Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերին:

Հանդիպմանը մասնակցել են. ԱՄՆ ՄԶԳ կողմից՝ հայաստանյան գրասենյակի Ծրագրերի մշակման բաժնի ղեկավար Նիկ Հիգինսը, Կայուն զարգացման բաժնի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը և տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Հայկանուշ Բագրատունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարության կողմից՝ նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը և Ալբերտ Բաբայանը, նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեկյանը և նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

Ողջունելով հյուրերին, Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ թիմին, ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար և նշել, որ չափազանց կարևորում է համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ:

Խոսելով գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատված» օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող ծրագրերի մասին, նախարար Մինասյանը անհրաժեշտ է համարել, որպեսզի այդ ծրագրերը մշտապես գտնվեն նախարարության, որպես դրանք համակարգող գերատեսչության, ուշադրության կենտրոնում: Նա շեշտել է այդ ծրագրերի արդյունքները չափելի դարձնելու մեխանիզմը գտնելու, դրանք համահարթեցնելու, դրանց արդյունավետությունը առավել բարձրացնելու կարևորությունը: Այս համատեքստում նախարարը նշել է նաև բիզնեսին պետական աջակցությունը ավելի շոշափելի դարձնելու անհրաժեշտության մասին և հույս հայտնել, որ դա հնարավոր կլինի անել նաև հետագա համագործակցության արդյունքում, միաժամանակ փաստելով, որ այդ ուղղությամբ արդեն իսկ նոր քայլեր են արվում, մասնավորապես՝ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների տեսքով, որոնք շոշափելիորեն կնվազեցնեն ՓՄՁ-ների բեռը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը փաստել է ԱՄՆ ՄԶԳ-ի և նախարարության երկարամյա ու արդյունավետ համագործակցությունը զբոսաշրջության և գյուղի տնտեսական զարգացման ոլորտներում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարին 2018թ. հունիսին մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնում Հայաստանի հաջող մասնակցության հարցում Զբոսաշրջության կոմիտեի ունեցած արժեքավոր ներդրման համար: Նա տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակում, «Իմ Հայաստան» նախագծի աջակցությամբ և Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ, Բոստոնում, Նյու Յորքում և Վաշինգթոնում տուրօպերատորների հետ կազմակերպված հանդիպումների ժամանակ ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և, որպես այդ աշխատանքի շարունակություն, ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվում է ամերիկյան տուրօպերատորների այցը Հայաստան:

Նախարար Մինասյանը գոհունակություն է հայտնել զբասաշրջության ոլորտում արդյունավետ փոխգործակցության և ԱՄՆ ՄԶԳ կողմից մեծածավալ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ Սմիթսոնյան փառատոնը կարող է Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները ներկայացնելու լավ մեխանիզմ դառնալ: Միևնույն ժամանակ նա փաստել է, որ մեր երկրի զբոսաշրջային առավելությունները լիարժեք չեն օգտագործվում՝ նշելով գաստրո և էկոտուրիզմը, գիտական, մշակութային և այլ՝ ավանդական և նոր ուղղություններ ու առաջարկել զբոսաշրջության պատասխանատուների հետ քննարկել այդ խնդիրները և զբոսաշրջության զարգացմանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր՝ օգտագործելով նաև Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվող հասարակական խորհրդի հարթակը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների, գերակա ուղղությունների և առաջնահերթությունների մասին: Արծվիկ Մինասյանը պատասխանել է Դեբորա Գրիսերին հետաքրքրող մի շարք հարցերի և, ամփոփելով խոսքը, նշել, որ տնտեսական քաղաքականության երկարաժամկետ նպատակն է ապահովել երկրի կայուն զարգացումը՝ ներառական տնտեսական աճը:

Հանդիպման ավարտին կողմերը, արժևորելով իրականացրած աշխատանքը, պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել ընթացիկ և առաջիկա նոր ծրագրերի արդյունավետությունը:

Տպել Տպել