Ռուսաստանի վրա կիրառված պատժամիջոցները մեզ վրա բացասական ազդեցություն չեն ունենա


Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կարծում է, թե Ռուսաստանի վրա կիրառված պատժամիջոցները մեզ վրա բացասական ազդեցություն չեն ունենա: «Եթե օրինակ՝ իտալական պանիր չի ներկրվում, այդ պանրի տեղը բաց է մնում, այն մենք կարող ենք արտահանել, և այդպես և լոլիկը, և խնձորը: Ինչպես ասում են` սուրբ տեղը դատարկ չի մնում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե երբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին ալիքն էր սկսվում, ՀՀ նախկին իշխանությունները ևս նշում էին, որ դրանից մենք կօգտվենք, սակայն փորձը ցույց տվեց, որ մեզ վրա նույնպես բացասական ազդեց, նախարարը ներկայացրեց ցուցանիշները, ըստ որի այս տարի օգոստոսի 30-ի դրությամբ կառավարությանը կից սննդի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով արտահանել ենք 116 հազար 417 տոննա պտուղ-բանջարեղեն, անցած տարի արտահանել ենք նույն ժամանակահատվածում դրությամբ՝ 71 հազար 639 տոննա:

«Միայն Ռուսաստան արտահանումները մոտավորապես 60 տոկոսով ավելացել են, թեև հիմա նաև բերքն է ավելացել: Ռուսական շուկան շատ մեծ է, և վերջերս հանդիպել ենք ռուսական խոշոր ցանցերի ղեկավարության հետ, և իրենք շատ հետաքրքրված են առաջնահերթ մեր միրգ, բանջարեղենով, տրադիցիոն ալկոհոլային խմիչքներով` կոնյակ, գինի»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է կոնյակի արտահանման հարցում խոչընդոտներ լինելուն, ապա Արթուր Խաչատրյանն ասաց, որ ամեն երկիր ունի իր չափորոշիչները: «Չես կարող ուրիշի եկեղեցի քո Սաղմոսագրքով գնալ: Ներքին շուկա է, և մարդիկ իրավունք ունեն դնել որոշակի տեխնիկական կանոնակարգեր»,-ասաց նա: Նա նաև նշեց, որ պետք է ունենանք մեր կանոնակարգը, և ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինն, ի թիվս այլ երկրի, տեխնիկական կանոնակարգին չբավարարելու պատճառով արգելել է որոշակի մսամթերքի ներկրում Ռուսաստանից:

Ընդհանուր առմամբ, նախարարն ասաց, որ գյուղատնտեսության զարգացումը կբերի դրան, որ արտահանումն էլ զարգանա: «Մեր տեղական շուկան հագեցած է պտուղ-բանջարեղենով, եթե միայն տեղական շուկան սպասարկի, ապա հող չի մշակվի, իսկ արտահանումը միակ փրկությունն է»,-ասաց նա և նշեց, որ անհիմն մեղադրանքներ են հնչում, թե արտահանման պատճառով են թանկացումները:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում իրավիճակ փոխվելուն՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ կառավարության գիծը երևում է պետական բյուջեում և կոչ արեց համեմատել 2017 թվականի պետական բյուջեն 2018 թվականին բյուջեի հետ` հասկանալու համար՝ ինչն է փոխվել: «Իհարկե, շատ լավ բաներ կան, որոնք մենք շարունակում ենք` կաթիլային ոռոգումը, ինտենսիվ այգիները, հակակարկտակայանային ցանցերը, վարկերից տոկոսադրույքների սուբսիդավորումը, լիզինգը և ավելացրել ենք կապիտալի սուբսիդավորումը, գյուղացիների վարկերի տոկոսադրույքները»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտը շատ պահպանողական է, և բնական է, որ իրենց քաղաքականությունը որոշակի տարբերություններ ունի նախորդի նկատմամբ: «Պետք է հաշվի առնել, որ ցանկացած տնտեսական քաղաքականություն արժեհամակարգի վրա է հիմնված, հիմա ես, ձախակողմյան լինելով, գտնում եմ, որ բարիքից հնարավոր շատ մարդ պետք է օգտվի, և պետք է թիրախավորել փոքրերերին, որ բարձրացնենք»,-ասաց նա:

Լիանա Առաքելյան

Տպել Տպել