Ավարտվեց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը

Օգոստոսի 14-19-ը Աղավնաձորում կայացավ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը, որը նվիրված էր Արցախյան շարժման երեսուն ամյակին և կրում էր «Հանուն Արցախի, ի փառս հայրենիքի» կարգախոսը:

Հինգ օր տևած բանակումի ընթացքում, ընկերական ջերմ մթնոլորտում, դաշնակցական երիտասարդներն ու կուսակցության համակիրները քննարկեցին արդիական հարցերի լայն շրջանակ, որտեղ շոշափվում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ընթացիկ իրավիճակը, արցախյան հիմնախնդիրը, սփյուռքում հայկական լոբբին, ՀՅ Դաշնակցության ծրագրային և կանոնագրային առաջնահերթությունները, ինչպես նաև մեդիամանիպուլյացիոն մեխանզմների կիրառման հարցը քաղաքական գործընթացներում:

Ընկերական ջերմ մթնոլորտում, ըստ քաղաքական գաղափարախոսությունների բաժանված խմբերը, վիճարկեցին հաղթող խմբի տիտղոսը, որն առաջիկայում կմեկնի Արցախ և բանակումի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կլրացնի նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումներում:

Բանակողները ընդգծեցին Հայաստանի Հանրապետության պատմության ներկա հանգրվանի բեկումնայնությունը և համոզմունք հայտնեցին, որ հասարակական դրական սպասումներն ու ժողովրդի լայն զանգվածների հույսն ու հավատը ոչ թե պետք է պարպվի ներքաղաքական անհանդուրժողականության վրա, այլ հիմք հանդիսանա առաջադեմ և արդիական հասարակության ու պետության կայացման համար:

yerkir.am

Տպել Տպել