Հայաստանում է Դիոգո Պինտոն

Հայաստանում է Եվրոխորհրդարանում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (European friends of Armenia) բարեկամական խմբի նախկին ղեկավար, ներկայում Եվրոխորհրդարանում սոցիալիստական և դեմոկրատական (S&D ընկերվարական և Ժողովրդավարական) խմբակցության փոխնախագահի գրասենյակի ղեկավար Դիոգո Պինտոն։

Օգոստոսի 7-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նախաձեռնությամբ նա հանդիպել է միության անդամների հետ։

Թեմաները բազմազան էին․ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» խմբի առաքելությունը և աշխատանքները, Եվրոմիության և մասնավորապես Եվրոխրհրդարանի կառուցվածքը, Հայաստան – ԵՄ հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հնարավորությունը։ Որպես սոցիալիստական և ժողովրդավարական կուսակցության անդամ, Դիոգո Պինտոն մանրամասն ներկայացրել է իր կուսակցության գաղափարախոսությունը և ժամանակակից աշխարհում վերջինիս ունեցած դերակատարությունը։

Օգտվելով առիթից՝ ներկաները հարցեր են ուղղել Դիոգո Պինտոյին։ Հյուրը եւ հանդիպմանը ներկա երիտասարդները համակարծիք էին, որ Հայաստանում սոցիալական արդարության հաստատումը և ամրապնդումը օրակարգային առաջնահերթություն է, իսկ այդ գործում մեծ դերակատարություն ունի ընկերվարական արժեքներ դավանող երիտասարդությունը: Հենց այս պատճառով բանախոսը հորդորել է երիտասարդներին չնահանջել մարդկանց իրավունքների և սոցիալական արդարության համար պայքարի ճանապարհից:

«Հենց Սոցիալ-ժողովրդավարական գաղափարախոսությունն է թույլ տալիս գտնել հասարակության առջև այսօր ծառացած խնդիրների մեծ մասի բանալին»,- նշել է Պինտոն:

Հանդիպման ավարտին հյուրը պատրաստակամություն է հայտնել ուժերի ներածին չափով աջակցել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությանը՝ հետագա աշխատանքներում:

Տպել Տպել