Ճամբարակում և Շողակաթում կիրականացվեն սուբվենցիոն նոր ծրագրեր

Նոր ուսումնական տարվա մեկնարկին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Շողակաթ համայնքի Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ բնակավայրերի միջնակարգ դպրոցներ: Մարզպետը շնորհավորեց դպրոցականներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա և Նոր ուսումնական տարվա առթիվ: Դպրոցներում կատարած շրջայցի ընթացքում Իշխան Սաղաթելյանն արձանագրեց այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: Դրանք են՝ որոշ մանկավարժական կադրերի անհրաժեշտությունը, դպրոցների առանձին մասնաշենքերի, դահլիճների և մարզադահլիճների վերանորոգումը կամ կոսմետիկ հարդարումը, ջեռուցման համակարգի ապահովումը: Մարզպետը խոստացավ միջոցներ ձեռնարկել դրանց կարգավորման ուղղությամբ: Զրուցելով մանկավարժների հետ,Գեղարքունիքի մարզպետը հորդորեց նրանց դպրոցականներին օգնել նաև մասնագիտական կողմնորոշման հարցում, որպեսզի նրանք հետագայում կարողանան լուծել իրենց զբաղվածության խնդիրը:

Ջիլում Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ նաև կանադահայ բարերարի կողմից հիմնանորոգված մանկապարտեզի պայմաններին, կարևորեց ավելի քան 30 սանի համար նախատեսված կառույցի դերն այս բնակավայրի համար: Շողակաթ համայնքում Գեղարքունիքի մարզպետը խոսեց նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվելիք աշխատանքների մասին: «Ընդհանուր առմամբ Շողակաթ համայնքը զարգացման մեծ հեռանկարներ ունի: Արտանիշ բնակավայրում սուբվենցիոն եղանակով կառուցվում է հանդիսությունների սրահ, պետական աջակցությամբ և համայնքների համաֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվում նաև Շողակաթում և Դրախտիկում: Սակայն դրանց կողքին համայնքն ունի նաև լուրջ խնդիրներ: Վերանորոգման անհրաժեշտություն ունեն Ծափաթաղ, Ջիլ և Արտանիշ բնակավայրերի դպրոցները», – իր խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը:

Շողակաթի միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետը մասնակցեց 2018 թվականին Արցախի դիրքերում ծառայողական պարտքը կատարելիս զոհված Վաչե Չիլինգարյանի անունը կրող ռազմագիտության դասասենյակի, իսկ համայնքում՝ նրա կիսանդրու բացման հանդիսավոր արարողություններին:

Այնուհետև Իշխան Սաղաթելյանն այցելեց Վահան համայնք, որտեղ ծանոթացավ խաղահրապարակի կառուցման աշխատանքների ընթացքին: Վահան համայնքի պանթեոնին հարող ազատ տարածքն ընդամենը 2 ամիս առաջ գտնվում էր անբարեկարգ վիճակում, սակայն, տեղացի երեխաներն, այնուամենայնիվ այստեղ փորձում էին իրեց խաղն ու հետաքրքրությունները գտնել: Հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն իր ճանաչողական այցի ընթացքում խոստացել էր սեղմ ժամկետում նույն տարածքում վահանցի փոքրիկների համար խաղահրապարակ կառուցել: Այսօր արդեն շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Խաղահրապարակն կահավորվում է, կից կառուցվում է նաև վոլոյբոլի և մինի ֆուտբոլի դաշտ: Իսկ սեպտեմբերի 16-ից արդեն վահանցի մանուկներն, ինչպես խոստացել էր մարզպետը, կունենան ժամանցի և զվարճանքի վայր:

Վահանցիների հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետը տեղեկացրեց նաև , որ համայնքում այս տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրով կանցկացվի խմելու նոր ջրագիծ: Իշխան Սաղաթելյանը եղավ նաև Ճամբարակ համայնքում, դիտարկեց այն տարածքները, որտեղ ՀՀ կառավարության աջակցությամբ և համայնքի համաֆինանսավորմամբ կյանքի կկոչվեն համայնքային զարգացմանն ուղղված 6 ծրագրեր: Ծրագրերը՝ կառավարության կողմից արդեն հաստատվել են: «Ճամբարակի տարածքում սուբվենցիոն եղանակով իրականացվում են հսկայածավալ ծրագրեր, որոնք Ճամբարակի համար բավականին մեծ ձեռքբերում են վերջին տարիների կտրվածքով: Դրանց թվում են կոյուղու կառուցումը և խմելու ջրագծի անցկացումը, Ճամբարակի երկու փողոցների ասֆալտապատումը, համայնքի աղբավայրի և քաղաքային այգու տարածքի բարեկարգումը: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 133 մլն դրամ, որի գրեթե մի մասը համաֆինանսավորում է համայնքը: Կառավարության կողմից առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրով ևս այս տարածքում աշխատանքներ են իրականացվելու, որի համար մարզին հատկացված է 45 մլն դրամ: Այս ուղղությամբ ևս համայնքը ունի համաֆինանսավորում»,- նշեց մարզպետը: Գեղարքունիքի մարզպետը համոզված է, որ շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ:

«Մեր գերխնդիրը նաև այն է, որ այս տարվա ընթացքում նշված ծրագրերը ամբողջությամբ ավարտին հասցվեն: Ծրագիրը հաստատված է, նախագիծը կա, ծավալաթերթերը կան, մյուս շաբաթվա ընթացքում արդեն մրցույթ կհայտարարենք: Դեռևս երկու ամիս առաջ այս մասին ընդամենը պլանավորում էինք , իսկ այսօր արդեն ես կարող եմ շնորհավորել Ճամբարակի և Շողակաթի բնակիչներին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Տպել Տպել