- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Նկարչական ձիրք ունենայի, Բերբերյանի կոմիքսը կնկարեի

Գյուղատնտեսության նախարարությունը չի կարող զբաղվել «թվանկարչությամբ», նաև, որովհետև ինքը այդ թվերը ստանում է ՍԱՊԾ-ից ու հրապարակում: Առավել ևս, որ բոլոր շահառուները՝ ֆերմերներ, արտահանողներ, տրանսպորտային ընկերություններ վկայում են արտահանման այս տարվա աննախադեպ բարձր ծավալների մասին:Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որը անդաստիարակություն ու անշնորհքություն է որակում Հրաչ Բերբերյանի՝ իր հասցեին արած արտահայտությունը, թե ամենամեծ «թվանկարիչն է»:

Անդրադառնալով Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի այն արտահայտությանը, որ «եթե նախորդ նախարարները նկարում էին, այս մեկը շատ լավ է նկարում», Արթուր Խաչատրյանն ասաց. «Եթե ես նկարչական ձիրք ունենայի, իր կոմիքսը կնկարեի: Բայց, ամեն դեպքում, 50 հազար տոննան, որ մենք ստանում ենք, այդ տվյալները մենք ստանում ենք Սննդի անվտանգության տեսչական մարմնի տված տեղեկանքների հիման վրա»,-ասաց նախարար Արթուր Խաչատրյանը:

Նա ընդգծեց՝ 30-40-50 տոննա են արտահանել, թե չէ, այս թվերից իրենց ոչ լավ, ոչ վատ աշխատանքն է երևում. տվյալներ են, վիճակագրություն, որոնք նախարարությունը ստանում է և հրապարակում:

«Այլ բան է, որ ֆերմերների հետ ոչ ֆորմալ և կամ ֆորմալ հանդիպումներում բոլորի հետ զրուցել ենք, և բոլորն էլ ասել են, որ վիճակը լավ է»,-հավելեց գյուղնախարարը:

Հիշեցնենք, որ Հրաչ Բերբերյանը նախարար Արթուր Խաչատրյանի հրապարակած թիվը՝ 50 հազար տոննա արտահանած ծիրան, կասկածի տակ էր առել՝ նշելով, որ եթե Հայաստանում առավելագույնը կա 350-400 սառնարաններով բեռնատար, որոնք 12-15 օրվա ընթացքում գնում են ՌԴ, կարող են այդ 12-15 օրվա ընթացքում արտահանել 8000 տոննա ծիրան, իսկ 45 օրվա սեզոնային արտահանման դեպքում (ինչը ևս գյուղատնտեսը կասկածի տակ է դնում՝ ասելով, որ երբևէ 45 օր Հայաստանից արտահանում չի եղել), ստացվում է 24 հազար տոննա՝ այսինքն՝ եթե այդ բոլոր բեռնատարները 45 օրվա ընթացքում գնան-հետ գան:

Գյուղատնտեսության նախարարը, նախ, հստակեցրեց՝ երբևէ 45 օր չենք արտահանել , այս տարի արտահանել ենք, որովհետև հիմա կան սառնարանային տնտեսություններ:

«Եվ մյուս կողմից ասում եք՝ առավելագույնը 400 մեքենա, բայց այդ թվաբանական հաշվարկները հեքիաթ են, որովհետև արտահանումը միայն հայկական ֆուռերով չի եղել, եղել են նաև ռուսական ու վրացական համարներով բեռնատարներ: Կան նաև փոքր արտահանողներ, որոնք փոքր մեքենաներով են արտահանում: Անձամբ գնացել ենք, եղել ենք բեռնման կետերում, խոսել ենք վարորդների, տրանսպորտային ընկերությունների հետ»,-ասաց գյուղնախարարը:

Հիշեցնենք, որ Արթուր Խաչատրյանին քննադատել էր նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ասելով, որ երկրում ագրարային քաղաքականություն չկա:

«Ես որևէ անձի հետ կապված խնդիր չունեմ, բայց եթե գյուղատնտեսության նախարարը կարող է ասել, որ շուկան է որոշում գյուղմթերքի գինը, պետությունը չպետք է միջամտի, ապա դա նշանակում է, որ այդ մարդը գյուղատնտեսության մեջ անելիք չունի»,- ընդգծել էր նա:

Անդրադառնալով Բաբկեն Պիպոյանի մեղադրանքին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Մենք առաջին օրվանից նույնն ենք կրկնում, որ պետությունը գյուղացուն թողել էր մենակ իր հողի ու դարդերի հետ, և որ մեր նախարարության քաղաքականությունը պետք է միտված լինի գյուղացիական տնտեսություններին աջակցելուն: Դրա մասին խոսել եմ բազմաթիվ հրապարակային հարցազրույցներում, ելույթներում, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ: Կառավարության ծրագրում դա կարմիր թելով անցնում է, և այսօր էլ բյուջետային հայտ ենք ներկայացրել, էական միջոցներ ենք ուղղում փոքր գյուղացիական տնտեսություններին օգնելու համար: Իսկ որ ասում է՝ շուկան պետք է կարգավորի, խնդիրն ուրիշ է, ես չեմ ասել, որ պետությունը պետք է ձեռքերը լվա, բայց մտնել, ասել, որ կաթը պետք է լինի 120-130 դրամ, դա ազատ շուկայական տնտեսություն չէ, դա պլանային սովետական տնտեսություն է»:

Նա հավելեց՝ այլ խնդիր է, որ պետությունն ամեն կերպ աջակցի, որ բերքը, որն իրացնում է գյուղացին, իր համար լինի շահութաբեր: Գյուղնախարարությունն արել է տարբեր ուսումնասիրություններ՝ տեսնելու համար, թե որ երկրներն իրենց տեղական գյուղմթերք արտադրողներին ինչքան են աջակցում, և ինչպես է այս աջակցությունն անդրադառնում գնի վրա»:

Հիշեցնենք, որ շատ սպառողներ դժգոհում են գյուղմթերքի բարձր գներից, ինչը գյուղնախարարն ընդունում է:

«Մի քանի ապրանքատեսակների գներն, իրոք, շատ բարձր են եղել՝ լոլիկը, ձմերուկը և կանաչին: Բայց եկեք հասկանանք, որ այս տարի եղել է անոմալ բարձր ջերմային ֆոն, որովհետև այս տարվա օգոստոսն ու անցած տարվա օգոստոսը մի քիչ տարբեր են և, 2 ամիս է, 40 աստիճան ջերմության կարգի է: Գրունտի վրա ջերմաստիճանը 60-65 աստիճան էր»,-ասաց նա:

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ սա չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ բերքի վրա: Բերքը, գյուղացու խոսքով, վառվել է: