- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության հարցերը

[1]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է 5-օրյա այցով Հայաստան ժամանած լիբանանյան պատվիրակությանը՝ Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին պետական պաշտոնյաներ Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի, էկոնոմիկայի և առևտրի, արդյունաբերության նախարարություններից, քաղաքապետեր, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։

Հանդիպումը նպատակ ուներ քննարկել երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդման և նոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ երկրից նման ներկայացուցչական կազմով պատիրակությանը՝ ընդգծելով, որ մշտապես պատրաստակամ են ներդրնել առավելագույն ջանքեր Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման գործում, որոնք կնպաստեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, ֆերմերների եկամուտների ավելացմանը։

Դեսպան Մայա Դաղերն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կլինի արդյունավետ։

Հանդիպման սկզբում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության վերջին տարիների աճի դինամիկան, զարգացման միտումներն ու ուղղությունները, կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունները, պետական օժանդակության ծրագրերը և այլն։

Այնուհետև կողմերի միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։ Մերձավոր Արևելքում կարտոֆիլի չիպսի արտադրության առաջատար «Դահեր գրուպ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում կարտոֆիլի մշակության և չիպսի գործարան հիմնելու հարցում՝ նպատակ ունենալով պատրաստի արտադրանքն արտահանել դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ։

Լիբանանցի գործարարները հետաքրքրվել են նաև Հայաստանում թունաքիմիկատների և պարարտանյութերի գրանցման ընթացակարգերին, անասնաբուժասանիտարի և բուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցերով։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին