Սևանի տարածաշրջանում առաջիկայում կիրականացվեն սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր

ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի և առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման մեկնարկին և իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը օգոստոսի 30-ին շրջայց կատարեց Սևան քաղաքի Գագարին, Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասեր, Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներ:

Գագարինում մարզպետը զրուցեց տեղի բնակիչների հետ, քննարկում ծավալեց թաղամասում իրականացվելի շինարարական ծրագրերի շուրջ:

«ՀՀ կառավարության կողմից ձեր թաղամասի համար կարևորագույն խնդիր է լուծվել: Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների համար մարզին հատկացված միջոցներով շուտով կվերանորոգվի թաղամասի մշակույթի տունը և նույն միջոցների հաշվին նաև՝ թաղամասի միջնակարգ դպրոցի տանիքը: Ուրախալի է նաև այն փաստը, որ դպրոցն ունի տնտեսված միջոց և դրա հաշվին հնարավոր կլինի վերանորոգել նաև դպրոցի ճաշարանը: Այս տարվա համար թերևս այսքանն է նախատեսված, սակայն փորձելու ենք ըստ առաջնահերթության, աշխատանքներն այստեղ դարձնել շարունակական»,- ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետը՝ մանկավարժական կոլեկտիվի հետ ունեցած զրույցի ընթացքում:
Սևանի թիվ 5 և 6 միջնակարգ դպրոցներում կատարած շրջայցի ընթացքում Իշխան Սաղաթելյանը խոսեց ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի մասին: Ըստ մարզպետի, նշված դպրոցներում շուտով կփոխվեն պատուհաններ, տանիք, կվերանորոգվեն մարզադահլիճներ, կկատարվեն ներքին հարդարման աշխատանքներ, կանցկացվեն ջեռուցման նոր համակարգեր:

«Շատ հրատապ խնդիր եմ համարում նաև Սևան քաղաքի Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերի անմխիթար վիճակում հայտնված ճանապարհների բարեկարգման հարցը, որը, հույս ունեմ, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում վերջնականապես լուծում կստանա»,- նշեց մարզպետը:

Սեմյոնովկա համայնքում Գեղարքունիքի մարզպետը նախ հանդիպում ունեցավ տեղի բնակիչների հետ: Վերջիններս ղեկավարին ներկայացրին իրենց մտահոգությունները՝ կապված կաթի մթերման գների, բերքի իրացման, հողի կատեգորիաների, դրանց կադաստրային արժեքների և գյուղատնտեսական նշանակության այլ թեմաների շուրջ:

Առանձին խնդիրների մարզպետը խոստացավ պատասխանել լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: Այստեղ մարզպետը խոսեց նաև համայնքում խմելու ջրագծի նոր արտաքին ցանց կառուցելու մասին: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ծրագիրը ներառված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում և շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

Իշխան Սաղաթելյանն այնուհետև եղավ Սեմյոնովկայի հիմնական դպրոցում, որտեղ, դպրոցի տնտեսված միջոցների հաշվին շուտով կկառուցվի ջեռուցման նոր համակարգ:

Ծովագյուղի ամբուլատորիայում Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ շենքային պայմաններին, որը մասնակի վերանորոգման անհրաժեշտություն ունի: Համայնքում կատարած շրջայցի ընթացքում մարզպետը ծանոթացավ նաև սուբվենցիոն ծրագրով ավարտին հասցված ասֆալտապատման աշխատանքներին: Ծովագյուղում Իշխան Սաղաթելյանը եղավ նաև այն տարածքում, որտեղ, դարձյալ սուբվենցիոն եղանակով, նախատեսվում է կառուցել կոյուղի:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք այցելել ենք մարզի 20 համայնքներ, որտեղ հանդիպել ենք բնակիչների հետ, ծանոթացել համայնքների զարգացման համար շատ կարևոր հիմնախնդիրների, դրանք ներկայացրել ենք ՀՀ կառավարություն և փորձել դրանց լուծման եղանակներ գտնել: Եվ ահա, ի պատիվ ՀՀ կառավարության, վերջին երկու երեք ամիսների ընթացքում մեր կողմից բարձրացված խնդիրները, ըստ առաջնահերթության լուծում են ստանում: Կոնկրետ Սևանի տարածաշրջանում համաֆինանսավորման սկզբունքով լուծում են ստացել բազմաթիվ սոցիալ-տնտեսական բնույթի ծրագրեր:
Հավելեմ նաև, որ ՀՀ կառավարություն, մարզպետարան, համայնք համատեղությամբ մարզի տարբեր տարածաշրջաններում ընթացքի մեջ են և առաջիկայում էլ կյանքի կկոչվեն նորանոր ծրագրեր»,- աշխատանքային այցի ամփոփման ընթացքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԱԵՏԱՐՆ

Տպել Տպել