Արծվիկ Մինասյանը հանդիպել է Դեյվիդ Բոհիգյանի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը, ՏԶՆ և ԱԳՆ նախարարությունների, ԱՄՆ դեսպանության, Բիզնես Արմենիայի ներկայացուցիչներ։

«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները չափազանց բարձր ընթացքի մեջ են։ Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը մի նոր մակարդակի կբարձրացնի այդ հարաբերությունները, և դրա լավագույն ցուցիչներից մեկը՝ քաղաքականից զատ, տնտեսական հարաբերություններն են», – ողջունելով հյուրերին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ նշել է նախարար Արծվիկ Մինասյանը։ Նա ներկայացրել է տնտեսության ոլորտում երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը, հատկանշել ներդրումային միջավայրի արդյունավետության համար կարևորագույն երկու օրինագծերի ընդունումը պետություն-մասնավոր հատված գործակցության և օտարերկրյա ներդրումների պաշտպանության բնագավառներում։ Միաժամանակ, նախարարը կարևորել է տնտեսական հարցերով իրավապաշտպանի ինստիտուտի անհրաժեշտությունը։ «Կա վճռականություն, և մոտ ապագայում իրականացվող օրենսդրական բարեփոխումները դրականորեն կանդրադառնան Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորմանը»,- նշել է նախարարը։

Դեյվիդ Բոհիգյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար․ «Ինձ համար պատիվ է ԱՄՆ կառավարության անունից այցելել Հայաստան՝ հանդիպելու նոր ղեկավարությանը, ամրապնդելու մեր հարաբերությունները և բացահայտելու ամերիկյան ներդրումների ավելացման հնարավորությունները: OPIC-ը ձգտում է օգնել առավել կայուն ու անկախ Հայաստանի կայացմանն այնպիսի ծրագրերի միջոցով, որոնցում ապահովված են կուռ ստանդարտներ և որոնք թափանցիկության միջոցով կանխում են կոռուպցիան: Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով, որոնք ուղղված են ենթակառուցվածքների ձևավորմանն ու այն առանցքային ոլորտներին, որոնք ունեն տնտեսական աճ, աշխատատեղեր ու մարդկանց համար տևական օգուտներ ապահովելու հեռանկար», – ասել է OPIC-ի գործադիր փոխնախագահը և ներկայացրել կորպորացիայի՝ որպես ԱՄՆ պետական մարմնի գործառույթները։

Ներկայում Հայաստանում կառույցն իրականացնում է 6 ծրագիր։ OPIC-ը ամերիկյան ընկերությունների կողմից ներդրումների իրականացումն է ապահովում համաֆինանսավորման, քաղաքական և այլ ռիսկերի ապահովագրման և վարկավորման միջոցով։

Հանդիպմանը խոսվել է փոքր և միջին բիզնեսի զարգացման, կապիտալի շուկայի կայացման, ներդրումների խթանման, կարողությունների զարգացման և մի շարք այլ հարցերի մասին։

Նախարար Մինասյանը տեղեկացրել է վարչապետի հանձնարարությամբ, արտգործանախարարության հետ համատեղ, առևտրային ներկայացուցիչների ինստիտուտը ուժեղացնելու աշխատանքների մասին։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության պատրաստակամության մասին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տպել Տպել