- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

[1]ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը օգոստոսի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Հակոբ Ավագյանը և Ալբերտ Բաբայանը, ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, այլ պատասխանատու անձինք։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը և համագործակցությունը երկու բարեկամ երկրների միջև։ Անդրադառնալով տարբեր ոլորտներում փոխգործակցությանը՝ Արծվիկ Մինասյանը նշել է,որ բոլոր բնագավառներում կա առաջընթաց, բայց էլ ավելի մեծ պոտենցիալ կա դրանք նոր մակարդակի բարձրացնելու համար։

[2]

Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, համաձայնել, որ կան մի շարք ոլորտներ, որտեղ համագործակցության բարձր արդյունքներ են գրանցվել և ներկայում անհրաժեշտություն կա այլ ոլորտներում նույնպես համագործակցության ընդլայնման ուղիներ փնտրել։

Երկուստեք կարևորվել է առևտրային ներկայացուցիչների աշխատանքը։

Նախարար Մինասյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ նաև ակտիվացվելու է ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչության աշխատանքը, քննարկվում են, Մոսկվայից բացի, Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում ևս հայկական արտադրանքի մշտական ցուցադրություն ունենալու հնարավորությունները։

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ՓՄՁ-ների, ներմուծման և արտահանման, նորամուծությունների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության, ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։

Համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչի մասնակցությամբ առաջիկայում ևս մեկ հանդիպում կազմակերպելու համար՝ բարձրացված շատ հարցերի նպատակային և առարկայական լուծման համար։

Ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ