- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սահմանադրական փոփոխությունների տարբերակը ենթադրում է ավելի բարդ ու դժվարին ճանապարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին Ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում կրկին անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների խնդրին, որոնց մասին նա առաջին անգամ խոսել էր օգոստոսի 17-ի հանրահավաքում։ Այդ փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովը պետք է կարողանա ինքնալուծարվել՝ առանց վարչապետի հրաժարականի։

«Հետևելով Հայաստանի քաղաքացիների տրամադրություններին՝ նրանք ուզում են, որ լինեն որոշակի երաշխիքներ, որ իրենք վարչապետի ենթադրվող հրաժարականից հետո նորից ստիպված չեն լինելու հեղափոխություն անել: Բնականաբար, ես կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի քաղաքացիները կանեն այդ հեղափոխությունը, բայց, նաև մարդկանց այս ուղերձը ընկալելով, կարծում եմ, որ մենք պետք է ունենանք երաշխիքներ, որ հակաժողովրդական գործընթացներ ձեռնարկելու փորձեր չեն արվելու»,- ասել է Փաշինյանը՝ նշելով 2 տարբերակ՝ կա՛մ սահմանադրական փոփոխություններ, կա՛մ խորհրդարանական ուժերն ուղղակի այդ մասին ստորագրեն համաձայնագիր։ Սակայն, ընդգծել է Փաշինյանը, համաձայնագիրը կարող է բավարար չթվալ հանրությանը, և հիմա նախապատրաստվում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը 168.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախ պետք է արձանագրել, որ ԱԺ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը և, ըստ էության, բոլոր պատգամավորական խմբակցությունները քվեարկել են կառավարության ծրագրի օգտին, որտեղ ամրագրված է, որ 1 տարվա ընթացքում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Ըստ էության՝ գործ ունենք քաղաքական կոնսենսուսի հետ։ Հետևաբար՝ կարծում ենք, որ քաղաքական այդ կոնսենսուսը նկատի ունենալով՝ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ համաձայնության հիման վրա։ Քանի դեռ այդ համաձայնությունը, այդ քվեարկությունը կասկածի տակ չի դրվել, և որևէ քաղաքական ուժ հրապարակավ չի հրաժարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալուց, գործող իրավակարգավորումների շրջանակներում սահմանադրական բարեփոխումների տարբերակը, կարծում ենք, վաղաժամկետ է քննարկման օրակարգ բերել։ Տեսականորեն չբացառելով նման հնարավորությունը ինքնին, կարծում ենք, որ այդ քվեարկությունից հետո որևէ իրողություն չի փոխվել»,- ասաց Ա. Համբարձումյանը։

Ըստ նրա՝ ընտրական օրենսդրության բարեփոխման ընթացքն էլ դրա վկայությունն է. «Քաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ չենք կարծում, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը ևս օգտակար կլինի»։

Թե ի՞նչն է Փաշինյանին կասկածի տեղիք տալիս, Ա.Համբարձումյանը պատասխանեց, որ եթե կան մտավախություններ, դրանց վերաբերյալ կարելի է քաղաքական ուժերի հետ նախաձեռնել քննարկումներ և փորձել դա վերածել նաև համաձայնության, եթե բուն քվեարկությունը, կառավարության գործունեության ծրագրին կողմ արտահայտվելը, որտեղ խոսվում է 1 տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, ենթադրվում է, որ կարող է մոտեցումների փոփոխություն արձանագրվել.

«Բայց գոնե մեր մոտեցումների մեջ որևէ փոփոխություն չի եղել, և այն փաստացի իրավիճակը, որ Հայաստանում ստեղծվել է, այդ դե ֆակտո իրավիճակը դե յուրե ամրագրելու և քաղաքական այս իրավիճակից դուրս գալու համար ամենալավ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Այստեղ 2 կարծիք լինել չի կարող։ Իսկ թե ինչ ճանապարհով, դա արդեն պետք է քննարկել, որովհետև սահմանադրական փոփոխությունների տարբերակը ենթադրում է ավելի բարդ ու դժվարին ճանապարհ»։

Դիտարկմանը, որ ԱԺ-ն կառավարության ծրագրին է հավանություն տվել, բայց հրաժարականի դեպքում այդ ծրագիրն էլ «զրոյանում» է, և ԱԺ-ն կարող է նոր վարչապետ ընտրել, Ա.Համբարձումյանը պատասխանեց.

«Դրա համար էլ ասում եմ՝ կարելի է նախաձեռնել համապատասխան քննարկումներ և փորձել դա ձևակերպել՝ նաև որպես համաձայնություն քաղաքական ուժերի, որոնք ներկայացված են ԱԺ-ում։ Եթե այդ տարբերակը չի հաջողվի, այսինքն՝ սպառված կհամարվեն մյուս ճանապարհները, այդ պարագայում նոր կարելի է անդրադառնալ նոր իրավակարգավորումներով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ճանապարհին։ Ամեն դեպքում, քանի դեռ նախագիծը որպես այդպիսին ներկայացված չի և համապատասխան հիմնավորումները ներկայացված չեն, չեմ կարծում, որ հավելյալ մեկնաբանությունների անհրաժեշտություն կա այսօր։ Երբ կլինեն, մեր տեսակետներն ու մոտեցումներն ավելի ամբողջական կներկայացնենք։

Մենք ընդամենը ելնում ենք այսօր այն իրողությունից, որ ըստ էության կա քաղաքական կոնսենսուս, որը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում գործող իրավակարգավորումների շրջանակներում, և չէինք ուզենա, որ վատ նախադեպ ստեղծվի քաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկելու, որովհետև այն մեղադրանքները, որ ժամանակին հնչեցվել են թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք, որ Սահմանադրությունները կարվել են գործող իշխանությունների հագով, մենք չէինք ուզենա, որ որևէ կերպ նման մեղադրանք հնչեցվեր օրվա իշխանությունների հասցեին»։