ՆԱԽԱԳԾԻ ՍԵՂՄԱԳԻՐ ֊ ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները

 

Ներբեռնել նախագծի PDF տարբերակը Նախագիծը Ներբեռնել նախագծի սեղմագրի PDF տարբերակը

ՆԱԽԱԳԾԻ ՍԵՂՄԱԳԻՐ … ՆԱԽԱԳԾԻ ՍԵՂՄԱԳԻՐ …

ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները

Երևան, օգոստոս, 2018

 

Սույն նախագիծը մշակվել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից: Նախագիծը բովանդակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները:

Նախագիծը դրվում է հանրային բաց քննարկման՝ հրապարակայնացնելու, առաջարկներ ստանալու և շահագրգիռ քննարկումների արդյունքներով առաջ քաշված հիմնադրույթները բարելավելու նպատակադրմամբ:

Լրամշակված նախագծի վերջնական տարբերակը ևս կհրապարակվի և ՀՀ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ հիմք կարող է հանդիսանալ ՀՅԴ նախընտրական ծրագրի համար:

Նախագծին և նրա սեղմագրին կարելի է ծանոթանալ նաև www.arfd.info/hy/?p=45879 հղումով:

Նախագծի վերաբերյալ առաջարկները կարելի է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:

 

ՀՅԴ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

1.

Որպես սոցիալական՝ պետությունը պետք է լիարժեք ստանձնի իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության և կյանքի որակի առաջանցիկ աճի ապահովման առանցքային դերը:

Հանրության մեջ ազգային ոգու և արժեքների սերմանումը հնարավոր է միայն նրանց կենսամակարդակի բարձրացման, հոգևոր աղքատության հաղթահարման պայմաններում:

Դաշնակցության ընկալումը բխում է տնտեսական և սոցիալական բնագավառների հիմնարար արժեքներից՝ ազատություն, արդարություն, համերաշխություն:

Իրական ազատության կարելի է հասնել, երբ ապահովված են տնտեսական նախադրյալները, հավասար հնարավորությունները, մարդն ունի սոցիալական երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամարտահայտությունը և որոշումներ կայացնելու հնարավորությունը:

Արդարությունը պահանջում է տնտեսությունում ստեղծված արդյունքի արդար, ոչ թե հավասար, բաշխում և վերաբաշխում: Արդարությունը սոցիալական պետության հիմքն է և պետք է երաշխավորի հասարակության համերաշխությունը։ Սա չի ենթադրում խորհրդային բացարձակ «հավասարություն» և չի հակասում աշխատանքն՝ ըստ քանակի և որակի վարձատրելու շուկայական սկզբունքին:

Համերաշխությունը լոկ բարեգործությունը չէ, այն գոյատևման և ազգի տեսլականին հասնելու գրավականն է՝ կյանքի որակի շոշափելի առաջընթացի և կայուն զարգացման ապահովման անփոխարինելի նախապայմանը:

2.

Կարգավորվող շուկայական տնտեսությամբ, սոցիալական ու ժողովրդավարական երկիր ունենալու ՀՅԴ հայեցակարգը ձևավորված է երեք հիմնական սկզբունքների վրա՝

  • առաջանցիկ տնտեսական աճ,
  • սոցիալական ներառականությունը և արդարություն,
  • կայուն զարգացում:

3.

Տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե շուկայական, տարերային մոտեցմամբ, այլ պետք է զուգորդվի պետական անհրաժեշտ կարգավորմամբ ու տնտեսական կյանքում պետության նպատակային մասնակցությամբ և ձգտի տնտեսության առավելագույն ներուժին. շուկայի դասական «անտեսանելի ձեռքի» ուժը պետք է լիարժեք լրացվի «պետության տեսանելի ձեռքի» ուժով:

Տնտեսության ներուժը պետք է ունենա երկրի համեմատական առավելությունների ամրապնդման և նորարարական լուծումներով ընդլայնման կայուն և տեսանելի հիմք՝ երկարաժամկետում իրական գործադրումների համար անհրաժեշտ միջավայրով: Սոցիալական ներառականության և կյանքի որակի տեսանելի փոփոխության համար անհրաժեշտ է նվազագույն մակարդակն ապահովող (միջնաժամկետում առնվազն տարեկան միջինը 7 տոկոս, երկարաժամկետում առնվազն 5 տոկոս)՝ կայուն տնտեսական աճ:

Մեծ եկամուտ ունեցողը պետք է վճարի հարաբերականորեն ավելի շատ հարկ, քան փոքր եկամուտ ունեցողը և հարկային քաղաքականության հիմքում պետք է դրվի «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը, այսինքն՝ հասարակական բարեկեցությունից առավել մեծ բաժին ստացողը դրա դիմաց պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի հասարակության առաջ:

Անհրաժեշտ է մեծացնել տուգանքները գերիշխող դիրքի չարաշահումների համար, նախատեսել հակամրցակցային գործողության վնասի փոխհատուցման մեխանիզմ, հզորացնել հակամենաշնորհային պայքար իրականացնող պետական մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները: Այդպիսի ընկերությունները օրենքի ուժով պետք է դառնան բաց բաժնետիրական ընկերություններ, որոնց բաժնետոմսերի առնվազն 30 տոկոսը ազատ բաժանորդագրման կներկայացվի բորսայում, ինչը կնպաստի եկամուտների արդար բաշխմանը, կորպորատիվ մշակույթի զարգացմանը և հանրային վստահության հաստատմանը:

Բնական մենաշնորհները, որպես սոցիալական և տնտեսական զարգացումը և անվտանգությունը պայմանավորող կարևորագույն ենթակառուցվածքային մակրոգործոն, զարգացման առնվազն այս փուլում պետք է ոչ միայն անուղղակի կարգավորվեն պետության կողմից, այլև պետք է ունենան ուղղակի պետական մասնակցություն՝ կորպորատիվ կառավարման շրջանակներում որոշումներ կայացնելու հսկիչ փաթեթով:

Ենթակառուցվածքային մեծ ծրագրեր նախաձեռնելիս անհրաժեշտ է լիարժեք և առարկայական հաշվարկել այդ ծրագրերի սոցիալական ու տնտեսական արդյունավետությունը, ռիսկայնությունը, և ըստ այդմ՝ խուսափել «ենթակառուցվածքային ծուղակից», երբ ծրագրի փաստացի ժամկետն ու բյուջեն բազմապատիկ անգամ գերազանցում են նախահաշիվը, ինչի արդյունքում չի ապահովվում ծրագրից ակնկալված արդյունքը:

Աշխարհաքաղաքական, տնտեսական անվտանգության և արտաքին տնտեսական ռիսկերի կառավարման ճկուն համակարգ ունենալու համար անհրաժեշտ է արտաքին տնտեսական տարբերակված քաղաքականության իրականացումը՝ տնտեսության ինովացիոն զարգացման և մարդկային կապիտալում արդյունքահեն ներդրումների ներգրավման հիմնական նպատակներով: Ներդրումների, տնտեսական անվտանգության հիմնական երաշխիքներից է միջազգային չափանիշներով՝ արդար, անկախ և արդյունավետ դատաիրավական համակարգի ձևավորումը, ներառյալ արբիտրաժային դատարանները:

Հայկական սփյուռքը պետք է դիտվի՝ որպես հենասյունային տնտեսական գործոն և այդ ներուժը պետք է արդյունավետ իրացվի սփյուռքի հետ տնտեսական կապերի զարգացման ոլորտային ռազմավարությանը համապատասխան:

Հայրենական ապրանքների ու ծառայությունների (հատկապես՝ զբոսաշրջության ոլորտը) արտահանման խթանման համար, ի լրումն առկա գործիքների, անհրաժեշտ է ակտիվորեն և ծրագրված օգտագործել ՀՀ դեսպանատների, հյուպատասարանների և առևտրային ներկայացուցչությունների հնարավորությունները, արտահանման սուբսիդավորումից ու ապահովագրությունից բացի՝ ներդրնել պետական երաշխիքով առևտրի ֆինանսավորման արդի գործիքներ:

Ներմուծման փոխարինման քաղաքականությունը չի կարող արդյունավետ լինել, եթե գոնե պետական գնումների դեպքում նախապատվություն չտրվի տեղական արտադրողին:

Պետական ակտիվ տնտեսական քաղաքականության համընդհանուր թիրախը պետք է ուղղված լինի նաև աճի առաջնային բևեռների ձևավորմանը: Աճի բևեռներ պետք է լինեն՝ փոքր և միջին ձեռնարկատիրությունը, աշխատատար և գիտելիքահեն ճյուղերը, ռազմական արդյունաբերության բարձր տեխնոլոգիատար որոշ բնագավառներ՝ գնահատված իրական ներուժի լիարժեք օգտագործմամբ, զբոսաշրջության տարբեր ձևերի համար առարկայական ներուժ ունեցող բնակավայրերը, խոշոր ներդրումային նախագծերով և նոր աշխատատեղեր ստեղծող առանձին ձեռնարկությունները, հատկապես՝ սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերում:

Գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է ապահովագրված, կայուն եկամտաստեղծ և ինտենսիվ գյուղատնտեսական զբաղվածության պայմանների ու խթանների լիարժեք ձևավորում՝ «անապահովությունից՝ կայուն զբաղվածություն» սկզբունքով:

4.

Տնտեսական աճը բարեկեցության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Զուգահեռաբար և փոխադարձության սկզբունքով՝ տնտեսական զարգացումը պետք է անշեղորեն ուղենշվի սոցիալական ներառականությամբ և արդարությամբ:

ՀՆԱ-ի առնվազն 25 տոկոսը, բնագավառների համար սահմանված թիրախներին ու ծրագրային առաջնահերթություններին համաչափ, պետք է ուղղվի սոցիալական պաշտպանությանը, առողջապահությանը, կրթությանը, մշակույթին:

Պետական միջոցների կայուն ավելացմանը զուգահեռ, սոցիալական կարիքների և նախատեսվող ռեսուրսների համակողմանի գնահատման հենքի վրա՝ պետք է իրականացվեն սոցիալական պաշտպանության պետական ու համայնքային վերաիմաստավորված և արդիական նոր ծրագրեր՝ յուրաքանչյուր քաղաքացու նվազագույն սոցիալական կարիքների բավարարման վերջնանպատակով:

Առաջնային կարևորություն պետք է տրվի աշխատաշուկայի պետական կարգավորմանը և աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների և շահերի համալիր պաշտպանությունը:

Զբաղվածության պետական կարգավորման ծրագրերի ակնկալվող արդյունք պետք է սահմանվի գործազուրկի կայուն զբաղվածության ապահովումը (երեք տարուց ոչ պակաս) այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր շահառուի համար ծրագրով ծախսված պետական միջոցները պետք է վերադարձվեն զբաղված դարձած շահառուի եկամտահարկով: Կայուն զբաղվածության ապահովման տեսանկյունից հենասյունային են աշխատատար ճյուղերը, որոնք տնտեսական արդյունք ստեղծելուց բացի, ունեն էական սոցիալական նշանակություն: Պետության համար առավել նպատակահարմար պետք է լինի աշխատատար ճյուղերի ձեռնարկությունների մասնակի սուբսիդավորումը՝ որպես անապահովության նպաստին այլընտրանք և տարածքային համաչափ զարգացման խթանման առարկայական գործիք: Էապես կարևորվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվաղվածության ապահովումը գործատուների համար պարտադիր ապահովման ենթակա աշատատեղերի պահանջի (քվոտաների) լիարժեք գործադրմամբ, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության (սոցիալապես խոցելի խմբերի զբաղվածություն ապահովող, շահույթ չհետապնդող ձեռնարկատիրության տեսակ) կայացմամբ և զարգացմամբ:

Սոցիալական գործընկերության հարթակում իրական բանակցությունների հենքի վրա՝ նվազագույն աշխատավարձը պետք է շարունակաբար բարձրացվի կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքին համաչափ, որը պետք է կայուն ապահովի նվազագույն աշխատավարձ – միջին աշխատավարձ հարաբերակցությունը՝ 50-60 տոկոս միջակայքում:

Սոցիալական գործընկերության համակարգի զարգացման առարկայական նախապայման և սոցիալական պետության հիմնասյուներից պետք է լինեն իրապես անկախ, ներկայացուցչական ու հզոր արհմիությունները՝ աշխատանքային օրեսդրության պահանջների կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության շրջանակներում:

ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան պետք է ամբողջականացնել աշխատանքային օրեսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողական համակարգը՝ բարձրացնելով արդյունավետությունը և բացառելով առկա ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

Նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ պետք է պարբերաբար բարձրացվեն նաև անապահովության նպաստների չափերը՝ հիմքում դնելով ինչպես պետական բյուջեի աճող հնարավորությունները, սոցիալական ոլորտին հատկացվող միջոցների առաջանցիկ աճի ապահովման սկզբունքը, այնպես էլ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի փոփոխվող արժեքը: Սակայն անապահովության նպաստ պետք է ստանան աղքատ այն ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ, իսկ աշխատանքային տարիքի աշխատունակ անձանց պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածության ապահովում:

Կենսաթոշակային նոր համակարգի ձևավորումը պետք է հիմնված լինի հետևյալ հիմնական սկզբունքների վրա. պետության պոզիտիվ պարտավորություն, միջսերնդային և ներսերնդային համերաշխություն, գործատու, աշխատող, պետություն ամբողջական մասնակցության ապահովում, համարժեքություն՝ կենսաթոշակի չափի համար ելակետ պետք է հանդիսանա կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքը կամ տվյալ պահին երկրի միջին աշխատավարձի առնվազն 40 տոկոսը, օրինական աշխատանքի խթանում՝ աշխատանքային ստաժը նույնպես պետք է հաշվի առնվի թոշակի չափի որոշման համար:

5.

Կայուն զարգացումը պահանջում է, որ պետական քաղաքականությունը միտված լինի նաև կյանքի որակի հետևողական բարելավմանը, վաղվա բարեկեցության ապահովմանը, որոնց համար հենասյունային պետք է լինեն՝ ժողովրդագրությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Միայն տնտեսական աճը և սոցիալական լարվածության թուլացումը, ինքնին բավարար չեն ծայրահեղ վիճակի հասնող ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման համար: Անհրաժեշտ է պետական համակարգված մոտեցումների հիման վրա ձևավորել ժողովրդագրական զարգացման ռազմավարական աջակցություն՝ ծնելիության խթանման, արտագաղթի կանխման ու ներգաղթի խթանման, տարածքային համաչափ զարգացման ու կյանքի որակի բարելավման հիմնական ուղղություններով:

Կրթական քաղաքականությունը պետք է բխի ոչ միայն աշխատաշուկայի առկա պահանջարկից, այլև առաջանցիկ լուծումներով, որակյալ կադրերի պատրաստումը պետք է դիտարկվի՝ որպես գիտելիքահեն և ինովացիոն տնտեսության զարգացման իրական ու կայուն հիմք: Ծառայությունների որակի ու մատչելիության երաշխիքների լիարժեք ներդրմամբ և պետական ֆինանսավորմամբ՝ պետք է անվճար ապահովվեն նախադպրոցական կրթությունը, հանրակրթությունը և մասնագիտական կրթությունը:

Առողջապահության ոլորտում բարեփոխումները պետք է ուղղված լինեն ծառայությունների տարբերակված և ճկուն սակագների ձևավորման համար լիարժեք խթանների ապահովմանը, արդիականացմանը, որակի ու մատչելիության բարձրացմանը, առողջապահության համակարգի ամբողջական էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրմանը, ինչպես նաև առողջապահության պարտադիր պետական ապահովագրության փուլային ներդրմանը նվազագույն բազային փաթեթով: Մարզերում պետք է ձևավորվեն Երևանի բուժհաստատություններին չզիջող բժշկական կենտրոններ։

Մշակութային ժառանգության պահպանությունը, զարգացումն ու կապիտալացումը պետք է մշտապես ուղեկցվեն պետության նպատակային աջակցությամբ: Պետական թիրախավորված ծրագրային աջակցության հիմքում պետք է դրվեն՝ հոգևոր աղքատության հաղթահարումը, սկսնակ ստեղծարար նորարարությունների խթանումը, մշակութային բազմազանության քաջալերումն ու հասանելիությունը, մշակութային ազգային արժեքների հետևողական միջազգայնացումը, ինչպես նաև մշակութային կրթության և գեղարվեստական դաստիարակության համար ինստիտուցիոնալ լիարժեք հիմքերի ապահովումը:

Բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովում է կայուն զարգացման անհրաժեշտ հիմք՝ ստեղծելով ներկա սերունդի համար համերաշխության մթնոլորտ, իսկ ապագա սերունդիների համար՝ զարգացման հավասար պայմաններ։ Հետևաբար, պետական քաղաքականությունը պետք է միտված լինի բնական ռեսուրսների գերշահագործման բացառմանը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցության նվազեցմանը, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը և դրանցից ստացվող եկամուտների արդար բաշխմանը:


Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը կազմավորվել է 2017 թվականի ամռան ընթացքում: Գրասենյակի գործունեության հիմնական նպատակն է Հայ Յեղափոխական Դաշնակցության քաղաքական և սոցիալ-տնտեսական մարտավարության մշակումը և իրագործման մշտադիտարկումը (մոնիտորինգը):

www.arf.am

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ հրապարակված վերլուծությունները

Վերլուծություն 1
Կարագի գնի բարձրացման պատճառները: Մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմները։

Վերլուծություն 2
Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում։

Վերլուծություն 3
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները։

Վերլուծություն 4
Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում։

Վերլուծություն 5
Միֆեր և իրականություն Պարտադիր կուտակային կենսաթոշակային hամակարգի մասին

Տպել Տպել