Մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց

Արագածոտնի մարզում նշվեց Գիտելիքի օրը եւ տրվեց նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկը:

Տոնական օրը մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց եւ մասնակցեց հիմնանորոգված երկհարկանի մասնաշենքի բացման արարողությանը: Մարզպետը շնորհավորեց աշակերտներին եւ մանկավարժներին՝ նշելով, որ դպրոցի հիմնանորոգումը մարզի ղեկավարության առաջնային խնդիրներից էր, որն այսօր իրականություն է: Ավելի քան 600 աշակերտ ունեցող դպրոցն այժմ աշխատանքային լավագույն պայմաններ ունի: Հիմնանորոգումից բացի դպրոցը կահավորվել է, հագեցել համակարգչային տեխնիկայով:

Աշոտ Սիմոնյանը շնորհավորեց Գիտելիքի եւ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ ուսումնական տարին նոր հաջողություններ ու ձեռքբերումեր կբերի ինչպես այս, այնպես էլ մարզի բոլոր կրթօջախներին:

Սեպտեմբերի 1-ի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողություններ կազմակերպվեցին մարզի բոլոր կրթօջախներում: Մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուներն այցելեցին դպրոցներ, մասնակցեցին տոնական միջոցառումներին եւ փոխանցեցին Աշոտ Սիմոնյանի ողջույնի ուղերձը:

Դպրոցների դռները հյուրընկալորեն բացվեցին առաջին դասարանցիների առջեւ: Նախնական տվյալներով նրանց թիվն այս տարի 1860 է: Նոր ուսումնական տարում մարզում կգործի մարզպետարանի ենթակայության 117 հանրակրթական դպրոց, 1 հատուկ դպրոց, 1 մարզադպրոց, ՀՀ ԿԳՆ ենթակայության 3 ավագ դպրոց` Աշտարակ, Ապարան եւ Թալին քաղաքներում: Հանրակրթական դպրոցներում կձեւավորվի 1299 դասարան՝ 17294 աշակերտով, որից 60-ը կստանա ներառական կրթություն, նախակրթարան կհաճախի 642 երեխա:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել