրսների ու հնարավորությունների շարունակական կրճատում, ազգային արժույթի քանակի կոշտ սահմանափակում, ոչ բավարար ֆինանսավորման արդյունքում՝ տնտեսական զարգացմանը նպաստող գործոնների ազդեցության շարունակական նվազում: Գործող մոդելի շրջանակներում, երբ անհրաժեշտ էր փակել բյուջեի պակասուրդը ու փողի լրացուցիչ զանգված բաց չթողնել շուկա, որը կարժեզրկեր ազգային արժույթը և կառաջացներ արտարժույթի պակասուրդ երկրում, այդ հնարավոր արժեզրկումը «հանգցվեց» արտաքին արժութային պարտքի ավելացման հաշվին: Վերջին տարիներին տարածաշրջանի և Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրների արժույթների արժեզրկումը տեղի ունեցավ ավելի մեծ տեմպով, քան հայկական դրամինը, ինչի արդյունքում մեր ընկերությունները, հատկապես՝ գյուղմթերք վերամշակող և արտահանող, կորցրեցին իրենց մրցունակությունը արտահանման շուկաներում:

Պետության սեփականության և տնտեսությանը մասնակցության կրճատումը հանգեցրել է դրանց արդյունքները տնօրինելու, տնտեսական անհրաժեշտ խթանները սեփական օրինակով իրացնելու իրավունքի և հնարավորությունների սահմանափակման:

Փաստորեն պետությունն իր կարգավորիչ գործառույթը պատվիրակեց շուկային՝ ապավինելով դրա կարգավորիչ ուժին: Պետական սեփականության առավելագույն նվազեցման կողմնակիցները հիմնականում բերում են այն փաստարկը, թե «պետությունը ոչ արդյունավետ սեփականատեր և վատ կառավարիչ է, մասնավորն այդ ամենն ավելի լավ կիրականացնի»: Այդպե՞ս է արդյոք:

Ակնհայտ է, որ խնդիրը ոչ թե սեփականության ձևի, այլ կառավարման որակի մեջ է՝ ներառյալ հավասար մրցակցային պայմանները: Վատ կառավարիչներ կան նաև մասնավոր հատվածում: Այս պնդումը հիմնավորվում է, երբ դիտարկվում է սեփականության և կառավարման տարանջատման սկզբունքի տեսանկյունից: Ավելին՝ պետական համակարգի անարդյունավետությունը և կոռուպցիան տարածվում են նաև մասնավոր հատվածում: Հայաստանի օրինակով ևս կարող ենք արձանագրել, որ չկա որևէ մասնավորեցված խոշոր ենթակառուցվածքային կամ ռազմավարական ընկերություն, որը մասնավորեցումից կամ մասնավոր կառավարմանը հանձնելուց հետո արդյունավետ է աշխատել առանց պետության կողմից տրամադրված հատուկ արտոնությունների և (կամ) սակագների բարձրացման։ Այսինքն՝ մասնավորեցված «հաջողակ» տնտեսվարող սուբյեկտների հաջողության գաղտնիքը բարձրացված սակագներն են և մենաշնորհային կամ արտոնյալ պայմանները, որոնք չէին կիրառվում պետական կառավարման պայմաններում։

Արդյունավետ կառավարվող պետական սեփականությունը և դրա արդյունքում ստացված շահույթը հասարակական բարիք է, որի առաջնային և անմիջական շահառուները երկրի բոլոր քաղաքացիներն են: Մասնավոր հատվածի շահույթի առաջնային շահառուն մասնավոր սեփականատերն է, ով ստանում է դրա հիմնական մասը: Հետո միայն հաջորդում են երկրի մյուս քաղաքացիները՝ մասնավորի վճարած հարկերի հաշվին եկամուտների վերաբաշխման միջոցով:

Կարգավորվող շուկայական մոդելով պետություններում պետական մասնակցությամբ ընկերությունները հաջողությամբ գոյատևում են մասնավորի հետ մրցակցային շուկայում և համարժեք օգուտ են բերում պետությանն ու դրա առաջնային շահառուներին: Պետական արդյունավետ սեփականությունը և տնտեական մասնակցությունը պետությանը թույլ է տալիս առանց պետական պարտքի ավելացման լուծել մի շարք կարևոր խնդիրներ՝

Հայաստանի տնտեսական մարտահրավերները պայմանականորեն բաժանվել են մակրոտնտեսական, աշխարհաքաղաքական, միկրոտնտեսական ուղղությունների:

Նեոլիբերալ մակրոտնտեսական քաղաքականությունը սահմանափակում է տնտեսության մեջ պետության մասնակցային և կարգավորիչ դերը, իսկ կոշտ դրամավարկային քաղաքականությունը սահմանափակում է շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածը՝ ապախթանելով ներքին պահանջարկը:

Աշխարհաքաղաքական գործոնները դուրս են պետության անմիջական կառավարումից: Սրանք առաջ են բերում այնպիսի հիմնախնդիրներ, որոնց լուծումը մեծապես գտնվում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարթությունում: Այս խնդիրներից կարելի է առանձնացնել՝ Հայաստանի փաստացի շրջափակումը և դեպի ծով ելքի բացակայությունը, ինչը թանկացնում է արտաքին առևտրի գործառնական ծախսերը, պատերազմի մշտական սպառնալիքը և ռիսկը, իսկ որպես հետևանք՝ պաշտպանության վրա ծախսվող պետական զգալի միջոցները:

Միկրոտնտեսական հիմնախնդիրներն առնչվում են ձեռնարկությունների տնտեսական արդյունավետությանն ու մրցունակությանը: Այսօրվա գլոբալացվող տնտեսության պայմաններում փոքր շուկան լրացուցիչ մրցակցային անհավասար պայմաններ է ստեղծում հայաստանյան ընկերությունների համար: Գործնականում արտահանող ձեռնարկությունները նախ հաջողություններ պետք է գրանցեն ներքին շուկայում, որպեսզի կարողանան բավարար միջոցներ կուտակել միջազգային շուկա դուրս գալու համար: Բացի այդ՝ գործունեության սահմանափակ տիրույթն էապես նվազեցնում է ձեռնարկությունների մրցունակությունը, քանի որ հաստատուն որոշ ծախսեր կախված չեն շուկայի ծավալից: Փոքր շուկան նաև սաստկացնում է մրցակցությունը և մեծացնում մոնոպոլիաներ կամ օլիգոպոլիաներ ստեղծելու ձգտումը: Արդյունքում փոքր ու միջին խաղացողների համար գործունեության դաշտն էապես փոքրանում է, մինչդեռ հայտնի է, որ փոքր ու միջին ձեռնարկություններն ավելի ճկուն են ու նորարար, միջին խավի ձևավորման հիմքն են: Փոքր ու միջին ձեռնարկությունները հնարավորություն են տալիս ազատ ինքնադրսևորվելու, ապահովում են աշխատատեղի ազատ ընտրության և սեփական բիզնեսով սեփական բարեկեցությունն ապահովելու հնարավորություն: Փոքր ու միջին ձեռնարկատերերը ավելի ազատ են իրենց քաղաքական որոշումներում:

Փոքր շուկայի պարագայում արհեստական գնանկումներով մենաշնորհները կարճաժամկետում կարող են սպառողների համար թվացյալ դրական դեր կատարել, բայց արդեն միջնաժամկետում, մրցակցության բացակայության պայմաններում, ապրանքների ու ծառայությունների գներն աճում են: Առողջ մրցակցության բացակայության պայմաններում ձեռնարկությունները շահագրգռված չեն կիրառել նորարարական լուծումներ, նվազեցնել իրենց արտադրական ծախսերը, բարելավել արտադրանքի որակը: Ավելին՝ առկա է իրական շահագրգռվածություն ստվերային գործունեության համար: Ստվերում են գտնվում հիմնականում քաղաքական և վարչական լծակներին տիրապետողները: Ստվերը ոչ միայն չմուծված հարկ է, այլև աղճատված մրցակցություն: Աղճատված մրցակցության հետևանքով առաջին հերթին տուժում են փոքր և միջին ձեռնարկատերերը, խաթարվում է ներդրումային միջավայրը, շուկայից դուրս են մնում կարող ուժերը, որոնք ունակ են զարգացնելու տնտեսությունը, նվազեցնելու արտադրված ապրանքների ու մատուցվող ծառայությունների գները, բարձրացնելու օրինական զբաղվածության մակարդակը: Եկամուտների վերաբաշխումն ի օգուտ մենաշնորհների հանգեցնում է սոցիալական բևեռացման և աղքատության խորացման։

Սահմանափակ մրցակցությունը մենաշնորհները դարձնում է ոչ միայն ապրանքի ու ծառայության միակ մատակարար կամ գնորդ, այլև հիմնական գործատու: Աշխատաշուկայում պահանջարկի սահմանափակ մրցակցությունը, ստվերային զբաղվածության բարձր մակարդակը բացասական նախադրյալներ են ստեղծում սոցիալական գործընկերության կայացման, աշխատողների իրավունքների արդյունավետ ու լիարժեք պաշտպանության, արդար գնագոյացման և սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքների ձևավորման համար: Մյուս կողմից՝ գաղտնիք չէ, որ Հայաստանում անապահովության նպաստ ստացողների մի մասն ընդգրկված է ոչ ֆորմալ հատվածում՝ ունի աշխատանք կամ ինքնազբաղված է (որոշ դեպքերում նույնիսկ ավելի բարձր զուտ եկամուտ է ստանում, քան ֆորմալ զբաղվածները) կամ հրաժարվում է առաջարկվող օրինական աշխատանքից՝ աշխատավարձի և նպաստի միջև ոչ էական տարբերության պատճառով: Աշխատուժի մի մասը գրանցված ձեռնարկություններում աշխատում է առանց աշխատանքային պայմանագրի կամ, գրանցված աշխատավարձից բացի, ստանում է նաև ոչ ֆորմալ վարձատրություն: Միգուցե այսօր չգրանցված աշխատուժն ավելի էժան է, ինչը որոշակիորեն մեծացնում է աշխատուժի պահանջարկը, սակայն այսօրվա չգրանցված աշխատողները վաղը զրկված կլինեն կենսաթոշակ ստանալու հնարավորությունից, իսկ այսօր արդեն զրկված են առկա սոցիալ-աշխատանքային երաշխիքներից:

Ակնհայտ է, որ հայաստանյան ձեռնարկատերերից շատերն ինքնուս են, չեն ստացել պատշաճ բիզնես-կրթություն և գործարար որոշումներ կայացնելիս առավելապես առաջնորդվում են «ինչպես բոլորն, այդպես էլ ես» սկզբունքով: Ձեռնարկությունների մեծամասնությունն ի զորու չէ ներկայացնելու վարկունակ ծրագիր: Սրա վառ ապացույցն է նաև այն, որ նույնիսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի տարիներին հայաստանյան բանկերում առկա էր և դեռևս առկա է լիկվիդայնության էական ավելցուկ:

2017-2018 թթ. ակտիվացել են պետության՝ գործարարությանը և համայնքային զարգացմանը միտված ծրագրերը: Մասնավորապես, պետությունը մասնավոր տնտեսվարողներին առաջարկում է ֆինանսական միջոցներ (վարկ, լիզինգ), ներդրումների խոստման դիմաց մասնավոր տնտեսվարողներին տրամադրվում է պետական գույք: Սակայն այս ծրագրերի աշխարհագրական բաշխումը փաստում է, որ Հայաստանի առավել թույլ զարգացած մարզերում պետական համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը համեմատաբար ավելի քիչ են, քան տնտեսապես առավել զարգացած մարզերում: Համայնքային տնտեսության աճի էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի համաֆինանսավորումը, որը պետության կողմից դրական և անհրաժեշտ քայլ է, կարիք ունի թույլ զարգացած տարածքների համաչափ զարգացման ապահովման տեսանկյունից նոր մոտեցումներով լրացուցիչ լուծումների:

Գյուղատնտեսությունը Հայաստանում ունի տնտեսական զարգացման, սոցիալական արդարության հաստատման և տնտեսական անվտանգության ապահովման համար էական նշանակություն։ Գյուղատնտեսությունը լոկ ագրոբիզնես չէ, և գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես գործարարության տեսակի, որտեղ գործում են շուկայական մրցակցության օրենքները՝ ուժեղը հաղթում է թույլին և զբաղեցնում նրա տեղը։ 90-ականների սկզբին սեփականաշնորհվեց հողը, գյուղացին մնաց հողի հետ մենակ՝ պետությունից ստանալով նվազագույն օգնություն։ Վերջին տարիներին գյուղատնտեսությանը տրամադրվող օժանդակությունը հիմնականում ուղղված է եղել խոշոր գյուղատնտեսական բիզնեսներին և գյուղատնտեսական ծառայություններ մատուցող ընկերություններին՝ այն ակնկալիքով, որ վերջիններս կկարողանան գյուղատնտեսության զարգացման շարժիչ ուժը դառնալ։ Այս մոտեցումը բավարար չէ՝ հաշվի առնելով, որ գյուղատնտեսության արտադրանքի բացարձակ մեծամասնությունն արտադրվում է տնային տնտեսությունների կողմից, և վերջիններիս տնտեսական կայուն զարգացումը երկրի տնտեսության ներառական աճի ապահովման հիմնական գործոններից է։

ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՅԴ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Համաշխարհային տնտեսության գլոբալացման և զարգացման արդի մարտահրավերների պարագայում ակնհայտ է դառնում, որ ինքնակառավարվող շուկայի գաղափարախոսության վրա հիմնված տնտեսական քաղաքականությունը չի կարող ապահովել տնտեսության այն ներառական աճը, որը կերաշխավորի սոցիալական արդարություն և երկարատև կայուն զարգացում: Շուկան պետք է ենթարկվի պետական անհրաժեշտ կարգավորման, որպեսզի ապահովի ստեղծված ազգային եկամտի արդար վերաբաշխումը հասարակության անդամների միջև, որպեսզի կարճաժամկետ տնտեսական հաջողությունների հասնելու մոլուցքը չձևավորի անարդյունավետ տնտեսական կառուցվածք՝ անտեսելով երկրի համեմատական առավելություններն ու զարգացման երկարաժամկետ իրական ներուժը, չստիպի անխնա շահագործել բնական պաշարները, աղտոտել շրջակա միջավայրը: Շուկայի անտեսանելի ձեռքը չի կանխում տնտեսական ճգնաժամերը և քաղաքացիներին չի ապահովագրում շուկայական ռիսկերից: Ավելին՝ չկարգավորվող ազատ շուկան հանգեցնելու է խոշորի կողմից փոքր ձեռնարկատիրության կլանմանն ու տնտեսական մրցակցության մակարդակի կտրուկ անկմանը: Համաշխարհային տնտեսության զարգացման պատմությունը վկայում է, որ ձախողվել են ինչպես շուկայական արմատականությունը, այնպես էլ շուկայավարման սկզբունքի լրիվ վերացումը:

Դաշնակցությունը, որպես ընկերվարական և ժողովրդավարական կուսակցություն, հավատում է շուկայական տնտեսությանը, բայց այն համոզմունքին է, որ պետությունը՝ կարգավորման, վերաբաշխման ու մակրոտնտեսական կառավարման համալիր գործառույթներով, պետք է ունենա խթանիչ, հակակշռող դեր տնտեսության մեջ և կանխարգելի կամ նվազագույնի հասցնի շուկայի ձախողման հետևանքները:

Կարգավորվող շուկայական տնտեսությամբ սոցիալական ու ժողովրդավարական երկիր ունենալու ՀՅԴ տեսլականը հիմնված է երեք հիմնական սկզբունքներերով ձևավորվող սոցիալ-տնտեսական ներառական զարգացման հայեցակարգի վրա.

ՀՅԴ մոտեցմամբ՝ այս երեք սկզբունքները հավասարապես պետք է ձևավորեն սոցիալական պետության զարգացման մոդելը՝ հիմք ընդունելով նաև սոցիալ-դեմոկրատական ուղղվածության տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքներն ու նպատակադրումները:

Առաջանցիկ տնտեսական աճ

Տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե շուկայական, տարերային մոտեցմամբ, այլ՝ պետական անհրաժեշտ կարգավորման զուգորդմամբ ձգտի տնտեսության առավելագույն ներուժին:

Տնտեսության ներուժը պետք է ունենա երկրի համեմատական առավելությունների ամրապնդման և նորարարական լուծումներով ընդլայնման կայուն և տեսանելի հիմք՝ երկարաժամկետում իրական գործադրումների համար անհրաժեշտ միջավայրով:

Զուգահեռաբար և փոխադարձության սկզբունքով տնտեսական զարգացումը պետք է անշեղորեն ուղենշվի սոցիալական ներառականությամբ, որտեղ անփոխարինելի է տնտեսության պետական նպատակային կարգավորումը և ակտիվ մասնակցությունը:

Տնտեսական աճը բարեկեցության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Որպեսզի ապահովվի անհատի և հասարակության բարեկեցությունը, անհրաժեշտ է, որ տնտեսական աճի արդյունքից օգտվի ողջ հասարակությունը, աճն իր վրա զգա յուրաքանչյուր անհատ և ընտանիք: Համախառն ներքին արդյունքի մեխանիկական աճը չի կարող և երբեք չի բերել համընդհանուր բարեկեցության աճի, եթե արդյունքն արդարացիորեն չի բաշխվել և վերաբաշխվել հասարակության անդամների միջև: Զարմանալի չէ, որ բնակչության էական մասը խիստ թերահավատորեն է վերաբերվում ՀՆԱ-ի աճի պաշտոնական վիճակագրությանը: Նույնիսկ եթե աճը կա, այդ աճի բարիքներից բնակչության զգալի մասը չի օգտվում, քանի որ աճի արդյունքները բաշխվում են սոցիալական արդարության սկզբունքին հակառակ: Ավելին՝ մեծանում է հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը:

Սոցիալական ներառականություն և արդարություն

Դաշնակցությունը առաջ է քաշում սոցիալական վիճակի բազմաշերտ ու տեսանելի բարելավման և հասարակության կյանքի որակի բարձրացման համընդհանուր և հիմնարար հետևյալ մոտեցումը. շուկայի դասական «անտեսանելի ձեռքի» ուժը պետք է լիարժեք լրացվի «պետության տեսանելի ձեռքի» ուժով`

Սոցիալական արդարությունը Դաշնակցության համար հիմնական օրակարգ է: Սոցիալական արդարությունը սոցիալական պետության հիմքն է, այն երաշխավորում է հասարակության համերաշխությունը: Համերաշխությունը չի կարող լինել առանց սոցիալական արդարության։

Սոցիալական արդարության և պարետո արդյունավետության սկզբունքների միջև հակասություն չկա: Հանրային բարիքներ ստեղծելով և հասանելի դարձնելով՝ գործնականում հնարավոր է հասարակության մի անդամի բարեկեցությունը ավելացնել առանց մյուսի բարեկեցության նվազման: Մասնավորապես, պետության կողմից հավաքվող գումարների հաշվին հնարավոր է կառուցել հասարակության բոլոր խմբերի համար հասանելի առողջապահական և կրթական որակյալ համակարգեր:

Դաշնակցությունը ձգտում է սոցիալական լիարժեք երաշխիքներով հասարակության, որտեղ յուրաքանչյուրն ունի նյութապես ապահովված արժանապատիվ կյանքի իրական պայմաններ՝ անկախ շուկայի վայրիվերումներից, որպեսզի մարդն ազատորեն կարողանա մասնակցել երկրի հասարակական և քաղաքական կյանքին: Սոցիալական արդարությունը չի ենթադրում խորհրդային բացարձակ «հավասարություն», այն չի հակասում աշխատանքն՝ ըստ քանակի և որակի վարձատրելու շուկայական սկզբունքին: Հավասարությունը չի հանգեցնում արդարության, բայց սոցիալական արդարությունը հանգեցնում է նրան, որ յուրաքանչյուր ոք վարձատրվի իր ներդրմանը, աշխատանքին համարժեք:

Ազատ տեղաշարժի սահմանափակումներ չկիրառող, մոբիլ աշխատուժ ունեցող այնպիսի պետությունում, ինչպիսին Հայաստանն է, սոցիալական անբարենպաստ պայմաններն ու սոցիալական անարդարության զգացումը հանգեցրել են արտագաղթի ահագնացող ծավալների: Արտագնա աշխատանքն ու արտագաղթը նվազեցնում են երկրի տնտեսական ներուժը:

Հանրության լայն զանգվածներին ազգային ոգով և արժեքներով դաստիարակելը հնարավոր է միայն նրանց սոցիալական կենսամակարդակի բարձրացման պայմաններում: Աղքատության հաղթահարումը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև ազգային անվտանգության և պաշտպանունակության առումներով մեծ նշանակություն ունի:

Պատմությունը ցույց է տալիս, որ սոցիալական ապահովության բարձր մակարդակ ապահոված երկրները եղել են նաև տնտեսական հաջողություններ գրանցած պետություններ: Սոցիալական ապահովությունը և արդյունավետ պաշտպանությունը բարձրացնում է անհատական աշխատանքային նվիրվածությունն ու պատրաստակամությունը:

Սոցիալական արդարության հաստատումը վերաբերում է նաև սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանությանը: Սեփականությունը և ժառանգության իրավունքը պետք է երաշխավորվեն, բայց միաժամանակ սեփականատերը պետք է ունենա հասարակությաան նկատմամբ սոցիալական պարտավորություններ և պատասխանատվություն: Սեփականությունը պետք է ծառայի ոչ միայն սեփականատիրոջ շահերին, այլև հանրային բարօրությանը: Սեփականատիրոջ սոցիալական պատասխանատվությունը Դաշնակցության տնտեսական հայեցակարգի հիմնական մոտեցումներից է: Հասարակական բարեկեցությունից առավել մեծ բաժին ստացողը դրա դիմաց պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի հասարակության առաջ:

Տնտեսապես զարգացած և սոցիալապես արդար պետություններում սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքների ապահովումը դարեր շարունակ իրականացվում է սոցիալական երկխոսության, կոլեկտիվ բանակցությունների և սոցիալական գործընկերության զարգացման միջոցով: Այս հարթակում ազդեցիկ և աճող դերակատարում ունեն արհեստակցական միությունները՝ որպես աշխատանքային իրավունքի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողություն իրականացնող ինստիտուտ:

Դաշնակցությունը իրապես անկախ, ներկայացուցչական ու հզոր արհմիությունները դիտում է որպես հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության մակարդակներում սոցիալական գործընկերության համակարգի կայացման և զարգացման համար առարկայական անհրաժեշտ պայման, և հետևաբար նաև՝ արդարության ու սոցիալական պետության հիմնասյուներից մեկը:

Կայուն զարգացում

Պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնական ռեսուրսների գերշահագործումը բացառելուն, շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելուն, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը և դրանցից ստացվող եկամուտների արդար բաշխմանը հասարակության բոլոր անդամների միջև: Բնական ռեսուրսները՝ հողը, ընդերքը, ջուրը, կենդանական ու բուսական աշխարհը, անտառը, բնական լանդշաֆտներն ու մթնոլորտային օդը, համաժողովրդական սեփականություն են: Այս բնական կապիտալը ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների բարեկեցության համար է: Մինչդեռ դրանց անխնա ու չհամակարգված շահագործումը, դրանցից ստացված եկամուտները ոչ միայն բավարար չափով չեն նպաստում քաղաքացիների բարեկեցության աճին, այլև խնդիրներ են հարուցում ներկայի և ապագայի առումով:

Կայունությունը զուտ բնապահպանական գործոն չէ: Կայուն զարգացումը պահանջում է, որ պետության քաղաքականությունը միտված լինի նաև վաղվա բարեկեցության ապահովմանը:

Հայաստանի նման ծերացող և ժողովրդագրական խորացող այլ խնդիրներով հասարակությունում աղքատության պահպանվող բարձր մակարդակի պայմաններում և, հատկապես, երբ նպատակադրվում է գիտելիքահեն տնտեսության կայուն զարգացումը և հավասարապես՝ սոցիալական ներառականությունը, Դաշնակցությունը համոզված է.

սոցիալական պետությունը առանցքային ներդրում և խթանիչ մասնակցություն պետք է ունենա ժողովրդագրական խնդիրների լուծման և աշխատաշուկայի երկարաժամկետ որակյալ առաջարկի ապահովման ուղղությամբ, կյանքի որակի բարելավման, ներառյալ՝ սոցիալական պաշտպանության, կրթության և առողջապահության ոլորտներում, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ բնական մենաշնորհների համալիր կարգավորման և նպատակային կառավարմանը գործուն մասնակցություն ապահովելու ուղղություններով:

ՍՈՑԻԱԼ–ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՅԴ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Հակադրվելով նեոլիբերալ մոտեցումներին՝ Դաշնակցությունը հանդես է գալիս պետության տնտեսական կարգավորման, նպատակային և ակտիվ մասնակցության օգտին: Պետությունը պարտավոր է միջամտել, երբ շուկայական մրցակցությունը չի ապահովում տնտեսական աճ, խաթարում է սոցիալական արդարությունը և սասանում երկրի կայուն զարգացման հնարավորությունը: Մերժելով թե՛ կոմունիզմը, թե՛ ինքնահոսի թողնված կապիտալիզմը՝ Դաշնակցությունը առաջ է քաշում համընդհանուր և հիմնարար հետևյալ մոտեցումը. շուկայի դասական «անտեսանելի ձեռքի» ուժը պետք է լիարժեք կերպով լրացվի «պետության տեսանելի ձեռքի» ուժով: Դաշնակցությունը գիտակցում է, որ կան շուկայական տնտեսությամբ երկրներ, որտեղ բացակայում է ժողովրդավարությունը, բայց տնտեսական հաջողություններ ունեցող բոլոր սոցիալական պետությունները ժողովրդավարական են: Դաշնակցության ժողովրդավարությունն առաջնահերթ միտված է սոցիալապես խոցելի խմբերի, աշխատողների, գյուղացիական փոքր տնտեսությունների, փոքր և միջին ձեռնարկատերերի սոցիալ-աշխատանքային և տնտեսական իրավունքների ու շահերի պաշտպանությանը: Դաշնակցությունը դասակարգային պայքարի կողմնակից չէ, ճանաչում է սեփականության բոլոր ձևերը (պետական, համայնքային, մասնավոր), ողջունում է ստեղծագործ աշխատանքի միջոցով անհատի ձգտումները և բարեկեցության շարունակական աճը:

Ներառական տնտեսական աճի քաղաքականություն

Ինչպես արդեն տեսանք, անկախացումից ի վեր Հայաստանում առկա և դեռևս չլուծված սոցիալական խնդիրների բնույթն ու տարածվածությունը, որոնք բազմաչափ են և հիմնականում արդյունք են տնտեսության տարերային զարգացման ու շուկայի ձախողումների, օբյեկտիվորեն պարզ են դարձնում, որ պետությունը պետք է լիարժեք պարտավորություն և ակտիվ դերակատարություն ստանձնի տնտեսության կայուն զարգացման ապահովման գործում: Պետությունը պետք է վերադառնա շուկա՝ շտկելու շուկայի ակնհայտ բացթողումները, խթանելու առողջ մրցակցությունը և ստանձնելու խոցելի առանձին տարածաշրջանների, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման շարժիչ ուժի դերը:

Սոցիալական ներառականության և կյանքի որակի տեսանելի փոփոխության համար անհրաժեշտ է նվազագույն մակարդակն ապահովող (ապագա միջնաժամկետում՝ առնվազն տարեկան միջինը 7 տոկոս, երկարաժամկետում՝ առնվազն 5 տոկոս) կայուն տնտեսական աճ, որը պիտի հիմնված լինի հետևյալ հիմնական մակրոգործոնների վրա՝

Եկամուտների արդար բաշխման և ներքին շուկայի պահանջարկի խթանման համար նախ անհրաժեշտ է իրականացնել հարկային համակարգի և նվազագույն աշխատավարձի կարգավորման արմատական վերափոխումներ: Հարկային քաղաքականության հիմքում պետք է դրվի՝ «շատից շատ, քչից՝ քիչ» սկզբունքը. մեծ եկամուտ ունեցողը պետք է վճարի հարաբերականորեն ավելի շատ հարկ, քան փոքր եկամուտ ունեցողը՝

Հաշվի առնելով հայաստանյան ներքին շուկայի փոքր ծավալը՝ առանձին ապրանքային շուկաներում հնարավոր չէ բացառել մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների առկայությունը: Այսօրվա տուգանքներն ու գերիշխող դիրքի չարաշահումներից ստացված եկամուտներն անհամեմատելի են: Անհրաժեշտ է մեծացնել տուգանքները գերիշխող դիրքի չարաշահումների համար, նախատեսել հակամրցակցային գործողության վնասի փոխհատուցման մեխանիզմ, հզորացնել հակամենաշնորհային պայքար իրականացնող պետական մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները: Սոցիալական արդարության և եկամուտների վերաբաշխման նպատակով այդ ընկերությունները օրենքի ուժով պետք է դառնան բաց բաժնետիրական ընկերություններ, որոնց բաժնետոմսերի նվազագույնը 30 տոկոսը ազատ բաժանորդագրման կներկայացվի բորսայում, ինչը կնպաստի նաև կորպորատիվ մշակույթի զարգացմանն ու հանրային վստահության հաստատմանը:

Մյուս կողմից, բնական մենաշնորհները, որպես սոցիալական և տնտեսական զարգացումը և անվտանգությունը պայմանավորող կարևորագույն ենթակառուցվածքային մակրոգործոն, Հայաստանի զարգացման առնվազն այս փուլում պետք է ոչ միայն անուղղակի կարգավորվեն պետության կողմից, այլև պետք է ունենան ուղղակի պետական մասնակցություն՝ կորպորատիվ կառավարման շրջանակներում որոշումներ կայացնելու հսկիչ փաթեթով:

Աշխարհաքաղաքական, տնտեսական անվտանգության և արտաքին տնտեսական ռիսկերի կառավարման ճկուն համակարգ ունենալու համար անհրաժեշտ է արտաքին տնտեսական տարբերակված քաղաքականության իրականացում՝ տնտեսության ինովացիոն զարգացման և մարդկային կապիտալում արդյունքահեն ներդրումների ներգրավման հիմնական նպատակներով: Սա օբյեկտիվորեն ենթադրում է միջազգային գործող արտոնությունների լիարժեք իրացում և թիրախավորված ընդլայնում, ինչպես նաև հայկական սփյուռքի տնտեսական ներուժի մասնակցային ներգրավման համար տեսանելի և կայուն հիմքերի ձևավորում, հարվածային և հատուկ խթանների ու արտոնությունների համակարգի ապահովում:

Հայկական սփյուռքը, լինի Ռուսաստանում, Եվրոպայում, Միջին արևելքում, Ամերիկաներում, վիթխարի տնտեսական գործոն կարող է հանդիսանալ, եթե ճիշտ ուղղորդվի: Սփյուռքի հայ գործարարները կարող են նպաստել արտաքին շուկաների պահանջարկի աճին, ներդրումների ներգրավման, շուկայական և տեխնիկական հմտությունների փոխանցման գործին: Սփյուռքի հետ տնտեսական կապերի զարգացման ոլորտային ռազմավարության մշակումը առաջնահերթ քայլ է:

Արտաքին և ներքին ներդրումների, տնտեսական անվտանգության հիմնական երաշխիքներից է միջազգային չափանիշներին համապատասխան արդար, անկախ և արդյունավետ դատաիրավական համակարգի ձևավորումը` ներառյալ արբիտրաժային դատարանները: Ներդրումների ներգրավման նպատակով պետք է առարկայական դիտարկվի ներդրումային ֆոնդի ստեղծումը և դրա կառավարման թափանցիկ կառուցակարգերի նախատեսումը՝ պետության, գործարարների, հասարակության այլ անդամների, սփյուռքի ներկայացուցիչների լայն մասնակցությամբ:

Հայրենական ապրանքների ու ծառայությունների (հատկապես՝ զբոսաշրջության ոլորտը) արտահանման խթանման համար, ի լրումն առկա գործիքների, անհրաժեշտ է ակտիվորեն և ծրագրված օգտագործել ՀՀ դեսպանատների, հյուպատասարանների և առևտրային ներկայացուցչությունների հնարավորությունները, արտահանման սուբսիդավորումից ու ապահովագրությունից բացի՝ ներդնել պետական երաշխիքով առևտրի ֆինանսավորման արդի գործիքներ: Պետություն-մասնավոր համագործակցությամբ արտահանման լոգիստիկ կազմակերպությունների ստեղծումը և (կամ) խթանումը առանցքային նշանակություն ունի: Փոքր և միջին բիզնեսի զարգացման տեսանկյունից առավել կարևորվում է հավաքական բեռների ծառայությունների մատուցման դեպքում պետական արտոնության և աջակցության տրամադրումը:

Աշխարհում տարածված, պարզ և տարիներ շարունակ արդյունավետ գործիքները (գովազդ, այդ թվում՝ մեծ ճանաչում ունեցող սփյուռքի գործիչների ներգրավմամբ, զբոսաշրջային օպերատորների կարճաժամկետ վերապատրաստումներ, մրցութային կարգով պետական փոքր դրամաշնորհներ և այլն) պետք է լայն կիրառություն գտնեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում՝ պետական համապատասխան ինստիտուտների, ինչպես նաև հայկական սփյուռքի գործուն աջակցությամբ: Առանցքում պետք է լինի էկոզբոսաշրջության և ագրոզբոսաշրջության զարգացումը՝ առկա ներուժի արդյունավետ օգտագործմամբ, պետության անմիջական մասնակցությամբ, բնության հատուկ պահպանվող տարածքներում պետական ծրագրերի իրականացմամբ, որը գյուղական համայնքների համար կապահովի լրացուցիչ եկամուտներ, կենսաբազմազանության պահպանություն և կայուն օգտագործման պայմանների ստեղծում:

Ներմուծման փոխարինման քաղաքականությունը չի կարող արդյունավետ լինել, եթե գոնե պետական գնումների դեպքում նախապատվություն չտրվի տեղական արտադրողին: Նույնիսկ ամենա հզոր տնտեսություններ ունեցող երկրները, որոնք առաջնորդվում են ազատական գաղափարախոսությամբ, պետական գնումների դեպքում առաջնահերթություն են տալիս տեղական արտադրողին:

Պետական ակտիվ տնտեսական քաղաքականության համընդհանուր թիրախը պետք է ուղղված լինի նաև աճի առաջնային բևեռների (աճի կլաստերներ, աճի փնջեր) ձևավորմանն ու ակտիվացմանը՝ միջազգային տարածված դրական փորձի հիման վրա (ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան, Իսրայել, Մալայզիա, Ֆրանսիա, Գերմանիա, Սինգապուր, Թուրքիա և այլն): Աճի բևեռներ պետք է լինեն փոքր և միջին ձեռնարկատիրությունը, աշխատատար և գիտելիքահեն ճյուղերը, ռազմական արդյունաբերության բարձր տեխնոլոգիատար որոշ բնագավառներ (գնահատված իրական ներուժի լիարժեք օգտագործմամբ), զբոսաշրջության տարբեր ձևերի համար առարկայական ներուժ ունեցող բնակավայրերը, խոշոր ներդրումային նախագծերով և նոր աշխատատեղեր ստեղծող առանձին ձեռնարկությունները (հատկապես՝ սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերում): Աճի բևեռների հետևողական խթանումը և դրական արդյունքը բազմապատկիչ իրական ազդեցություն կթողնի ողջ տնտեսության զարգացման վրա՝ դառնալով երկրի մրցակցային առավելության հիմք: Մասնավորապես, զարգացման կոնկրետ ծրագրերի համար պետք է սահմանվեն ստանդարտներ և դրանից բխող՝ պետական աջակցության, արտոնությունների և երաշխիքների փաթեթներ, դրանց կատարման նկատմամբ պետական վերահսկողության թափանցիկ կառուցակարգեր: Եթե պետության անուղղակի օժանդակությունը բավարար չէ աճի բևեռի զարգացման համար՝ հատկապես տարածքային համաչափ զարգացումն ապահովելու տեսանկյունից, ապա պետությունը պետք է ուղղակի միջամտի՝ ստեղծելով պետական ձեռնարկություններ, դրանք հետագայում զարգացնելով և փոխանցելով մասնավորին: Սահմանափակ մրցակցության պարագայում, առավելաբար փոքր ձեռնարկատիրությունն ունի տարբերակված, իրական խթանիչ կարգավորման և պետական մշտական հոգածության առարկայական աբհրաժեշտություն:

Գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է կայուն եկամտաստեղծ և ինտենսիվ գյուղատնտեսական զբաղվածության պայմանների ու խթանների լիարժեք ձևավորում՝ «անապահովությունից կայուն զբաղվածություն» հիմնական սկզբունքով, այդ թվում՝

Սոցիալական արդարությանը եվ կյանքի որակի բարելավմանը միտված քաղաքականություն

Դաշնակցության առաջարկած տնտեսության պետական կարգավորման և մասնակցության հիմնական մոտեցումներն ու լուծումները, տնտեսական կայուն աճին զուգահեռ, պետք է հետևողականորեն հանգեցնեն եկամուտների վերաբաշխման երկարաժամկետ հետևյալ թիրախի փուլային ապահովմանը.

տնտեսության մեջ ստեղծվող յուրաքանչյուր 1 ՀՀ դրամ ՀՆԱ-ի առնվազն 25 տոկոսը (2017 թ. շուրջ 12 տոկոսի փոխարեն), բնագավառների համար սահմանված թիրախներին ու ծրագրային առաջնահերթություններին համաչափ, պետք է ուղղվի սոցիալական ոլորտին, ներառյալ՝ սոցիալական պաշտպանությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը:

Պետական միջոցների կայուն ավելացմանը զուգահեռ՝ սոցիալական կարիքների և նախատեսվող ռեսուրսների համակողմանի գնահատման հենքի վրա անհրաժեշտ է մշակել և իրականացնել սոցիալական պաշտպանության պետական ու համայնքային վերաիմաստավորված և արդիական նոր ծրագրեր, ամբողջականացնել շահառուների ներառման շրջանակը, սահմանել շահառուների խմբերի և տարածքային առարկայական առաջնահերթությունները՝ յուրաքանչյուր քաղաքացու նվազագույն սոցիալական կարիքների բավարարման վերջնանպատակով:

Դաշնակցության համար առաջնային կարևորություն ունի աշխատաշուկայի պետական կարգավորումը և աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների և շահերի համալիր պաշտպանությունը:

Զբաղվածության պետական կարգավորման ծրագրերը պետք է ամբողջապես վերաիմաստավորվեն, ընթացակարգերը առավելագույնս պարզեցվեն: Արդյունքի տեսանկյունից պետք է ենթարկվեն ամբողջական էլեկտրոնային և նպատակային կառավարման, իսկ բովանդակային առումով պետք է դառնան գործատուների համար պետական տարբերակված սուբսիդավորում՝ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերն առաջնահերթ անմրցունակ անձանցով համալրելուն, երիտասարդների՝ կրթությունից աշխատաշուկա անցման նոր լուծումների ապահովմանն ուղղված: Ծրագրերի ակնկալվող արդյունք պետք է սահմանվի գործազուրկի կայուն զբաղվածության ապահովումը (երեք տարուց ոչ պակաս) այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր շահառուի համար ծրագրով ծախսված պետական միջոցները պետք է վերադարձվեն արդեն զբաղված շահառուի եկամտահարկով:

Մյուս կողմից՝ կայուն զբաղվածության ապահովման տեսանկյունից առանցքային են աշխատատար ճյուղերը, որոնք, տնտեսական արդյունք ստեղծելուց բացի, ունեն էական սոցիալական նշանակություն անկախ այն փաստից, որ աշխատավարձերի մակարդակը որոշակիորեն ցածր է՝ համեմատած գիտելիքահեն և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հետ։ Նույնիսկ եթե շահութաբեր չեն, պետության համար առավել նպատակահարմար պետք է լինի աշխատատար ճյուղերի ձեռնարկությունների մասնակի սուբսիդավորումը՝ որպես անապահովության նպաստին այլընտրանք և տարածքային համաչափ զարգացման խթանման առարկայական գործիք:

Էապես կարևորվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվաղվածության ապահովումը գործատուների համար պարտադիր ապահովման ենթակա աշատատեղերի պահանջի (քվոտաների) լիարժեք գործադրման, ինչպես նաև պետական մասնակցությամբ և անհրաժեշտ արտոնություններ նախատեսելու միջոցով՝ սոցիալական ձեռնարկատիրության (սոցիալապես խոցելի խմբերի զբաղվածություն ապահովող, սոցիալական նպատակ հետապնդող ձեռնարկատիրության տեսակ) կայացմամբ և զարգացմամբ:

Նվազագույն աշխատավարձի կարգավորման նոր մոտեցումները, բացի տնտեսականից, պետք է ապահովեն սոցիալական հետևյալ կարևոր արդյունքները՝

Մյուս կողմից՝ աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանությունը օբյեկտիվորեն պահանջում է սոցիալական գործընկերության զարգացում, ներառյալ՝ պետական աջակցությամբ արհմիությունների ինստիտուցիոնալ հզորացում և դերի հետևողական բարձրացում աշխատանքային օրեսդրության պահանջների կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության շրջանակներում: Զուգահեռաբար անհրաժեշտ է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան՝ ամբողջականացնել աշխատանքային օրեսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողական համակարգը՝ բարձրացնելով արդյունավետությունը, միաժամանակ բացառելով առկա և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

Դաշնակցությունը համոզված է, որ միայն տնտեսական աճը և սոցիալական լարվածության թուլացումը ինքնին բավարար չեն ծայրահեղ վիճակի հասնող ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման համար: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և մարտահրավերների դիմակայման համար առաջնահերթ կարևորում է հետևյալ կայուն հիմքերի ապահովումը՝

Նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ՝ պետք է պարբերաբար բարձրացվեն նաև կենսաթոշակների ու անապահովության նպաստների չափերը՝ հիմքում դնելով ինչպես պետական բյուջեի աճող հնարավորությունները, սոցիալական ոլորտին հատկացվող միջոցների առաջանցիկ աճի ապահովման սկզբունքը, այնպես էլ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի փոփոխվող արժեքը: Պարբերաբար պետք է իրականացվի կենսաթոշակների, նպաստների, պետական հատվածում աշխատողների աշխատավարձերի ինդեքսավորում՝ նկատի ունենալով գնաճի փաստացի ցուցանիշները:

Անհրաժեշտ է նաև արմատապես վերանայել ընտանիքների անապահովության գնահատման համակարգը, որը հանդիսանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական, որոշիչ գործիքը: Գնահատման կիրառվող անուղղակի մեթոդն ունի ենթակայական բարձր աստիճան, հիմնականում պայմանավորված է սոցիալական աշխատողի ենթակայական գնահատումներով, նաև առկա են կոռուպցիոն բարձր ռիսկեր, խնդրահարույց է նպաստների հասցեականության տեսանկյունից: Այս մեթոդը պետք է փոխարինվի ուղղակի մեթոդով, որի հիմքում առավելապես պետք է լինեն ընտանիքի եկամուտները, հավաստի և ստուգելի աղբյուրներից ձևավորվող այլ տեղեկատվություն: Մյուս կողմից՝ սոցիալական աջակցության պասիվ քաղաքականությունից պետք է անցում կատարել աղքատության հաղթահարման, զբաղվածության խթանման առավել ակտիվ՝ արդյունքի միտված քաղաքականության, որը պետք է լիարժեք ապախթանի ամեն գնով նպաստի ստացման առկա ձգտումները՝ ի հաշիվ օրինական աշխատանքի կամ ինքնազբաղվածության:

Անապահովության նպաստ պետք է ստանան այն աղքատ ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ: Աշխատանքային տարիքի աշխատունակ անձանց պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածության կամ ինքնազբաղվածության ապահովում:

Երկրները մշտապես փնտրում են առավել արդյունավետ եղանակեր՝ իրենց քաղաքացիների արժանապատիվ ծերությունը ապահովելու համար։ Հայաստանը ևս կարիք ունի կենսաթոշակային բարեփոխումների և նոր համակարգի մշակման։ Հանրային վստահություն և աջակցություն ստանալու նպատակով հնարավոր ենք համարում նոր կենսաթոշակային համակարգին անցնելու հարցը դնել հանրաքվեի: Դաշնակցությունը կենսաթոշակային նոր համակարգի ձևավորման համար առաջարկում է հետևյալ հիմնական սկզբունքները՝

Կյանքի որակի և կայուն զարգացման ապահովման նպատակադրումների տեսանկյունից առանցքային պետք է լինեն նաև առողջապահությունը, կրթությունը, մշակույթը: Այս համակարգերի արդյունավետությանն ուղղված միջոցառումները ևս առարկայական անհրաժեշտություն են:

Կրթական քաղաքականությունը պետք է բխի ոչ միայն աշխատաշուկայի առկա պահանջարկից, այլև առաջանցիկ լուծումներով որակյալ կադրերի պատրաստումը պետք է դիտարկվի որպես գիտելիքահեն և ինովացիոն տնտեսության զարգացման իրական ու կայուն հիմք: Կրթության ոլորտում անհրաժեշտ են համարվում նաև հետևյալ բարեփոխումները՝

Առողջապահության ոլորտում պետական աջակցության (ներառյալ առողջապահական պետական ապահովագրության միջոցով) հասցեականության ու առաջնահերթության հիմքում պետք է դրվի շահառուների խոցելիությունը, տարածքային համաչափ զարգացման նպատակադրումը: Առողջապահության ոլորտի բարեփոխումները պետք է ներառեն նաև ծառայությունների տարբերակված սակագների ձևավորման համար լիարժեք խթանների ապահովումը, հանրապետության ողջ տարածքում այդ ծառայությունների արդիականացումը, որակի ու մատչելիության բարձրացումը: Դաշնակցությունը կարծում է, որ օրակարգային պետք է մնան առողջապահության համակարգի ամբողջական էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը, ինչպես նաև առողջապահության պարտադիր պետական ապահովագրության փուլային ներդրումը նվազագույն բազային փաթեթով:

Որպես հիմնարդյունք՝ պետք է թիրախավորվեն վերարտադրողական առողջության բարելավումը, կյանքի միջին տևողության ավելացումը և մահացության ընդհանուր գործակցի նվազումը: Առողջապահական ծառայությունները չպետք է կենտրոնացվեն միայն մայրաքաղաքում. տարածքային համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում մարզերում պետք է ձևավորվեն և գործեն իրենց տեխնիկական և մասնագիտական հագեցվածությամբ Երևանի բուժհաստատություններին չզիջող բժշկական կենտրոններ։

Մշակույթի ոլորտը մեր ազգային ինքնության գլխավոր բաղադրիչներից է, և Դաշնակցությունը կարևորում է վերջինիս համակարգաստեղծ նշանակությունը կյանքի որակի բարելավման համար, ինչպես նաև բացառիկ դերակատարությունը կայուն զարգացման համատեքստում: Մշակութային ժառանգության պահպանությունը, զարգացումն ու կապիտալացումը պետք է մշտապես ուղեկցվեն պետության նպատակային աջակցությամբ: Պետական թիրախավորված ծրագրային աջակցության հիմքում պետք է դրվեն հոգևոր աղքատության հաղթահարումը, սկսնակ ստեղծարար նորարարությունների խթանումը, մշակութային բազմազանության քաջալերումն ու հասանելիությունը, մշակութային ազգային արժեքների հետևողական միջազգայնացումը, ինչպես նաև մշակութային կրթության և գեղարվեստական դաստիարակության համար ինստիտուցիոնալ լիարժեք հիմքերի ապահովումը:

Կայուն զարգացման և ժողովրդավարության հաստատման կարևոր նախապայմաններից է նաև սեռերի շահերի լիարժեք գնահատումն ու հավասար հնարավորությունների ապահովումը: Երկրի զարգացման, մրցունակության, անվտանգության, սոցիալական արդարության և համերաշխության շահը պահանջում է նաև հանրային կյանքի տարբեր ոլորտներում արդյունավետ օգտագործել կանանց ներուժը, պետական կառավարման բոլոր մակարդակներում հասնել կանանց հավասարակշռված ներկայացվածության:

Իրականացվող բազմոլորտ բարեփոխումներին զուգահեռ՝ բնակչության կյանքի որակի բարելավման արդյունքի ապահովման տեսանկյունից պետք է ձևավորել և շարունակաբար օրակարգում պահել հանրային իրազեկումների դրականակենտրոն թիրախավորումը, ինչպես նաև զանգվածային լրատվության տեղեկատվության որակի ու էթիկայի ապահովման կառուցակարգերի ներդրումը:

Կայուն զարգացմանը միտված քաղաքականություն

Ենթակառուցվածքային ներդրումները նպաստում են երկարաժամկետ տնտեսական աճին: Սակայն ենթակառուցվածքային մեծ ծրագրեր նախաձեռնելիս անհրաժեշտ է խուսափել «ենթակառուցվածքային ծուղակից», երբ ծրագրի փաստացի ժամկետն ու բյուջեն բազմապատիկ գերազանցում են նախահաշիվը, ինչի հետևանքով չի ապահովվում ծրագրից ակնկալված արդյունքը: Այս դեպքում ծրագիրը դադարեցնելը ֆինանսական կառավարման տեսանկյունից կարող է արդարացված լինել, սակայն այդ որոշումն իր մեջ քաղաքական էական ռիսկ է պարունակում. գումար է վատնվել: Ծրագրի վրա փաստացի ավելի շատ գումար է ծախսվում, քան նախապես պլանավորված էր, հետևաբար՝ ծրագրված եկամտաբերությունը կամ ազդեցությունը տնտեսության վրա չի ապահովվում, և ծրագիրը դառնում է վնասաբեր:

Դաշնակցությունը, հստակ գիտակցելով ենթակառուցվածքային ծրագրերի կարևորությունը կայուն զարգացման տեսանկյունից, անհրաժեշտ է համարում նախապես լիարժեք և առարկայական հաշվարկել ենթակառուցվածքային ծրագրերի սոցիալական ու տնտեսական արդյունավետությունը և ռիսկայնությունը: Նաև նպատակահարմար է իրականացնել մի քանի առանձին ծրագրեր՝ մեկ խոշոր ծրագրի փոխարեն: Մի քանի առանձին ծրագրերի իրականացումը կարող է ապահովել նույն տնտեսական արդյունքը, ինչ մեկ միասնական ծրագիրը, բայց դրանցից մեկի ձախողումը չի հանգեցնի մյուս ծրագրերի ձախողմանը: Այդպիսի ծրագրեր կարող են լինել ջրամբարների շինարարությունը, պետական-մասնավոր համագործակցությամբ ճանապարհների շինարարությունը, ճանապարհային ցանցի ամբողջական ծածկույթի ապահովումը, հանրային տրանսպորտի որակի ու մատչելիության բարձրացումը և այլն:

Բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովում է կայուն զարգացման համար անհրաժեշտ հիմք՝ ստեղծելով ինչպես ներկա սերունդների միջև համերաշխության մթնոլորտ, այնպես էլ ապագա սերունդիների համար զարգացման հավասար պայմաններ։ Այս մոտեցումը կիրառելու համար առաջնորդող պետք է հայտարարավեն և գործադրվեն բնական ռեսուրսների օգտագործման հետևյալ չափանիշները՝

Այս չափանիշների կիրառումը թույլ կտա ոչ միայն պահպանել, այլև ապահովել բնական կապիտալի աճը՝ ապահովելով հասարակության յուրաքանչյուր անդամի կյանքի որակի անընդհատ բարելավում։


Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը կազմավորվել է 2017 թվականի ամռան ընթացքում: Գրասենյակի գործունեության հիմնական նպատակն է Հայ Յեղափոխական Դաշնակցության քաղաքական և սոցիալ-տնտեսական մարտավարության մշակումը և իրագործման մշտադիտարկումը (մոնիտորինգը):

www.arf.am [14]

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ հրապարակված վերլուծությունները

Վերլուծություն 1
Կարագի գնի բարձրացման պատճառները: Մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմները։ [15]

Վերլուծություն 2
Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում։ [16]

Վերլուծություն 3
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները։ [17]

Վերլուծություն 4
Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում։ [18]

Վերլուծություն 5
Միֆեր և իրականություն Պարտադիր կուտակային կենսաթոշակային hամակարգի մասին [19]