- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մոտ ժամանակներս բանակցային գործընթացում տեղաշարժ չի լինի

[1]Փակուղում գտնվող բանակցություններից որևէ տեղաշարժ չկա, այո համանախագահների կողմից կան պրպտումներ, ձգտումներ բանակցային գործընթացը վերսկսելու, բայց ակնհայտ է, որ վիճակն անփոփոխ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀ նոր իշխանություններին 100 օրվա ընթացքում հաջողվե՞լ է փակուղում գտնվող բանակցություններում որևէ տեղաշարժ արձանագրել:

«Արդեն իսկ վերջին ամիսներին նկատվող լարվածությունը, կուտակումները առաջնագծում մեզ հուշում են, որ մոտ ժամանակներս բանակցային գործընթացում որևէ գործնական քայլ, դրական տեղաշարժեր տեղի չեն ունենա»,-շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք դիրքորոշման մեղմացո՞ւմ է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին հայտարարել էր, որ Արցախը պիտի լինի բանակցային կողմ, իսկ վերջերս նշել է, որ Արցախը բանակցությունների սեղանին պետք է լինի բանակցային վերջին փուլում, ինչպես նշվում է փաստաթղթերի մեջ, Դավիթ Իշխանյանն ասաց.

«Արցախյան կողմը պաշտոնապես և ոչ պաշտոնապես միշտ էլ բարձրաձայնել է Արցախի լիիրավ մասնակից լինելու հանգամանքը, անհարժեշտությունը:

Առանց Արցախի, Արցախի լիարժեք մասնակցության և մեր կողմի քննարկումների, չենք կարծում, որ բանակցային գործընթացում առաջընթաց տեղի ունենա: Այնուհանդերձ, սեղանին դրված փաստաթղթերն անընդունելի են արցախյան կողմի համար: Տարբեր առիթներով հրապարակավ ներկայացրել ենք, որ Մադրիդյան սկզբունքներով առաջնորդվելու որևէ նախադրյալ և անհրաժեշտություն չունենք: Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են, չեն կարող ապահովել այն լիրաժեք անվտանգությունը և պայմանները, որ ստեղծել է Արցախի ժողովուրդը՝ 1991 թ. համաժողովրդական հանրաքվեով և անկախության հռչակմամբ իր կամարտահայտությունը ներկայացնելով»:

Դավիթ Իշխանյանը հիշեցրեց, որ ՀՀ նոր իշխանությունները 100-օրյա պաշտոնավարման ժամանակահատվածում դեռևս միայն հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները՝ վարչապետների մակարդակով:

ԱՀ պատգամավորն ընդգծեց, որ կցանկանար ձեռնպահ մնալ ՀՀ նոր իշխանությունների 100-օրյա պաշտոնավարման վերաբերյալ ընդգրկուն տեսակետ ներկայացնելուց, քանի որ կարելի է անդրադառնալ նաև ներքաղաքական, ներքին կյանքին առնչվող հիմնախնդիրներին, ինչը գուցե արցախյան կողմի ընդհանուր մեկնաբանություններ և գնահատականներ տալու հարց չէ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՌԴ-ի հետ հարաբերություները կարո՞ղ են ազդել արցախյան հիմնախնդրի, ՀՀ-ի և ԱՀ-ի անվտանգության վրա, երեկ այդ մասին խոսել էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ասելով, որ ՌԴ-ի հետ այդպես չեն խոսում, նման սխալների գինը շատ ծանր է՝ Դավիթ Իշխանյանն ասաց.

«Պիտի փորձեմ այստեղ մատնանշել ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի կողմից արված մի քանի հայտարարություններ, նաև պաշտոնական տեսակետներ, այդ թվում՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ընդհանուր տեսակետները՝ մտահոգությունների առումով: Ունենք մտահոգություններ ընդհանուր զարգացումների մեջ և ներքաղաքական կյանքում իրադարձությունների հետ կապված, նաև արտաքին ճակատում տեղի ունեցող անցուդարձերի շուրջ: Այդ մտահոգությունները, բնականաբար, նաև առնչվում են ՌԴ-ի հետ հարաբերություններին և մեր արտաքին ընդհանուր քաղաքականությանը: Ոչ միայն ՌԴ-ի հետ կապված մտահոգություններ կան, այլ ընդհանուր ճակատում որոշակի խոչընդոտների նաև դժվարությունների հաղթահարման հետ կապված: Ղարաբաղի հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում է, այստեղ շատ կարևոր է նաև համանախագահող մյուս երկրների դիրքորոշումների և տեսակետների վերջնական ձևավորումը, ձևակերպումը: Այդ իսկ առումով կան մտահոգություններ մեր անվտանգության հիմնախնդիրների և ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված»,-եզրափակեց նա:

Անի Գեւորգյան