Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային այցը Մարտունի քաղաք

Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքում: Նրան ուղեկցում էր Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Մարզպետը եղավ Մարտունու քաղաքային լողափում, ապա դիտարկեց համայնքային ենթակայության այն տարածքը, որտեղ, ըստ մարզպետարան ներկայացված ծրագրի, նախատեսվում է զարգացնել ձիաբուծություն և զբոսաշրջություն:

Մարտունու ավագ դպրոցի շինհրապարակում Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ 2016 թվականից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Մարտունու քաղաքապետը Իշխան Սաղաթելյանին ներկայացրեց քաղաքի բազմաբնակարան շենքերի խարխլված պատշգամբների և քաղաքի որոշ բազմաբնակարան կիսակառույցների հետ կապված խնդիրները, քննարկեցին դրանց լուծման հնարավորությունները: Քաղաքի կենտրոնական գրադարանում մարզպետը ծանոթացավ գրադարանի՝ վաղուց ստեղծված շենքային անբարեկարգ վիճակին, զրույց ծավալվեց գրադարանը այլ կառույց տեղափոխելու հնարավոր տարբերակների շուրջ: Մարզպետը խոստացավ նոր գրքեր նվիրել այս գրադարանին:

Մարտունու քաղաքապետարանում մարզպետ Իշխան Սաղաթելյանը խորհրդակցություն անցկացրեց տարածաշրջանի համայնքների և մարզպետարանի մի քանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Օրակարգում քննարկվեց տարածաշրջանի մի շարք համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման անբավարար վիճակը: Համայնքների ղեկավարները խոստացան շուտափույթ կարգավորել այդ ուղղությամբ գրանցված բացթողումները: Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց եկամուտների հավաքագրման գործում բարձր ցուցանիշ ապահոված համայնքների ղեկավարներին, իսկ մնացած համայնքների ղեկավարների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև սեպտեմբեր ամիս բարձրացնել եկամուտների հավաքագրման կատարողական ցուցանիշը:

«Անհրաժեշտ է վերանայել համայնքային հաստիքացուցակները, կրճատել ավելորդ հաստիքները, իսկ այդ գումարն ուղղել համայնքային տարբեր խնդիրներիր լուծմանը, այլապես ողջ գումարն ուղղվում է միայն աշխատավարձերի վճարմանը, իսկ խնդիրները մնում են անկատար: Այսօր համայնքների համար շատ կարևոր է լուծել աղբահանության խնդիրը, որի համար հարկավոր է օրենքով սահմանված կարգով մրցույթ հայտարարել և շահող ընկերության հետ կանոնավոր աղբահանություն իրականացնել: Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի մարզում լուծում ստանան հրատապ և սուբվենցիոն եղանակով ներկայացված այն ծրագրերը, որոնք համապատասխանում են ՀՀ կառավարության կողմից մշակված չափանիշներին: Առաջարկում եմ նաև առաջիկայում հաջորդ տարվա համար կազմել համայնքային հիմնախնդիրները կարգավորող նոր և բովանդակալից ծրագրեր»,- իր խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը:

Խորհրդակցության ընթացքում խոսվեց նաև որոշ համայնքներում ոռոգման և խմելու ջրի շուրջ ծագած խնդիրների և դրանց լուծման հրատապության, համայնքապետարան – դպրոց համագործակցված աշխատանքի մասին:

Տպել Տպել