Ստեփանակերտում ՀՅԴ 122-ամյակի տոնակատարության ժամանակ արտասանված ելույթները

ՊԱՐԳԵՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔՈՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀՅԴ 122-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

PargevSebazanՄեծարգո Ազգային Ժողովի նախագահ, մեծարգո պետական այրեր, սիրելի կուսակցականներ, հայրենակիցներ եւ երիտասարդներ: Այսօր Դաշնակցություն կուսակցության 122-ամյակի օրն է: Մեր հայկական ավանդական կուսակցություններից Դաշնակցությունը, որ ունի այսպիսի հսկա կուտակված փորձ, մինչեւ այսօր կարողացել է պահել իր ազգային դիմագիծը, մարտունակությունը եւ կուսակցության դասական կառուցվածքի ձեւը, որը խիստ տարբերում է իրեն, եւ կարողացել է դա պահպանել:

Շատ կուսակցություններ կան, որ կապված են մեկ առաջնորդի հետ: Եթե առաջնորդը ձախողվի, կուսակցությունը կարող է վանվել ժողովրդի կողմից: Բայց Դաշնակցությունը տարբերվում է. նա իսկապես կուսակցություն է` բառի դասական իմաստով, եւ իր առավելություններից մեկը դա է: Այն, որ Դաշնակցությունը միշտ ձգտել է ազատատենչ լինել, հայրենիքը տեսնել ազատ ու անկախ, այսօր կուսակցության եւ ողջ հայության երազանքը իրականություն է` ի դեմս երկու հանրապետությունների: Այն, որ Դաշնակցությունը առաջ է մղում հայ դատը, դա մեր ազգի պատվի եւ արդարության խնդիրն է: Դա վսեմ առաքելություն է, եւ դա դժվար է գնահատել: Այսօր, գլոբալիզացիայի պայմաններում, ինչը համաշխարհային երեւույթ է` համաշխարհային փոթորիկ, ցունամի, ինչպես ուզում եք անվանեք, սակայն մենք պետք է կարողանանք պահել մեր ազգային դիմագիծը: Եւ հայապահպանության հարցում, մանավանդ Սփյուռքի պայմաններում, անգնահատելի է Դաշնակցության գործը: Ես գրեթե ամեն տարի լինում եմ Սփյուռքում, եւ պետք է ասեմ, որ այսօրվա մեր մերձավոր Սփյուռքը` Ռուսաստանը, ավելի վտանգված է այս իմաստով: Խոսքս ձուլման մասին է` սպիտակ ցեղասպանության, որ հայերը շատ արագ ձուլվում են: Եւ այս առումով, ես կարծում եմ, մենք բոլորս միասին մեր ուժերը պետք է լարենք, որ փրկենք հայկական բեկորները սփյուռքի պայմաններում: Մեծ ազգ չենք այսօր աշխարհում, ընդամենը 10 միլիոն ենք, միգուցե մի քիչ ավելի, բայց ամեն մի հայ մեզ համար շատ թանկ է:

Ես ուզում եմ պատմական փոքր ակնարկ անցկացնել: 1890 թվականից մինչեւ այսօր Դաշնակցությունը հավատարիմ մնաց իր ազատատենչ ոգուն եւ Արցախյան գոյամարտում իր կուսակցական ընկերներով մասնակցեց մեր ինքնապաշտպանությանը, մեր անվտանգությանը` ապահովելով մեր անկախությունը: Դա հասկանալի է, եւ զարմանալի կլիներ, եթե դա չլիներ: Դաշնակցությունը ակտիվորեն ներգրավված է ե’ւ մայր Հայաստանում, ե’ւ Արցախում` քաղաքական կյանքից ներս, եւ իրենից յուրահատուկ քաղաքական գործոն է ներկայացնում իր համարձակ, քննադատական եւ շինիչ հարցադրումներով: Դա պետք է եւ անհրաժեշտ է: Ցանկացած շինիչ քննադատություն պետք է բոլորիս: Չկա անթերի մարդ: Չկա անթերի կառավարություն, չկա անթերի որեւէ կազմակերպություն: Դաշնակցությունն էլ իր բոլոր լավ եւ հսկա գործերով կարող է ունենալ կամ ունեցել է տկարություն եւ թերություն, եւ դա էլ է բնական: Չի սխալվում նա, ով չի աշխատում:

Սակայն խոսքս ուզում եմ ամփոփել նրանով, որ հսկա գործ է արել Դաշնակցությունը` մատուցելով մեր ազգին եւ մայր հայրենիքին, եւ, որպես հայ մարդ, ես պիտի իմ երախտագիտությունը հայտնեմ, որովհետեւ Դաշնակցությունից ծնվել են այնպիսի անվանի մարդիկ. չեմ ուզում թվարկել, քանզի դուք բոլորին ճանաչում եք: Եւ մեկ կարեւոր բան, որպես պարզ հայ մարդ, գոնե Ցեղասպանության վրեժխնդրությունը սկսեցին կազմակերպել եւ աշխարհի տարբեր վայրերում հետապնդեցին նրանց, ովքեր խուսափեցին միջազգային դատից: Մասամբ վրեժխնդիր եղան ամեն մի հայի անունից` իմ անունից, ձեր անունից, մեր նահատակների անունից: Վրեժխնդիր լինելը լավ չէ, բայց երբ աշխարհը լռում է անմարդկային Ցեղասպանության դեմ, հայ մարդն ինքն է ստիպված ոտքի կանգնում` ձայնն աշխարհով մեկ բարձրացնելով: Հիշենք Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը Գերմանիայում. այն ժամանակ աշխարհը նոր – նոր սկսեց իմանալ, որ եղել է հայոց դաժան Ցեղասպանություն:

Շնորհավորում եմ Դաշնակցության 122-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ կուսակցությանը նորանոր ձեռքբերումներ, նորանոր հաջողություններ` հանուն հայրենիքի, հանուն հայության, որովհետեւ հայրենիքը եւ հայությունը, մեր հավատքի հետ մեկտեղ, ամենանվիրական, ամենասուրբ հասկացողությունն է ցանկացած հայի համար: Դաշնակցությունն էլ ստեղծվել է հայրենիքը եւ ազգը, ազգային արժեքը պահելու ու պահպանելու համար: Պահեք ու պահպանեք ազգային դիմագիծը: Հուսամ, որ ձեր դասական, ավանդական կուսակցական ձեւը, որ դուք կարողացել եք 122 տարի պահել` կպահպանեք: Կուսակցություն է, մեկ կամ երկու մարդու կազմակերպություն չէ:

Իսկ դա ձեզ հաջողվել է:

ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

GiroManoyan-14Գերաշնորհ սրբազան հայր,
Մեծարգո պարոն նախագահ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի,
Պատվարժան հյուրեր,
Սիրելի ժողովուրդ եւ գաղափարակից ընկերուհիներ ու ընկերներ,

Հայ Հեղափոխական Դաշնակցության Օրը տարեկան հաշվետվության օր է. հաշվետվություն` կատարածի, չկատարածի եւ կատարելիքի շուրջ: Հաշվետվություն` սեփական ժողովրդին, ով Դաշնակցության նպատակների եւ միջոցների միակ աղբյուրն է:
Տարեկան հաշվետվության օրը չի կարող անտեսել կուսակցության անցած ամբողջ ուղին, մանավանդ` երբ այդ կուսակցությունն ունի ավելի քան 122-ամյա պատմություն: Պատմություն` որ անբաժանելի մասն է սեփական ժողովրդի եւ սեփական երկրի պատմությանը: Պատմություն` որ լեցուն է տասնյակ հազարավոր նվիրյալների անձնազոհության դրվագներով, քաղաքական ու քարոզչական նախաձեռնություններով:

122 տարի Դաշնակցությունը ոչ միայն եղել է հայ ժողովրդի պատմության ամենակարեւոր դրվագների ականատեսը, եղել է ոչ միայն մասնակիցը, այլ շատ դեպքերում` եղել է նաեւ առաջնորդը, գաղափարական, մարտական, քաղաքական ճակատների վրա` առաջին դիրքերում մարտնչողը: Դաշնակցությունն իր հիմնադրության առաջին օրվանից պայքարել է մեր Հայրենիքում բնակվող ժողովրդի տնտեսական ու քաղաքական ազատության համար: Սկիզբը` դա միայն «Թյուրքաց Հայաստաննե էր: Վերջը, երբ վտանգի ենթարկվեց նաեւ Անդրկովկասի հայությունը, Դաշնակցության պայքարը ներառեց նաեւ մեր ժողովրդի այդ հատվածի իրավունքների պաշտպանությունը: Իսկ երբ Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը հասավ ցեղասպանության մակարդակի, Դաշնակցությունը ժողովրդի կյանքը պաշտպանեց` անհավասար կռվի մեջ մտնելով թշնամու դեմ: Իսկ երբ Հայրենիքի մեծ մասը հայաթափ եղավ եւ Ցեղասպանությունից փրկված հայության բեկորները` աշխարհացրիվ, Դաշնակցությունը զբաղվեց նաեւ այդ բեկորների վերապրումի, հայացման եւ հայապահպանման խնդիրներով: Եւ դա արեց` իր կողքին ունենալով ազատատենչ նույն գաղափարների համար պայքարող համակիր զանգվածներ:

122-ամյա Դաշնակցության մեծագույն նվաճումներից մեկը, անառարկելիորեն, հայոց պետականության վերականգնման` Հայաստանի Հանրապետության հիմնադրության եւ կերտման մեջ իր ստանձնած առաջնորդող դերակատարությունն է: Անուրանալի փաստ է, որ եթե 1918-ին չհիմնադրվեր Հայաստանի Հանրապետությունը, մենք չէինք ունենա ո՛չ Խորհրդային Հայաստան եւ ո՛չ էլ` 1991-ին վերանկախացած Հայաստանի Հանրապետություն: Մենք երբեք չենք հավակնել, որ մեր քայլերում սխալներ չեն եղել: Բայց մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարել ենք ու հայտարարում ենք, որ անխարդախ է եղել Դաշնակցության եւ դաշանակցականների նվիրվածությունը հայոց պետականության կերտման նպատակին: Պետություն` որ առաջին օրվանից ինքզինք հռչակեց համայն հայության հայրենիք, իսկ 1919-ի Մայիսի 28-ին` միացյա՛լ Հայաստան:

Ազգի պահպանման ու զարգացման գործում պետության կարեւորագույն դերի գնահատման վկայություն է Դաշնակցության` 1920 թվականի դեկտեմբերի որոշումը, որի համաձայն` նախընտրելի էր, որ պետությունը լիներ կարմիր, քան` մեռած:

Սփյուռքյան իր գործունեության շրջանում եւս Դաշնակցությունն իր համակիր զանգվածներին վարակեց անկախ Հայաստանի գաղափարով, միաժամանակ ճիշտ գնահատելով Խորհրդային Հայաստանի դերակատարությունն ու արժեքը:

Չեմ ուզում ավելի խորանալ Դաշնակցության 122-ամյա պատմության ներկայացման մեջ, որովհետեւ ուզում եմ արագ անդրադառնալ ժամանակակից հարցերին:

Անցած մեկ տարվա ընթացքում Դաշնակցության հետ առնչված կարեւոր իրադարձություններից մեկը` անառարկելիորեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն էին այս տարվա մայիս ամսին: Թեեւ շատ է խոսվել այդ ընտրությունների մասին, չեմ կարող չանդրադառնալ նրանց: Պետք է անդրադառնալ այդ ընտրություններին, որովհետեւ ոմանք սխալվում են, երբ այդ ընտրությունների արդյունքները համարում են ինչ-որ քաղաքական իրականության` իբր հայրենի ժողովրդի քաղաքական նախասիրությունների արտահայտություն: Այդ ընտրություններն իրականում ընտրություններ չէին. Դրանք շատ լավ սարքված ընտրությունների նմանակում` իմիտացիա էին: Առանց մխրճվելու մանրամասնությունների մեջ, թե ինչպես ճշտվեց Դաշնակցության ստացած քվեների թիվը, այդուհանդերձ պիտի հաստատել, որ ՀՅԴ-ի ժողովրդականությունը նվազել է նախորդ` 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունների հետ համեմատած: Սա անառարկելի փաստ է, որի համար բոլոր դաշնակցականներս պատասխանատու ենք` անկախ մեր բնակած երկրից եւ վարած կուսակցական պաշտոնից: Սա ներկուսակցական հարց է, որի քննարկումը պետք է կատարենք ամենայն անկեղծությամբ եւ դաշնակցականի արիությամբ: Մինչ այդ պիտի հաստատել, որ ամեն դեպքում, Հայաստանի խորհրդարանական ընտրությունները չեն կարող լինել ամբողջ Դաշնակցության իրական ուժի եւ ժողովրդականության չափանիշ: Չեն կարող, որովհետեւ, ի տարբերություն այդ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունների, Դաշնակցության Հայաստանի կառույցը նախ ցույց տվեց, որ ինքն իսկապես կայացած քաղաքական կուսակցություն է, որ ունի ժողովրդի դատին ներկայացնելու քաղաքական ծրագիր եւ այդ ծրագիրը իրականացնելու ատակ մարդուժ: Երկրորդ, որովհետեւ միայն Դաշնակցությունն է, որ գործում է նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Դաշնակցության այդ համահայկական անհասանելիությանը եւ հեղինակությանը հարածելու ճիգ էր այս տարվա հուլիսին կայացած Արցախի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ին վարկաբեկելու ձախողած փորձը, որի մեջ, ցավոք, ներքաշվեցին նաեւ կուսակցական եւ մարտական որոշ ընկերներ: Այդ փորձի իրական հեղինակների հակադաշնակցական արշավն ինքնին վկայում է Դաշնակցության վայելած համահայկական, այս դեպքում` նաե՛ւ Արցախում ժողովրդական հեղինակության մասին: Թույլերի, քաղաքականորեն պարտվածների դեմ չէ, որ նման արշավներ են ձեռնարկվում: Այստեղ եւս ՀՅԴ Արցախի կառույցը իր կեցվածքով ու գործով ցույց տվեց, որ ինքը համահայկական նպատակներ եւ կառույց ունեցող, տարբեր պայմաններում համապատասխան միջոցներով գործող հեղափոխական 122-ամյա կուսակցության մեկ ամուր մասնիկն է:

Իրականության մեջ Դաշնակցությունն ավելին է սոսկ կուսակցություն լինելուց, եւ սա է այն հիմնական տարբերությունը, որ առկա է ՀՅԴ-ի եւ հայ իրականության մեջ գործող մնացած բոլոր քաղաքական կուսակցությունների միջեւ:

Դաշնակցությունը նախ եւ առաջ գաղափարական շարժում է: Այդպես է եղել ամբողջ 122 տարի շարունակ: Այդ է պատճառը, որ «վերքերով լի ջան ֆեդա»-ն նախ եւ առաջ եղել է «զինվոր գաղափարի»:

Այսօր, ընդունեն թե` ոչ, Դաշնակցությունը շարունակում է հայ ժողովրդի եւ Հայաստանի համար` ազատության եւ արդարության պայքարում իր գաղափարական առաջամարտիկի դերը: Եւ դա` բոլոր բնագավառներում: Ինչպես նախորդ տասնամյակներին, վերջին 10-12 տարիների ընթացքում, Դաշնակցության նախաձեռնությունների սոսկ թվարկումը կհամոզի ցանկացած անաչառ հայի, որ Դաշնակցության առաջնահերթ նպատակն է եղել այդ պայքարի ճանապարհին նոր գաղափարների սերմեր ցանելը: Թվարկեմ այդ նախաձեռնությունները.

– Հայաստանի Հանրապետության ներքին` սոցիալ-տնտեսական հարցերի լուծման համար ընկերվարական ուղղությունների որոնում, սկսած տարբեր խորհրդաժողովներից, հասնելու համար Դաշնակցության հիմնադրած «Հրայր Մարուխյան» հիմնադրամը, որն արդեն միջազգային գործակցությամբ եւ հայկական մտավոր ուժով հրապարակել է եւ շարունակում է պատրաստել «սոցիալական բարեփոխումները Հայաստանումե ընդհանուր վերնագրով ուսումնասիրություններ եւ քաղաքականության այլընտրանքներ` առողջապահության, սոցիալական, բնակարանների, զբաղվածության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, կրթության, ժողովրդագրության, հայրենադարձության եւ այլ ոլորտների համար:

– Ջավախքի հայության խնդիրների գլխավոր արծարծողը եւս եղել է Դաշնակցությունը: 10-12 տարի առաջ, երբ Սփյուռքում այդքան էլ տեղյակ չէին Ջավախքի մասին, Դաշնակցությունը նախ գիրք ու քարտեզ տպեց մեր պատմական հայրենիքի այդ հատվածի եւ այնտեղ ապրող հայության տարատեսակ խնդիրների մասին: Դաշնակցությունն էր, որ աջակցեց, որպեսզի այդ խնդիրները հասցվեն նաեւ Վրաստանի բարօրությամբ շահագրգռված պետությունների ուշադրությանը, դառնան նրանց օրակարգի մաս, իսկ այսօր` արդեն նաեւ գործնական աշխատանք: Ուրիշներն էլ սկսեցին յուրացնել Դաշնակցության որոշ մոտեցումները, իրենք էլ զբաղվել այդ հարցերի մի մասով: Թեեւ միշտ չէ, որ այլոց մոտեցումները օգտակար են լինում Ջավախքին, պիտի ընդունել սակայն, որ Ջավախքի հայության խնդիրներն այսօր համահայկական օրակարգի մաս են կազմում: Այսօր Վրաստանում տեղի ունեցող զարգացումները հույս են ներշնչում, որ այս խնդիրները մեծամասամբ կկարգավորվեն եւ հայ-վրացական հարաբերությունների այս ամենաթույլ օղակը կդառնա այդ շղթայի ամենաուժեղ օղակը:

-ՀՅԴ-ի մյուս նախաձեռնությունը, որը եւս վարակիչ դարձավ շատերի համար եւ այսօր մաս է կազմում համահայկական օրակարգին` դա Արեւմտահայաստանում, Կիլիկիայում եւ ընդհանրապես Թուրքիայում ապրող թաքուն, գաղտնի հայերի, հաճախ նաեւ հայկականության ինչ որ շառավիղ ունեցողների նկատմամբ հայ ժողովրդի մոտ հետաքրքրության ստեղծումն է: Մի կողմից դավանափոխ հայերի շրջանակներում առաջացած ինքնության փնտռտուքը, մյուս կողմից` այդ շրջանակների նկատմամբ հայության` արդեն աճած հետաքրքրությունը ստեղծել են պարարտ հող բոլորի համար` վերադառնալու իրենց ակունքներին. ոմանք` դեպի հայություն, ուրիշներ` դեպի Արեւմտահայաստան:

– Արցախի ազատագրումը Դաշնակցության համար տասնամյակներ շարունակ եղել է Հայ Դատի, այն է` ամբողջական հայությամբ ամբողջական Հայաստանի կերտման մեկ անբաժան մասնիկը: Եւ երբ 1988 թվականին «ձայն մը հնչեց» Արցախի լեռներից, Դաշնակցությունը հնարավորություն ունեցավ գործնական դերակատարություն ունենալու իր ծրագրային այդ նպատակի իրագործման պայքարում: Արցախյան ազատամարտում Դաշնակցության եւ դաշնակցականների հիմնական դերակատարությունն անառարկելի է: Բայց Դաշնակցությունն արդեն քայլեր է ձեռնարկել` ազատագրված Արցախը, ամբո՛ղջԱրցախը համահայկական ճիգերով նաեւ զարգացնելու ուղղությամբ: Արցախյան մեր փաստացի հաղթանակաները քաղաքական-իրավական ցանկալի կարգավորումը կարող են ունենալ միայն այն դեպքում, երբ Արցախի հողը իր վրա կունենա հայի համատարած ներկայությունը: Այդ ներկայությունն ապահովելու համար ահա` Դաշնակցությունը գործուն կերպով խրախուսում է համահայկական ներդրումային ծրագրեր, ներառյալ` Արցախի քաղաքականապես ռիսկային համարվող տարածքներում, ԼՂՀ իշխանությունների հետ գործակցաբար:

Միաժամանակ, Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցությունները Ադրբեջանի կողմից պատանդ պահելու քաղաքականության դեմն առնելու համար Դաշնակցությունը ձեռնարկել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում ապահովելու գործին` հնարավոր բոլոր չափերով եւ բոլոր մակարդակների վրա: Այս քաղաքականության արդյունքներից են անցած տարվա ընթացքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներից Մասաչուսեցի եւ Րոտ Այլընտի, ինչպես նաեւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուեյլս նահանգի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ կոչը այդ երկրների կենտրոնական իշխանություններին` ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս քաղաքականության փայլուն վկայությունն է նաեւ անցած տարվա ընթացքում, Ադրբեջանում Ամն-ի դեսպան` Լեռնային Ղարաբաղի հարցում իր կողմնակալ վերաբերմունքով հայտնի Մեթյու Բրայզայի պաշտոնանկ անելը: Ի վերջո, հարեւան երկրի նախագահի այն հայտարարությունը, թե «ադրբեջանի թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է», այնքան էլ անհիմն չէ:

Արցախի նկատմամբ Դաշնակցության ծրագրային, ռազմավարական եւ գործնական կեցվածքները Դաշնակցության համար եղել են վճռորոշ` ընդհանրապես հայ քաղաքական իրականության ներսում, բայց հատկապես` Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում իր կեցվածքների համար: Արցախյան ազատամարտում հայության բոլոր ձեռքբերումները պահպանելը, դրանց միջազգային ճանաչում ապահովելը եղել են այն որոշիչ խնդիրները, որոնք վճռել են Դաշնակցության քաղաքական կեցվածքները նախեւառաջ Հայաստանի Հանրապետությունում: Նաեւ, այդ կեցվածքներն են եղել պատճառը, որ Դաշնակցությունը Հայաստանի Հանրապետությունում, ոչ վաղ անցյալում արգելված, փակված, հալածված կուսակցություն էր: Մեր բոլորի Հայրենիքի` ազատագրված Արցախյան տարածքների պահպանման խնդրին Դաշնակցության կողմից տրված այս նախապատվությունը պետք է ճիշտ գնահատեն իշխանությունները ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ստեփանակերտում:

Անցած 20-25 տարիներին Դաշնակցության համար կարեւորագույն ուսանելի դասերից մեկը եղել է այն, որ պաշտոնական Ստեփանակերտի եւ պաշտոնական Երեւանի տարակարծությունը պետք չէ լինի այնքան խորը, որ այն հասնի փոխադարձ թշնամանքի: Արցախի Հանրապետությունը պետք է ունենա իր ուրույն տեսակետը հատկապես ի՛ր խնդրի կարգավորման վերաբերյալ, իսկ պաշտոնական Երեւանն էլ պետք է ոչ միայն հաշվի նստի այդ ինքնուրույն տեսակետի հետ, այլ պիտի սատարի, որ այն դառնա ներգործոն: Հատկապես այսօր, Արցախի քաղաքական հավելյալ ակտիվությունն իր անկախության միջազգային ճանաչման գործում, կենսական նշանակություն ունի: Անհրաժեշտ է նոր թափ տալ արտաքին ճակատի վրա քաղաքական եւ քարոզչական աշխատանքներին` հիշեցնելու համար Արցախի հիմնախնդրի էությունն ու Ադրբեջանի` ընդհանրապես հակահայ քաղաքականությունը եւ բարձրացնելու Արցախի Հանրապետության` որպես անկախ պետության ճանաչման հարցը:

Դաշնակցությունը շարունակելու է այս ճակատում իր բոլոր հնարավորությունները դնել Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների տրամադրության տակ, անկախ նրանից, թե ովքեր են իշխանության ղեկին նստած: Միաժամանակ, պետք է նաեւ հասկանալ, որ առանց հզոր Հայաստանի Հանրապետության մենք կվտանգենք ոչ միայն Արցախյան ճակատում մեր բոլորի ձեռքբերումները, այլ նաեւ` նույնինքն Հայաստանի Հանրապետությունը: Հետեւաբար, չի կարելի անտեսել Հայաստանի Հանրապետությունը թուլացնող բոլոր ազդակները` կաշառակերության արդյունքում ձեւավորված կառավարման խոցելի համակարգից ու անարդար հասարակարգից մինչեւ ժողովրդագրական արյունահոսությունը: Ժողովրդավարության չափորոշիչների իմիտացիան, կառավարման համակարգի սխալների համար պատասխանատվությունից խուսափելը եւ ուրիշներին մեղադրելը, սեփական իշխանությունը պահելու համար` որոշ հարցերում արտաքին ուժերի կամակատար լինելն ու ազգային շահերից փաստացի հրաժարվելը վտանգում են մեր ժողովրդի վաղվա երթը:

Երբ խոսվում է Դաշնակցության գործունեության մասին, բնականաբար չի կարելի անտեսել Դաշնակցության` արդեն «սովորական» դարձած աշխատանքները. համայնքների կյանքը կազմակերպելուց` որոշ համայնքների անվտանգության հարցերը ստանձնելուց մինչեւ մամուլ ու լրատվամիջոցներ, մինչեւ Հայ Դատի հանձնախմբեր եւ գրասենյակներ, այլ պետությունների քաղաքական կուսակցությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններ, եւ երբեմն նաեւ` համագործակցություն:

Այս ամբողջն իսկապես Հայ Հեղափոխական Դաշնակցությունը վերածում են ավելիին, քան սոսկ քաղաքական կուսակցությունն է: Դաշնակցության գործի այս տարողությունը նաեւ ունի իր յուրահատկությունները. համահայկական նշանակություն ունեցող այս գաղափարների իրականացման համար երբեմն Դաշնակցությունն անհրաժեշտություն է զգում գործակցել Հայաստանի եւ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների իշխանությունների հետ, անկախ` այլապես նրանց նկատմամբ իր ունեցած դիրքորոշումից: Սա ավելի շուտ Դաշնակցության գործելակերպի նկարագրային գծերից մեկն է. հանուն հայրենիքի եւ ազգի` զոհել նաեւ կուսակցական շահը: Վստահաբար, մենք նաեւ այս գինն ենք վճարում, երբ ժողովրդի մոտ շփոթ է առաջանում` ի տես մեր որոշ քայլերի:

Որոշները մեզ` Դաշնակցությանն ու դաշնակցականներին երազկոտ, իդեալիստ են համարում: Եթե դա ասվում է բացասական իմաստով, ապա պիտի պատասխանել, որ Դաշնակցությունը ոչ թե երազկոտ, այլ` տեսլական ունեցող եւ, ինչպես ասացի, նախեւառաջ գաղափարական շարժում է: Դաշնակցությունն իր ավելի քան 120-ամյա կենսագրությամբ ցույց է տվել, որ երբ համոզումով եւ գործով ժողովրդին ցույց կտաս քո տեսլականի իրագործելի լինելն ու նրան հասնելու ճանապարհը, ժողովուրդը այդ տեսլականի իրականացման համար կլինի քո կողքին: Միաժամանակ, չի կարելի երկար անտեսել այն դժգոհությունը, որ կուտակվում է ժողովրդի մեջ, որն այսօր` եթե արտահայտվում է արտագաղթով, վաղը կարող է դրսեւորման այլ ձեւ գտնել: Միաժամանակ, չի կարելի երկար չարաշահել Դաշնակցության այն պահվածքը, որ հանուն ազգային շահերի պետք է ինքնազսպումի գնալ` երկրում պահելու կայունությունը:

1921 թվականի փետրվարի 18-ը վկայում է, որ ժողովուրդը կարող է անտեսել Դաշնակցության այդ զսպվածությունը եւ ապստամբել: Մեր ակնկալությունը, ցանկությունն ու նպատակն է, որ 2013 թ. փետրվարի 18-ը նման ժողովրդային ցասումի պատճառ չհանդիսանա:

Անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերն անկեղծ լինեն նախ իրենք իրենց հետ, ապա` ժողովրդի հետ` ներկայացնելու այն տեսլականը, որ ունեն մեր ժողովրդի եւ հայրենիքի համար: Անհրաժեշտ է այդ տեսլականը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ոչ միայն այսօրվա դժվարություններին դիմակայել, այլ նաեւ պատրաստ լինի վաղվա մարտահրավերներին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության կառույցների վերլուծությունները խոսում են այն մասին, որ մինչեւ 2030 թվականը, այսինքն` վաղը, հավանական է, որ վտանգվի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը այն երկրների շարքում է, որտեղ հակառակ նյութական որոշ զարգացումներին, պետական ղեկավարման գործում ժողովրդավարության դեֆիցիտը սպառնում է այդ պետությունների կայունությանը: Հայաստանի Հանրապետությունը պետք է, որպես համայն հայության հայրենիք, համայն հայության համախումբ ճիգերով հզոր պետություն, պատրաստ լինի այս շատ հավանական մարտահրավերներին:

Դաշնակցության համար ազգային թղթածրարը ամբողջական եւ փոխլրացնող էություն ունի: Այդ թղթածրարի բաղկացուցիչ հիմնախնդիրներն են.-
– Արցախյան հիմնահարց,
– Ջավախահայության իրավունքների պաշտպանություն,
– Հայոց Ցեղասպանության ճանաչման, հատուցման եւ հայ ժողովրդի ու Հայաստանի իրավունքների համար պայքարի եւ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների հոլովույթ:

Անկախ նրանից, թե ինչ ուղղություն է ազգային թղթածրարը հետապնդում, այն ուղղված է հայկական ներուժի համախմբմանն ու մեծացմանը եւ ՀՅԴ-ի համար հավասարապես առաջնահերթություն ունի: Միայն այս հիմնախնդիրների ռազմավարական բնույթի գիտակցումով է հնարավոր պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի ամբողջական իրավունքները:

Անթույլատրելի է հիշյալ երեք հիմնախնդիրների ստորադասումը մեկը մյուսին կամ թյուր պատկերացումը, թե մի ուղղության զիջումով հնարավոր է հաջողություն արձանագրել մյուս առաջնահերթություններում: Այս առումով, հատկապես ուսանելի էր վերջին 3-4 տարիների հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված փորձը:

1990-ականների սկզբից ի վեր` ՀՅԴ-ն այս ամենի հաշվառմամբ էր, որ Հայաստանում եւ Սփյուռքում իր գործունեության առանցքային ուղղության վերածեց թուրքական ճնշման հակակշռումը` պայքարելով ինչպես հայկական իրականության մեջ առկա պարտվողական եւ ազգային միասնական շահի գերակայությունը ստորադասող քաղաքական ուղղությունների, այնպես էլ օտար հակահայ քաղաքական եւ քարոզչական հզոր ճնշման դեմ: Մեր հակառակորդները, փորձելով հարվածել ՀՅԴ-ին, հաճախ փորձեցին եւ փորձում են ներկայացնել կուսակցությունն իբրեւ ծայրահեղ քաղաքական ուժ, որն իր կեցվածքներով մերժում է հարեւանների հետ հարաբերության, լուծումների որոնման ցանկացած փորձ:

Հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների առաջին իսկ օրերից Դաշնակցությունն իր քաղաքականությամբ, բազմաթիվ հայտարարություններով ձեւավորեց մեր սկզբունքային դիրքորոշումը թուրքական հայտնի նախապայմաններին: Վերջինս ամփոփվում է առաջնահերթ հետեւյալ հաստատումներով.

– Իբրեւ հարեւան պետություններ` Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պետք է քայլեր ձեռնարկեն հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ: Սակայն, երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն: Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:

– ՀՀ-ի կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման առաջարկն արդեն իսկ մեծագույն զիջում է:

– Անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության` ինքնիշխան եւ կենսունակ լինելության ու սերունդների` ազգային-պետական իրավունքների հաշվին:

– Հայաստան-Թուրքիա 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացքը կասեցնելու մասին ՀՀ նախագահի որոշումը դրական նկատելով հանդերձ` մեր մտահոգությունները չեն փարատվում, որովհետեւ հարցը կարող է անակնկալ եւ հանկարծակի կերպով կրկին սեղանի վրա գալ: Առ այդ, մենք շարունակում ենք դեմ արտահայտվել Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների ստորագրված տարբերակի վավերացմանը եւ պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը իր ստորագրությունը հետ վերցնի:

Հայաստան-Թուրքիա իրավական սահմանին հիմք ընդունելով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը` Դաշնակցությունն արդեն նախաձեռնել է Թուրքիայից մեր հավաքական իրավունքների ձեռքբերման հնարավորությունների մասին ուսումնասիրություններ: Առաջիկա ամիսներին մեր ժողովուրդը հնարավորություն կունենա ավելի մոտիկից ծանոթանալու այս ուսումնասիրություններին եւ արտահայտելու իր տեսակետը նրանցում առաջ քաշվող հարցերի մասին:

Սիրելի ներկաներ, այո, չի կարելի չանդրադառնալ Սիրիայում ընթացող ռազմական իրադարձություններում հայտնված մեր սիրիահայ համայնքին: Շատերը փորձում են մեղադրել ոմանց, հատկապես Դաշնակցությանը, որ միջոցներ չի ձեռնարկել եւ կամ չի ձեռնարկում` հայ համայնքին Սիրիայից դուրս բերելու: Իրականության հետ մի քիչ շփված մարդու համար պարզ է, որ նման նպատակ` եթե լինի անգամ, այն իրագործելի չէր երեկ, իրագործելի չէ նաեւ այսօր: Այսօրվա համար մեկ խնդիրը Սիրիայի հայության անվտանգությունն ու գոյությունն ապահովելն է: Սա չի նշանակել եւ չի նշանակում, որ պետք չէ աջակցել այն բոլոր սիրիահայերին, ովքեր ցանկանում են եւ կամ արդեն կարողացել են հասնել Հայաստան, ներառյալ` Արցախ, եւ ուզում են այստեղ մշտական կամ ժամանակավոր ապրել: Ընդհակառակը: Սակայն, միաժամանակ, երբեք չի կարելի ուշադրությունը շեղել Սիրիայում այսօր հայության անվտանգության խնդիրներից:

Սիրելինե՛ր,

Այսօր` իսկապես որ շատ են մեր դիմագրաված վտանգներն ու մարտահրավերները: Նրանք բազմատեսակ են: Երբեմն նույնիսկ` անհաղթահարելի թվացող: Բայց, մեր պատմությունը վկա, մեր ժողովուրդը շատ ավելի ծանր ու դժվարին օրեր կարողացել է հաղթահարել շատ ավելի նվազ հնարավորություններով: Այսօր, ունենք անկախ հայրենի պետություն, ունենք ազատագրված Արցախ եւ ունենք քաղաքականապես կազմակերպված ու առավել եւս կազմակերպվող Սփյուռք: Այս բոլորը, բոլոր վտանգներով հանդերձ, մեզ տալիս են հիմք, որ ճի՛շտ ուղղությամբ, ճի՛շտ քայլերի պարագայում մենք կլինենք ճի՛շտ ուղու վրա, ճի՛շտ ճանապարհին` դեպի ամբողջական հայությամբ ամբողջական, ազատ ու անկախ հայրենիքի կերտում:

Շնորհակալություն:

ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

DavitIshkhanyan-5

Գերաշնորհ Սրբազան Հայր, մեծարգո նախագահ Ազգային Ժողովի, պետական այրեր, հարգելի հյուրեր, սիրելի ընկերներ:

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը 122 տարեկան է: Ուզում եմ առիթը օգտագործել` Ձեզ և մեր ժողովրդին շնորհավորելու այդ կապակցությամբ:

Հայրենիք և պետություն, ազգ և ժողովուրդ, ազատություն և անկախություն` ահա այն արժեքները, որոնց դավանումով ձևավորվեց, գործեց ու այսօր էլ իր երթն է շարունակում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:

Մենք ապագայի կուսակցություն ենք:

Դա կարող է ասել դաշնակցական յուրաքանչյուր ընկեր` հիմք ունենալով մեր անցած ուղին և ձեռք բերած վաստակը:

Այսպես կարող է ասել ու նաև մեկնաբանել յուրաքանչյուր կուսակցական գործիչ, ով շատ թե քիչ ունի քաղաքական անցած ճանապարհ:

Այսպես կարող են բարձրաձայնել մերօրյա նորաստեղծ կուսակցությունները, որոնց ապագան բացառապես կախված է տվյալ շրջանի քաղաքական կացությունից, իսկ հաճախ էլ` պայմանավորված իրենց զբաղեցրած դիրքերից: Նման կուսակցությունների ասածը չունի հարկ եղած կշիռը` լրջությամբ ընկալվելու համար: Խոսքս ուղղված չէ նրանց, ովքեր ունեն գաղափարական հենքի վրա ձևավորված ամուր կառույց, որի նպատակը թղթի վրա ձևակերպված լոզունգային բանաձևեր և կանոնագրային կետեր չեն, այլ նպատակին հասնելու քաղաքական ու քաղաքակիրթ, ազգային շահեր հետապնդող պայքարի տեսլականներ:

Մենք Դաշնակցություն ենք, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, կուսակցություն, որն ունի հատուկ նպատակ, նկարագիր, գործելաոճ և կարգապահ կառույց: Մենք Դաշնակցություն ենք` ոչ թե այդ անունը մեր ուսերին ձևականորեն կրելու, այլ ժողովրդին առաջնորդելու և առաջ շարժելու, թեկուզև քայլ առ քայլ, բայց հստակ օրակարգով ու սկզբունքներով: Մենք կուսակցություն ենք, ոչ թե ՙպարտիա՚ կոչվելու և մանկամիտ քաղաքական խաղերի մեջ մտնելու, այլ ազգային ու պետական շահեր հետապնդելու` այդ նպատակին հասնելու հանձնառությամբ: Մենք կաղապարված չենք ՙկուսակցամոլության՚ եզրույթի մեջ, մենք պարզապես Դաշնակցություն ենք` հայտնի հայության շրջանակներում և համաշխարհային հանրության մեջ, հայտնի 122-ամյա պատմությամբ ու նկարագրով, հայտնի Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի կերտման գաղափարներով:

Մենք ապագայի կուսակցություն ենք:

Այս տեսլականով դեռևս 122 տարի առաջ ձևավորվեց Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Այդ գաղափարով էր տոգորված ամեն մի դաշնակցական, երբ Արևմտահայաստանի ազատագրումը օրակարգի առաջին հորիզոնականում էր, այդպես էին մտածում և գործում բոլոր այն նվիրյալները, երբ կերտեցին Հայաստանի Առաջին հանրապետությունը, այդ ոգին է գործում սփյուռքում, ուր հայապահպանությունը հայրենիքից հեռու դարձել է անհրաժեշտություն` հանուն Հայաստանի, Անկախ Հայաստանի: Այդպես է և այսօր, երբ Անկախ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է կերտել ամբողջական և միացյալ Հայաստան: Սա է մեր ապագան: Փոխվում են ժամանակները, փոխվում են նպատակին հասնելու միջոցներն ու մեթոդները, բայց անփոփոխ են այն արժեքները, որոնք դիտարկվում են նպատակային:

Արդեն իսկ ավանդույթ դարձած` Դաշնակցության օրվա տոնակատարությունները ՀՅԴ-ին առիթ են տալիս ներկայացնելու իր արածն ու չարածը:

Այս յուրահատուկ հաշետվությունները չեն առնչվում միայն տվյալ շրջանի ՀՅԴ կառույցի գործունեությանը: Կազմակերպական առումով` ապակենտրոն մեր կուսակցությունն ունի գաղափարական կենտրոնացում, ըստ այդմ էլ կա նաև միասնական պատասխանատվության հասկացողություն: Ուրեմն, ամեն մի կատարածի ու չկատարածի համար Դաշնակցությունն ունի հավաքական պատասխանատվություն:

Ներհայկական քաղաքական ներկապնակի մեջ վերջին 20 տարում իր ուրույն տեղն է ունեցել և այսօր էլ ունի Արցախը: Մենք վստահ ենք, որ Արցախում ծավալվող յուրաքանչյուր գործընթաց միջազգային շահագրգիռ կենտրոնների ուշադրությունից չի վրիպում: Ուրեմն, մեր հաշվետվության բաժինը չի սահմանափակվում միայն մեր ժողովրդի դատին այն ներկայացնելով:

Վերջին տարիներին ներքաղաքական կյանքում նկատելի էր ՀՅԴ կառույցի նկատմամբ որոշ նկրտումներ` փորձելով նրան ներքաշել քաղաքական այս կամ այն գործընթացների մեջ, ձգտելով նրան տալ պարտավորված ուղղություն և դարձնելով թիրախ: Այս նկրտումները հատկապես թափ առան ԼՂՀ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ: Բոլորիս համար պարզ իրավիճակ էր ստեղծված` իր հետագա բարդույթներով: Այս անգամ ևս ինչ-որ ուժեր փորձեցին ՀՅԴ-ին թիրախ դարձնել: Հանուն ճշմարտության` պետք է խոստովանել, որ այն մասամբ հաջողվեց: Սակայն այսօր հստակորեն և վճռականությամբ, նաև պատասխանատվությամբ մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Դաշնակցության երթն անկասելի է: ԼՂՀ նախագահական ընտրություններին ՀՅԴ Արցախի կառույցի կայացրած քաղաքական որոշումը բխում էր ոչ թե զգացական, շահադիտական կամ որևէ սպասվելիք աթոռի ի խնդիր, այլ` ելնելով համազգային շահերից, մեր ժողովրդի և մեր պետականության շահերից:

Դաշնակցությունը տուրք չտվեց զգացմունքային, պահի տակ կայացվող որոշմանը: Դաշնակցությունը կշռադատեց և որոշեց` գիտակցելով, որ դառնալու է քննադատությունների թիրախ:

Այդ որոշումը կայացավ մի պարզ պատճառով` Հայ Դատի հիմնախնդիրների ու համահայկական հարցերի ուղղությամբ ծավալվող պայքարում Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու ԼՂՀ-ն բնական դաշնակիցներ են:

Այդ` դաշնակից լինելու հանգամանքը մեր և աշխարհի համար վաղուց պարզ է և ակնհայտ: Դեռևս 2009 թ. Դաշնակցության նախաձեռնությամբ և ԼՂՀ նախագահի հովանավորությամբ Ստեփանակերտում կայացած ԼՂՀ հիմնահարցին և Հայաստան- Թուրքիա հարաբերություններին նվիրված խորհրդաժողովը, նախքան տխրահռչակ արձանագրությունների ստորագրումը, վկան են դրան: Իսկ վերջերս` ՙՀայ Դատ՚-ի հանձնախմբերի աշխատանքների շնորհիվ Ուրուգվայի ԱԺ նախագահի այցը: Եվ դեռ աշխատանքները շարունակվում են` Ավստրալիա, ԱՄՆ և այլուր:

Բնական դաշնակից լինելը, սակայն, առաջացնում են պարտավորություններ: Մեր պատկերացումներով` գլխավոր նախապայմանը բարոյականության սկզբունքի վրա հիմնված երկկողմ անկեղծությունն է, այն, որ այսօր ակնկալում ենք ԼՂՀ իշխանություններից, և այն, որ մենք պարտավոր ենք կիրառել հանուն Դաշնակցության:
Մենք ապագայի կուսակցություն ենք:

Մենք պատրաստ ենք հանուն Արցախի ապագայի, հանուն մեր զավակների և մեր ժողովրդի բարօրության ստանձնել նաև պատասխանատվություն Արցախի ներքին կառավարման համակարգում: Մենք առիթ չենք տվել կասկածելու մեր անկեղծությանը` նաև այս ասպարեզում: Արցախի ժողովուրդը չի մոռացել և չի կարող մոռանալ դժվար օրերին, պատերազմի դաշտում իր կողքին ամուր կանգնած Դաշնակցությանը, չի կարող ուրանալ` դա հնարավոր չէ: Իսկ այժմ մենք պատրաստ ենք նույն ոգով կրելու պատասխանատվություն երկրի զարգացման ուղղությամբ` մեր հնարավորն ու անհնարը ներդնելով հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի և մեր հայրենիքի զարգացման ու մեր կայացած պետության կատարելագործման:

Մենք գիտակցումով այսօր էլ կրում ենք այդ պատասխանատվության մի բաժինը` պատրաստակամությամբ այն ընդլայնելու:

Մեր հայրենիքի ապագան չի կարող այլ ուղի ունենալ, բացի Հայ Հեղափոխական Դաշնակցության ծրագրում նշված տեսլականներից ու նպատակներից:

Ահա թե ինչու ենք մենք ապագայի կուսակցություն:

ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

AshotGhulyanՀանդիսավոր միջոցառման հարգարժան մասնակիցներ, հարգելի դաշնակցականներ, գործընկերներ, սիրելի հայրենակիցներ

Պատիվ ունեմ ԼՂՀ իշխանության անունից ողջունել ձեզ բոլորիդ և շնորհավորել Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը հերթական տարեդարձի` 122-ամյակի կապակցությամբ: Մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ հանրային քաղաքական կյանքի կազմակերպվածության մեկնակետը սկսվում է 19-րդ դարի վերջերից, այն պահից, երբ որ պատմության մեջ ազդարարվեց նաև Հայ Հեղափոխական Դաշնակցության մուտքը: Եվ մեկ դարից ավելի այս տարեգրության ընթացքում ՀՅԴ-ն ճաշակել է նաև բազում զրկանքներ, դժվարություններ, և կարելի է ուղիղ համեմատական անցկացնել մեր ժողովրդի պատմության այն դժվարին հատվածների, բայց նաև հաջողությունների ու հաղթանակների և ՀՅԴ տարեգրության միջև:

Եթե փորձենք մեր այս նույն մեծ պատմության մեջ տարբերակել, թե ինչպիսի լուրջ փորձություններ են եղել, որի մասնակիցը եղել է նաև ՀՅԴ-ն, ապա միանշանակ դա 19-րդ դարավերջի և 20-րդ դարավերջի ազատագրական պայքարի կետերն են` մեծամասամբ Արևմտյան Հայաստանում, Ցեղասպանության արհավիրքը և տեղահանությունը, Հայաստանի առաջին Հանրապետությունը, հետո էլ ՀՅԴ տեղափոխումը, ավելի շատ Սփյուռքում նրա գործունեության ծավալումը և, ի վերջո, հայոց անկախ պետականության ստեղծումից հետո Դաշնակցության վերադարձը հայրենիք: Կարծում եմ` այս բոլոր կետերում էլ Դաշնակցությունը կարողացել է պահել իր սկզբունքայնությունը, որովհետև գաղափարաբանական ամուր հենք է եղել, եղել է սկզբունքայնություն ու նաև մի շատ կարևոր առանձնահատկություն մեր քաղաքական դաշտում, որը հատկապես Դաշնակցությանն է երևի հատուկ` դա դաշնակցականների նվիրվածությունն է:

Կարծում եմ` մարդիկ, ովքեր տարիներ շարունակ և տարիներ առաջ երդում են տվել` ընդունվելով Դաշնակցության շարքերը, կարողացել են մինչև իրենց կյանքի վերջը ճիշտ պահել այն արժեքային համակարգը, հանուն որի նրանք երդվել են: Եվ, նույնիսկ գործելով հայրենիքից դուրս, Սփյուռքում Դաշնակցությունը մի շարք կարևոր առաքելություններ է ստանձնել. հայապահպանության գործը` տարբեր երկրներում ստեղծելով քաղաքական, կրթական, մշակութային, մարզական տարբեր կառույցներ: Երբ որ անկախություն է հռչակվել հայրենիքում` Դաշնակցությունը կարողացել է ուղորդել այդ կառույցներին դեպի հայրենիք, և մենք, այսօր էլ, Արցախում և Հայաստանում զգում ենք այդ կառույցների ամենօրյա և մշտական աջակցությունը: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ում ՀՅԴ գործունեությանը` ապա վստահ եմ, որ այս դահլիճին պետք չէ բացատրել, որ մեր ազգային ազատագրական պայքարի հենց առաջին օրերից իսկապես Դաշնակցությունն իր ամբողջ ներուժով ոչ միայն մասնակցեց, ոչ միայն մեր ազատամարտի անմիջական մասնակիցը եղավ, այլև կարողացավ դրան զուգահեռ տանել քաղաքական այն պայքարը, որն այսօր էլ շարունակվում է:

Կարծում եմ` Արցախի անկախությունից ի վեր, հատկապես վերջին տարիներին Արցախի իշխանությունների և ՀՅԴ փոխգործակցությունը խոսում է այն մեծ վստահության պաշարի մասին, որ հաստատվել է այսօր, կա, և վստահ եմ, որ վաղն էլ լինելու է: ԱԺ մեր գործընկերների այս տարիների փոխգործակցությունը նույնպես դրա վառ արտահայտությունն է, և ես ուզում եմ այս ամբիոնից նաև հայտարարել, որ մարդիկ, որոնք ներկայացնում են ՀՅԴ ԱԺ խմբակցությունը, ոչ միայն այսօր, երեկ էլ այդպես է եղել, բայց այսօր առավել ևս շատ հստակ պատկերացում ունեն, որ իրենք մասնակից են մի մեծ քաղաքական, գաղափարաբանական առաքելության, և դա վերաբերում է Արցախի ներքին ու արտաքին քաղաքականության ձևավորմանը, նաև դրա իրագործմանը:

Ես ուզում եմ խոսքս ավարտել նորից շնորհավորանքով, և կարծում եմ, որ Դաշնակցությունը շատ մեծ ու հարուստ անցյալ ունի, բայց Դաշնակցությունը անցյալի կուսակցություն չէ, Դաշնակցությունը ապագայի կուսակցություն է: Մեզ բոլորիս հույս ու հավատ է ներշնչում, որ Արցախի անկախ պետականության այս` դեռեւս սպասվող մեծ ճանապարհին մենք լինելու ենք մշտական ուղեկիցներ: Շնորհակալություն:

ԱՐՑԱԽԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԵՒ «ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 122 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱՏՑՈՒԹՅԱՄԲ

ArtsakhPM-Harutyunyan«Ազատ Հայրենիք» կուսակցության Կենտրոնական խորհրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության բոլոր անդամներին` պատկառելի տոնի` հիմնադրման հարյուր քսաներկու ամյակի առթիվ:

Քաղաքական կուսակցությունները պետության այն կարևոր ինստիտուտներից են, առանց որոնց, գրեթե անհնար է պատկերացնել արդի ժողովրդավարական պետությունը:
Կայացած բազմակուսակցական դաշտը, վերջիններիս միջև քաղաքակիրթ հարաբերությունները` երկրի առջև ծառացած ներքին և արտաքին խնդիրները լուծելու ճանապարհին, կարևոր նախապայման են: Թերևս, հենց կուսակցության միջոցով է հնարավոր` քաղաքական, տնտեսական ու սոցիալական գործունեության հնարավորինս արդյունավետ իրագործումը:

«Հայ հեղափոխական դաշնակցությունը», իր հիմնադրման ժամանակներից առ այսօր վերանորոգ ուխտով շարունակում է հիմնադիրների կողմից ընտրած գաղափարական ուղին, որը հատկապես ընդգծվեց հետեղեռնյան ժամանակաշրջանում` դառնալով ազգապահպանման հիմնարար կռան: Հարյուր քսաներկու ամյա կուսակցական ճանապարհին ՀՅԴ-ն ամենատարբեր քաղաքական ճգնաժամային կացությունների դեպքում միշտ էլ ընդունել է կուսակցության գաղափարախոսությանը հարիր որոշումներ:

Կուսակցության կազմում եղել են ազգային-հասարակական, քաղաքական այնպիսի հմուտ գործիչներ, ովքեր Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման առաքելության անմիջական մասնակցություն են ցուցաբերել` արհամարելով ժամանակի, մեղմ ասած, ոչ հեշտ քաղաքական ու տնտեսական բոլոր իրողությունները:

Անուրանալի է Սփյուռքում հայապահպանության, Հայ Դատի միջազգային ճանաչման և ղարաբաղյան շարժման գործում ՀՅԴ ցուցաբերած գործուն մասնակցությունը: Իսկ Արցախի նորանկախ հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում կուսակցության կողմից ներգրավված միջոցները դրվատանքի են արժանի:

ՀՅԴ կուսակցության ապագայի տեսիլականը` «Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի» գաղափարը, հուսանք, վերջապես կիրագործվի համատեղ ջանքերի շնորհիվ, որում, անկասկած իր ներդրումը պիտի ունենա Հայ հեղափոխական դաշնակցությունը:

«ԱՊԱՌԱԺ»

Տպել Տպել